Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Թամամյանը մեղադրանքներ է ներկայացնում Արսեն Թորոսյանին. «Մեզ նման նախարար պետք չէ, որն ատում է բոլոր կայացած բժիշկներին»

Սեպտեմբեր 03,2019 15:12

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալած մանկական ուռուցքաբան, արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, Թորոսյանի հեռանալուց հետո իր դժգոհությունները ներկայացրեց: Թամամյանն օրեր առաջ հրաժարվել էր նախարարի խորհրդականի պաշտոնից:

Հիշեցնենք, Թորոսյանը երեկ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին ազատել է պաշտոնից: Նախարարը վստահեցնում է՝ Տանանյանը խոչընդոտել է այդ կենտրոնում միջազգային ներդրողին:

Գեւորգ Թամամյանը արյունաբանական կենտրոնում հրավիրած ասուլիսի ժամանակ ներս մտավ եւ առաջարկեց ինքը հարցեր տա նախարարին, ինչից հետո Թորոսյանը հեռացավ, որից հետո Թամամյանը ներկայացրեց իր հարցերը լրագրողներին. «Ես՝ որպես ամեն օր քաղցկեղով հիվանդների հետ շփվող բժիշկ, հարցեր ունեի նախարարին, նա թողեց հեռացավ եւ անկյունում հարցազրույց էր տալիս: Նախարարին հարիր չէ անկյունը մտնել: Ես հիշում եմ մի դեպք, ով այդպես հեռացավ, ապրիլ ամսին նախկին նախագահն էլ այդպես հարցերից խուսափեց եւ հեռացավ»:

Թամամյանը հարցեր ուղղեց նախարարին. «Ինչպե՞ս էիք ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք ուռուցքաբանության ազգային կենտրոնին հերթագրել քաղցկեղով հիվանդներին: Այդ մասին երեկ հայտարարեց նաեւ ուռուցքաբանության նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը: Պարոն նախարար, տեղյա՞կ եք՝ ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ եք, որ այդ ամիսների ընթացքում, երբ հորդորել էիք հիվանդներին հերթագրել՝ քաղցկեղը տարածվելու ունակություն ունի եւ խլում է մարդկանց ապրելու վերջին շանսը: Տանանյանին աշխատանքից ազատելու մասին նախարարը նոր նշեց՝ խոչընդոտել է օտարերկրյա ներդրողներին: Տանանյանը երեկ ցույց տվեց ԱԱԾ-ի՝ 11 ամիս տեւած հետաքննության արդյունքները եւ պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել, ոչ մի վատնում եւ ոչ մի յուրացումչի եղել: Ավելին՝ հուլիսի 24-ին առողջապահության նախարարը ուղարկել էր վերլուծական՝ ուռուցքաբանական ազգային կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման եւ մասնագիտական լուրջ որակների: Այդ ի՞նչ եղավ մեկ ամսվա ընթացքում, որ կարծիքը փոխեց: 1,5 տարի ստուգումներ են եղել, ես որպես ուռուցքաբանության գծով խորհրդատու տեղյակ եմ եղել այդ ստուգումներից, չի հայտնաբերվել ոչ մի չարաշահում եւ յուրացում»:

Իրանցի ներդրողին խոչընդոտելու մասին Թամամյանն ասաց, որ ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանը հրապարակել է փաստաթուղթ, որ ոչ մի խոչընդոտ չի եղել. «Ավելին, դրանից հետո պարոն նախարարը նույն ներդրողին հանձնել է շատ կարեւոր ոլորտ՝ ճառագայթային բժշկության, որն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար: Արդեն թող իրավապահները պարզեն, թե այնտեղ ինչ է կատարվել եւ ինչո՞ւ են մասնագետները հեռանում մասնավոր հատված՝ 1 բժիշկ, 2 լավագույն տեխնիկ եւ 1 ֆիզիկ: Ճառագայթային բժշկության համար դա նույնն է, որ գինեկոլոգիայից հեռանան 500 բժիշկ»:

Թամամյանը Թորոսյանի՝ բանակից ազատվելու մասին էլ հարց ուղղեց. «Նախարարը «կոլխոցինը» հանել թափահարում էր, մարդկանց մոտ հույզեր առաջացնում՝ ես հիվանդ տղա եմ, դրա համար բանակից ազատել են: Բանակում ծառայել է որպես բժիշկ, որպես «պիսր», գրագիր է ծառայել, Ստեփանակերտում, Գենշտաբում գրագրություն է արել: Ինձ բացատրեք՝ էդ ի՞նչ բարդություն է, որ դուք Ստեփանակերտում չեք կարում գրագրություն անել, Հայաստանում՝ կարում եք, եթե վերականգնվել եք՝ գնացեք ձեր 1 տարին ծառայեք: Էդ ո՞նց դոնորություն արեց»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թամամյանը պահանջեց Թորոսյանի հրաժարականը. «Մեզ նման առողջապահության նախարար պետք չէ, որն ատում է բոլոր կայացած բժիշկներին, ատում է հայ եկեղեցին, ով ստում է բոլորին, գնում է անկյուն է կանգնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թամամյանը վստահեցրեց՝ ինքը չի հավակնում նախարարի պաշտոնին:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30