Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային փաստաթուղթ՝ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի մասին

Սեպտեմբեր 03,2019 14:27

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր արյունաբանական կենտրոնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալեց նույն կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը: Նա ներս մտավ դահլիճ, եւ Թորոսյանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց: Թորոսյանը լքեց դահլիճը, սակայն ուռուցքաբանական կենտրոնի տնօրենին պաշտոնից ազատելու մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ Տանանյանը խոչընդոտել է օտարերկրյա ներդրողի մուտքը տվյալ կենտրոն:

Ապա Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ եւ գրառում կատարել՝ ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ըստ այդ փաստաթղթերի, «Վարան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժում ծագած խնդիրների եւ ներդրումային ծրագրի զեկույցը, նշելով որ մոտ 3 տարի առաջ ընկերության տնօրեն Մոհամմադ Շահրամն այցելել է Հայաստան եւ տվյալ կենտրոն, ծանոթացել իրավիճակին եւ ցանկացել սարքավորումներով համալրելով խոշոր ներդրումներ կատարել: Տնօրենի ներկայացմամբ՝ ընկերների միջոցով ծանոթացել են կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի հետ, որոշվել է ընկերություն գրանցել եւ ներդրումները կատարել այդ ընկերության միջոցով:

Ընթացքում Տանանյանը պահանջել է ընկերության բաժնեմասի 50 տոկոսը, եւ քանի որ ի սկզբանե սարքի ձեռքբերման ամբողջ ծախսերը պետք է կատարեր նշված ընկերությունը՝ օտարերկրյա ներդրողը, ուստի առարկել են բաժնետոմսերի այդ ծավալին, իսկ պատասխանը, ըստ զեկույցի, այն է եղել, որ Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաններին. «Եվ պահանջված հիսուն տոկոսի բաժնեմասի մեծ մասը հատկացվելու է երկրի բարձրաստիճան ղեկավարի շրջապատին: Եվ քանի որ մենք «Վարան» ընկերությանն արդեն պատվիրել էինք սարքը եւ կանխավճար կատարել, ստիպված համաձայնեցինք: Իհարկե, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատանը ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունն այս գործում հաստատվեց: «Իրա Մեդիքալ գրուպ» ընկերության հիսուն տոկոսը հատկացվեց Հայկ Տանանյանին, որը Արմեն Տանանյանի եղբայրն է»:

Ապա, ինչպես նշված է այդ փաստաթղթում, պայմանավորվել էին, որ կենտրոնում վարձակալած տարածքի մի մասը վերանորոգելու է հայկական կողմը, ինչպես նաեւ որոշ սարքեր ձեռք կբերի, կողմերի ծախսերը հատուցվելու է սարքի շահագործման արդյունքում առաջացած եկամտով. «Ծախսերի եւ ապրանքների ձեռք բերման ընթացքում Արմեն Տանանյանը հայտարարեց, որ երկրում կայացած ընտրությունների ժամանակ մեծ ծախսեր է արել եւ չի կարող խոստացած ներդրումը կատարել: Պարտավորված այդ գումարները եւս մենք վճարեցինք»:

Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ նախապես պայմանավորված սարքավորումները, որոնք պետք է մյուս կողմը ձեռք բերեր, կրկին իրանական կողմն է ձեռք բերել, իսկ հայկական կողմը անգամ մեկ դրամ չի ներդրել այդ ծրագրում: Ներդրումային գումարի համալրման համար ռադիոթերապիայի սարքը որոշվել էր գրավադրել Հայբիզնեսբանկում, բայց Տանանյանը բանկից ստացած գումարի կեսը պահանջել է, ուստի իրանցի ներդրողը հրաժարվել է եւ վարկային գիծ չի բացել:

«Նախքան սարքի տեղադրման աշխատանքների ավարտը, բժիշկ Տանանյանը անընդհատ հայտնում էր, որ նախկին նախագահականի կազմից կողմից ճնշման տակ է՝ սարքը շահագործման հանձնելու հարցում, նաեւ պայմանավորվել էինք, որ բացման արարողությանը ներկա կգտնվեն ԻԻՀ առողջապահության փոխնախարարը, իրանցի մի շարք ռադիոթերապեւտներ, դեսպանը»,-նշված է զեկույցում: Այս ամենը չի հաջողվել, Տանանյանը հայտնել էր, որ նախագահականի հանձնարարությամբ, նշված պաշտոնյաների մուտքն արգելված է:

«Բժիշկ Արմեն Տանանյանի այս քայլը եւ նրա ստահոդ հայտարարությունները, որոնց թվում են՝ սարքի օգտագործված լինելը, սարքի գինը մեր կողմից սխալ հայտարարելը, մեզ որպես խարդախ եւ ՀՀ-ից փախնող ներկայացնելը, ինչպես նաեւ իր եղբոր՝ Հայկ Տանանյանի սպառնալիքները մեր հիասթափության պատճառ դարձան: Դիմեցինք այն անձանց, որոնք ծանոթացրել էին մեզ Տանանյանի հետ, նրանք հայտարարեցին, որ նրանցից ոչ մի օգնություն չակնկալենք»,-գրված է ընկերության տնօրենի նամակում: Նա դիմել է նաեւ ՀՀ նախկին նախագահին, սակայն կրկին որեւէ օգնություն չի ստացել:

«Սարքի տեղադրելուց անցել է 3 ամիս, սակայն այն չի շահագործվում, որի արդյունքում տուժում են Հայաստանում քաղցկեղով հիվանդ քաղաքացիները: Բժիշկ Տանանյանի եւ շրջապատի շահամոլ լինելը պատճառ դարձավ, որ մենք հիասթափվենք քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ոլորտում մեր ապագա ծրագրերի իրագործումից եւ մեր ներդրումն անիմաստ դարձավ»,-նշել է իրանցի գործարարն ու պահանջել Արմեն Տանանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Մանրամասները՝ կից նկարներում


Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30