Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական սփյուռքի ներուժին, սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշեց, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ, կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով և խաղաղ համակեցությամբ:

Հայ համայնքի ակտիվիստ, ղեկավար խորհրդի անդամ Վահան Բաբախանյանը պրեզենտացիայով ներկայացրեց հայ համայնքի գործունեությունը, իրականացրած միջոցառումները, մշտական կապը Հայաստանի հետ:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումից, մասնագիտական, երիտասարդական հավաքների կազմակերպումից, սփյուռքի քարտեզագրումից, համահայկական խորհրդատվական գաղափարի ստեղծումից մինչև տեղում ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու առաջարկներ, հայկական երաժշտական գործիքների պակաս, մայրենի լեզվի պահպանում, երկքաղաքացիություն: Ներկաները դժգոհություններ ունեին գրքերի առաքման ծրագրից, առաջարկներ հնչեցին համայնքներում գրասենյակի ներկայացուցիչներ ունենալու վերաբերյալ: Պետերբուրգի հայ բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին օգնել Հայաստանի առողջապահական համակարգին, իրականացնել փոխանակման ծրագրեր և կատարել վիրահատություններ: Համայնքային ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Պետերբուրգի գործարար միջազգային ֆորումին, սակայն ցանկություն հայտնեցին, որ Հայաստանից ևս մասնակիցներ լինեն:
Կարդացեք նաև
Հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարն այցելեց Կամսկի այգում տեղադրված Կոմիտասի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց, եղավ Սուրբ Կատարինե եկեղեցում և կիրակնօրյա դպրոցում:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ


















































