Լրահոս
Օրվա լրահոսը

Հոր հետ Հայաստան տեղափոխված երեխաները, ըստ դատարանի, պետք է վերադարձվեն Նորվեգիա

Սեպտեմբեր 09,2019 14:30

«Առավոտ»-ի՝ 03.09.2019-ի «Մայրը պնդում է՝ երեխաներին նախկին ամուսինը առեւանգել է. հայրն ասում է՝ ուղղակի հետը բերել է Հայաստան» հրապարկմամբ անդրադարձել էինք Ֆրանսիայից Հայաստան անօրինական տեղափոխված 2 անչափահաս երեխաներին եւ նրանց խնամակալությունը ստանձնելու հարցում ծնողների միջեւ ծագած անհամաձայնությանը:

Երեխաների ծնողները՝ Նարեկն ու Վարսիկը, ամուսնալուծության գործընթացում են, առանձին են ապրում, հայրը՝ Ֆրանսիայում, մայրը՝ Նորվեգիայում: Երեխաների խնամակալության համար երկուսն էլ հավասար իրավունքներ ունեին: Սակայն, երբ երեխաները Ֆրանսիայում հոր մոտ էին, հայրը նրանց բերել է Հայաստան՝ առանց մոր համաձայնության: Մայրը՝ Վարսիկը, մտավախություն ունենալով, որ հնարավոր է այլեւս չտեսնի երեխաներին, քանի որ, ինչպես ինքն է պնդում, չի կարողացել կապ հաստատել նրանց հետ (հայրն էլ պնդում է, որ մայրը տեւական ժամանակ կապի դուրս չի եկել- Ն.Բ.) եւս եկել է Հայաստան եւ մեկ ամիս չէր կարողանում գտնել երեխաներին: Երբ մայրը վերջապես գտել էր երեխաներին՝ նրանք հոր հետ միասին գտնվում էին հոր ազգականի բնակարանում, մայրը տեսակցել է նրանց, սակայն նախկին ամուսինը թույլ չէր տալիս Վարսիկին իր երեխաների հետ տեսակցել այդ բնակարանից դուրս, կնոջ ցանկացած վայրում: Հայրն էլ մտավախություն ուներ, որ եթե երեխաները մոր հետ գնան, ինքն այլեւս նրանց չի տեսնի:

Վարսիկը դիմել էր իրավապահ մարմիններին՝ ազատ տեսակցությունն ապահովելու, ինչպես նաեւ Ֆրանսիայի դատարանի վճիռն ի կատար ածելու համար:

Ֆրանսիայի Ռոդեզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վարսիկի հայցի հիման վրա որոշում է կայացրել՝ երեխաներին անհապաղ վերադարձնել, որից հետո կսահմանվի երեխաների բնակության վայրը՝ մոր մոտ: Նույն որոշմամբ՝ երեխաների տեղափոխումը Ֆրանսիայից Հայաստան անօրինական է:

Մինչ ծնողները համաձայնության չէին գալիս, թե փոքրիկներն ում հետ պետք է ապրեն՝ մինչեւ ՀՀ դատարանի որոշումը՝ վերադարձնե՞լ երեխաներին մորը, թե՞ ոչ, ոստիկանությունն արդեն համաձայնություն էր պատրաստել՝ երեխաներին տեղափոխել աջակցության կացարան:

Երեկ դատարանը վերջապես որոշում կայացրեց՝ Վարսիկի՝ ընդդեմ Նարեկ Նազարյանի եւ 3-րդ կողմ՝ ՀՀ արդարադատության նախարարության, հայցի հիման վրա: Ըստ այդ որոշման՝ ՀՀ անօրինական տեղափոխված եւ ապօրինի պահվող երեխաների մշտական բնակության վայրը Նորվեգիայի թագավորությունն է՝ մոր բնակության վայրը, երեխաներն անհապաղ պետք է վերադարձվեն Նորվեգիա՝ մորը:

