Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի ընթացքում ցուցաբերել է բարդ, սակայն, միևնույն ժամանակ, հակասական զարգացումների պատկեր, որը մի կողմից՝ բնութագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճի տեմպերով, մյուս կողմից՝ այդ աճի կառուցվածքային խնդիրներով և կայունության խնդրահարույց բնույթով: «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը մանրամասն բացահայտում է այս պատկերը։
Տարեկան տվյալների համաձայն, համախառն ավելացված արժեքը կազմել է 9,1 տոկոս, ինչը շուրջ 1,1 տոկոսային կետով բարձր է եղել նախորդ՝ 2024 թվականի համապատասխան ցուցանիշից: Այս թվերը առաջին հայացքից կարող են լավատեսություն ներշնչել և վկայել տնտեսական վերելքի մասին, սակայն խոր վերլուծությունը ջրի երես է հանում այն հիմնարար խնդիրները, որոնք թաքնված են այս վիճակագրական ցուցանիշների հետևում և որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների և կայունության տեսանկյունից:
Տնտեսական աճի դինամիկան 2025 թվականին հատկապես աչքի է ընկել ժամանակի մեջ ոչ հավասարաչափ բաշխմամբ, քանի որ աճի տեմպերը զգալիորեն արագացել են հենց տարեվերջին: Այս երևույթը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրության ծավալների վերականգնմամբ, սակայն այդ վերականգնումը ևս ունի իր առանձնահատկությունները և խնդրահարույց կողմերը: Արդյունաբերության ոլորտում նկատվել է էականորեն արագացած աճի տեմպ՝ մանավադ տարվա վերջին ամիսներին, երբ, դեկտեմբեր ամսվա տվյալներով, այն հասել է 38,6 տոկոսի, ինչն իր հերթին զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Սակայն այս տպավորիչ թվերի խորքում ընկած է մի շատ կարևոր հանգամանք, որը հիմնովին փոխում է այս աճի գնահատականը և ցույց է տալիս դրա իրական բնույթը: Արդյունաբերության ոլորտի աճի զգալի մասը՝ մասնավորապես 19,9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալների համաձայն, պայմանավորված է եղել «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի արտակարգ բարձր աճով՝ 2,9 անգամի չափով: Թեև այս ցուցանիշը թեև վիճակագրորեն տպավորիչ է, սակայն իրականում արտացոլում է ոչ թե արտադրական ներուժի իրական ընդլայնումը կամ արդյունաբերական հզորությունների զարգացումը, այլ հիմնականում ոսկու վերաարտահանման ծավալների աճը: Վերաարտահանումը, ինչպես հայտնի է, ներկայացնում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը չի ստեղծում էական ավելացված արժեք տեղական տնտեսության համար, և որի ծավալները կարող են զգալիորեն տատանվել՝ կախված միջազգային շուկայական պայմաններից, աշխարհաքաղաքական իրավիճակից և այլ արտաքին գործոններից, որոնք գտնվում են Հայաստանի ազդեցության և վերահսկողության սահմաններից դուրս:
Այս իրողությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է խիստ կախված մնալ արտաքին գործոններից և կոնյուկտուրային տատանումներից, ինչը լուրջ մտահոգություն է հարուցում երկրի տնտեսական անկախության և կայունության տեսանկյունից: Երբ տնտեսական աճի նման զգալի մասը հիմնված է այնպիսի ոչ կայուն գործոնների վրա, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը, դա նշանակում է, որ այդ աճը չունի ամուր հիմքեր և կարող է արագորեն չեզոքանալ կամ նույնիսկ փոխարինվել անկումով՝ արտաքին պայմանների փոփոխության դեպքում:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































