Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Գասպարյան. «Նախագահի գաղափարն է անցկացնել ընտրյալ մշակութային միջոցառումներ»

Սեպտեմբեր 09,2019 15:44

ՀՀ նախագահի նստավայրում բացվել է աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը, նախագահը Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսից անձամբ է ընտրել նախագահական նստավայրում ցուցադրվող բացառիկ նմուշները: Դրանք են տարվա եղանակը, մայիս ամիսը մարմնավորող եւ մարզիկին պատկերող խճանկարները:

«Նախագահի գաղափարն է նախագահականի սրահներում անցկացնել ընտրյալ մշակութային միջոցառումներ` լինեն երաժշտական, կերպարվեստի, թե այլ բնույթի: Սա միակ ցուցադրությունը չէ, դրան նախորդել են երկու երաժշտական երեկոներ»,-ասաց պարոն Գասպարյանը:

Նա հայտնեց, որ սեպտեմբերի 12-ին էլ Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի շրջանակներում կկայանա «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդես` Նախագահական նստավայրի բակում: «Ցուցադրվելու են համաշխարհային լուսանկարչության նշանավոր հայ դեմքերի գործերը, որոնց թվում՝ 19-րդ եւ 20-րդ դարերի լուսանկարիչներ Աբդուլահ եղբայրների, Բոյաջյանների, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի եւ այլ վարպետների լուսանկարները, մոտ 50 աշխատանք:

Հայերը լուսանկարչության մեջ պատմության բերումով մեծ դեր են խաղացել հատկապես Միջին Արեւելքում, եւ դարձել առաջամարտիկներ: Նրանք շատ արագ ճանաչում ձեռք բերեցին ու գրեթե բոլոր տեղերում դարձան պալատական լուսանկարիչներ: Սակայն նրանք ոչ միայն պալատի կյանքն էին լուսաբանում, այլեւ կարողանում էին իրենց գործերում պատկերել այդ երկրների պարզ մարդկանց, նրանց կենցաղն ու նիստուկացը: Հետեւաբար նրանց թողած ժառանգությունը այդ երկրների պատմության համար ծառայում է որպես լուսանկարչական հավաստի արխիվներ, որոնք գիտական հետազոտությունների առումով կարեւոր նշանակություն ունեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Համլետ Գասպարյանի ձեւակերպմամբ, հայ լուսանկարիչները լուսանկարչական արհեստը կատարելության հասցրին եւ վերածեցին արվեստի: Միջին Արեւելքից նրանք անցան Եվրոպա եւ Ամերիկա, որտեղ դարձյալ առաջին շարքերում էին: Նրանք այդ գործը զարգացրին նաեւ hայրենիքում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ վարպետներ ներգաղթեցին Հայաստան: Դրանց շարքում էին Եգիպտոսից Հայաստան տեղափոխված Անդրանիկ Քոչարն ու այլ երկրներից եկած մյուսն վարպետները, որոնք իրենց հետ բերեցին արհեստի նոր հմտություններ եւ տեխնիկաներ: «Լուսանկարչությունը դարձել է մեր պատմամշակութային շերտերից մեկը, որով կարող ենք ներկայանալ աշխարհին»,- ընդգծեց նախագահի խորհրդականը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30