Վարսիկ Նազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշխեն Դաշյանը (լուսանկարում) «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է՝ մինչ դատարանի այս որոշումը, երեխաները հեշտ չէին տանում ծնողների անհամաձայնությամբ ստեղծված իրավիճակը: Դաշյանն ասում է՝ օրեր առաջ, երբ ոստիկանությունում դրված էր հարցը՝ եթե ծնողները համաձայնության չգան երեխաների՝ ծնողներից մեկի Հայաստանի բնակարանում ապրելու վերաբերյալ, ոստիկանությունը ձեռնարկելու է միջոց՝ երեխաներին կացարան տեղափոխելու համար: «Նշված պայմանին համաձայնվել էր հայրը, սակայն մայրը՝ ոչ, հաշվի առնելով, որ դա չի բխում երեխայի լավագույն շահից, քանի որ կացարանում այդ տարիքի երեխա գիշերը միայնակ թողնելը վտանգավոր է: Մայրը չստորագրեց համաձայնությունը, քանի որ երեխաներից մեկը լացում էր, չէր ուզում կացարան գնալ, ասում էր՝ չեմ ուզում ոստիկանությունում մնալ, ուզում եմ տուն գնալ, երեխան կացարան չտեղափոխվեց: Համաձայնություն եղավ հոր առաջարկով՝ բացառապես իր բնակարան տեղափոխվել, մորը թույլ կտա գտնվի երեխաների մոտ»,-ասում է Դաշյանը: Վարսիկը համաձայնվել էր այս պայմանին, կարեւորը երեխաների հետ լինելն էր, գնացել էին նախկին ամուսնու Դավիթաշենում գտնող բնակարանը, սակայն հաջորդ օրը երեխաների հետ տեղափոխվել էր իրեն ցանկալի այլ բնակարան, որովհետեւ չուներ հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր:


Հիմա ծնողների համաձայնությամբ բոլորով միասին մի օր հոր, մի օր մոր բնակարանում են ապրում, մինչեւ գործով լուծում լիներ, ընդ որում, ինչպես փաստաբանն է ասում, հայրը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, երկուսով մեկը մյուսի բնակարան էին գնում երեխաների հետ:

Դաշյանը վստահեցնում է՝ դատարանի՝ երեխաներին մորը վերադարձնելու եւ բնակության վայր Նորվեգիա վերադարձնելու որոշման մասին կողմերը պատշաճ ծանուցվել են. «Չգիտենք պատասխանողը՝ հայրը, ինչպես կարձագանքի դատարանի որոշումից հետո, չգիտենք՝ կրկին կլինե՞ն գործողություններ՝ երեխաներին իր բնակարան տանելու: Վարույթները դեռ երկարաձգվելու են, չգիտենք՝ կկարողանա՞ն երեխաների հարցում համաձայնության գալ»:

Դաշյանն ասում է՝ այս գործում կա մի կարեւոր հանգամանք՝ դատարանը միջնորդել էր Դավիթաշեն վարչական շրջանի խնամակալոսւթյան եւ հոգաբարձության մարմնին, որպեսզի անձամբ տեսակցի երեխաների հետ, կարծիք ստանա, թե՝ երեխաներն ո՞ւմ հետ եւ ո՞ր երկրում են ուզում ապրել. «Խնամակալության մարմինը տնայց էր կատարել, պարզել, որ երեխաները ցանկանում են մոր հետ բնակվել եւ չեն ուզում մնալ Հայաստանում, Նորվեգիա են ուզում գնալ: Երեխաները տվել են դիրքորոշում, խնամակալության մարմնում կար հոգեբան, որը եւս խոսել է երեխաների հետ եւ եզրակացություն է տվել՝ երեխաները մոր հետ կապվածություն ունեն, երեխայի շահից չի բխում մորից առանձնացնելը: Պարզ էր, որ երեխաները Հայաստան են տեղափոխվել իրենց կամքին հակառակ, եւ նրանք չեն ցանկանում բնակել այստեղ: Այս հանգամանքը, խնամակալության մարմնի եզրակացությունն առկա է դատարանի դիրքորոշման մեջ»:

Երեխաների հայրն իրավունք ունի դատարանի որոշումը բողոքարկել, սակայն ժամկետը սահմանափակ է՝ 7 օր: Դաշյանն ասում է՝ այս գործն ընդհանուր կանոններից բացառություն է, հատկապես նմանատիպ գործերով՝ ՀՀ անօրինական տեղափոխված եւ պահվող դեպքերը համարվում են հատուկ վարույթի գործեր. «Օրենսդիրը 7 օր ժամկետ է տալիս Վերաքիննիչ բողոք բերելու: Եթե ժամկետում չիրացնեն այդ իրավունքը, ապա վճիռն օրինական ուժի մեջ կմտնի, եւ երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրն է լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ- Հայաստանի տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30