Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալած մանկական ուռուցքաբան, արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, Թորոսյանի հեռանալուց հետո իր դժգոհությունները ներկայացրեց: Թամամյանն օրեր առաջ հրաժարվել էր նախարարի խորհրդականի պաշտոնից:
Հիշեցնենք, Թորոսյանը երեկ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին ազատել է պաշտոնից: Նախարարը վստահեցնում է՝ Տանանյանը խոչընդոտել է այդ կենտրոնում միջազգային ներդրողին:

Թամամյանը հարցեր ուղղեց նախարարին. «Ինչպե՞ս էիք ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք ուռուցքաբանության ազգային կենտրոնին հերթագրել քաղցկեղով հիվանդներին: Այդ մասին երեկ հայտարարեց նաեւ ուռուցքաբանության նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը: Պարոն նախարար, տեղյա՞կ եք՝ ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ եք, որ այդ ամիսների ընթացքում, երբ հորդորել էիք հիվանդներին հերթագրել՝ քաղցկեղը տարածվելու ունակություն ունի եւ խլում է մարդկանց ապրելու վերջին շանսը: Տանանյանին աշխատանքից ազատելու մասին նախարարը նոր նշեց՝ խոչընդոտել է օտարերկրյա ներդրողներին: Տանանյանը երեկ ցույց տվեց ԱԱԾ-ի՝ 11 ամիս տեւած հետաքննության արդյունքները եւ պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել, ոչ մի վատնում եւ ոչ մի յուրացումչի եղել: Ավելին՝ հուլիսի 24-ին առողջապահության նախարարը ուղարկել էր վերլուծական՝ ուռուցքաբանական ազգային կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման եւ մասնագիտական լուրջ որակների: Այդ ի՞նչ եղավ մեկ ամսվա ընթացքում, որ կարծիքը փոխեց: 1,5 տարի ստուգումներ են եղել, ես որպես ուռուցքաբանության գծով խորհրդատու տեղյակ եմ եղել այդ ստուգումներից, չի հայտնաբերվել ոչ մի չարաշահում եւ յուրացում»:
Կարդացեք նաև
Իրանցի ներդրողին խոչընդոտելու մասին Թամամյանն ասաց, որ ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանը հրապարակել է փաստաթուղթ, որ ոչ մի խոչընդոտ չի եղել. «Ավելին, դրանից հետո պարոն նախարարը նույն ներդրողին հանձնել է շատ կարեւոր ոլորտ՝ ճառագայթային բժշկության, որն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար: Արդեն թող իրավապահները պարզեն, թե այնտեղ ինչ է կատարվել եւ ինչո՞ւ են մասնագետները հեռանում մասնավոր հատված՝ 1 բժիշկ, 2 լավագույն տեխնիկ եւ 1 ֆիզիկ: Ճառագայթային բժշկության համար դա նույնն է, որ գինեկոլոգիայից հեռանան 500 բժիշկ»:
Թամամյանը Թորոսյանի՝ բանակից ազատվելու մասին էլ հարց ուղղեց. «Նախարարը «կոլխոցինը» հանել թափահարում էր, մարդկանց մոտ հույզեր առաջացնում՝ ես հիվանդ տղա եմ, դրա համար բանակից ազատել են: Բանակում ծառայել է որպես բժիշկ, որպես «պիսր», գրագիր է ծառայել, Ստեփանակերտում, Գենշտաբում գրագրություն է արել: Ինձ բացատրեք՝ էդ ի՞նչ բարդություն է, որ դուք Ստեփանակերտում չեք կարում գրագրություն անել, Հայաստանում՝ կարում եք, եթե վերականգնվել եք՝ գնացեք ձեր 1 տարին ծառայեք: Էդ ո՞նց դոնորություն արեց»:
Մանրամասն՝ տեսանյութում
Թամամյանը պահանջեց Թորոսյանի հրաժարականը. «Մեզ նման առողջապահության նախարար պետք չէ, որն ատում է բոլոր կայացած բժիշկներին, ատում է հայ եկեղեցին, ով ստում է բոլորին, գնում է անկյուն է կանգնում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Թամամյանը վստահեցրեց՝ ինքը չի հավակնում նախարարի պաշտոնին:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































