Ասյա Խաչատրյանի հայցը՝ Գառնիկ Իսագուլյանի դեմ, մերժվեց
Ասյա Խաչատրյանի՝ Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող հայցը ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական նախկին խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դեմ էր, երրորդ անձ էին ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, 168.am լրատվամիջոցներն ու henaran.am լրատվական գործակալությունը: Դատարանի որոշմամբ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու եւ պատվի ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գործն ընդունվել էր վարույթ անցյալ տարվա մայիսին:
Մայիսի 10-ին դատարանը նշանակել էր վճռի հրապարակման օր, սակայն այն հետաձգել էր, եւ հրապարակվեց սեպտեմբերի 9-ին:
Հիշեցնեմ գործի նախապատմությունը: Հայցվորը հայտնել էր, որ անցյալ տարվա մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասել է. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»: Գ. Իսագուլյանն իր հերթին հայտնել էր, որ առկա է եղել ԱՀ նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ինչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հայցվորը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում: Պահանջելով հերքում, հայցվոր կողմը իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ էր պահանջել:
Կարդացեք նաև
Ասուլիսը լուսաբանվել էր «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի, «Օպերատիվ Լրատվական» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Հենարան» Սոցիալ-իրավական-հումանիտար ասոցիացիա հ/կ-ի կայքէջերում:
Ըստ Ասյա Խաչատրյանի` մի քանի անգամ Բաքվում լինելու մասին Գառնիկ Իսագուլյանի հայտնած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:
Իսագուլյանի երկու ներկայացուցիչները՝ Ա.Ծառուկյանն ու Գ.Հովհաննիսյանը դատարանում հայտնել էին. «11.04.2018թ. Day.az ադրբեջանական կայքը յութուբյան իր էջում հրապարակել է «Իսկ հիշում ես համատեղ Բաքուն» վերնագրով նյութ, որտեղ հղում է կատարում վերը նշված` հայցվորին ուղղված նամակին` կարմիր գծով նշելով համատեղ Բաքվում լինելու հանգամանքը:
12.04.2018թ. «Voskanapat. Info» լրատվական կայքում տեղադրված է եղել «Իսկ հիշում ես համատեղ Բաքուն» վերնագրով հոդված, որտեղ նշված է, որ «Հայաստանցի ֆեսբուքյան օգտատերերից Ասյա Խաչատրյանը եղել է Բաքվում ընկերոջ հետ միասին», հղում կատարելով հայցվորի ազերի զուգընկերոջ ֆեսբուքյան էջին: 30.05.2018թ. հայցվորն ին ֆեսբուքյան էջում «Գույնզգուն հավաք» վերնագրով հոդվածի տակ արված այս՝ «Մարկ Ցուկերբերգ- Աղչի գառնիկ իսագյուլգյուլիչը տեսելա դու ինչով ես զբաղված, էս ինչ այլասեռության քարոզ ես անում: Ադրբեջան գնալդ քիչ էր, հիմի էլ էս հա», մեկնաբանությունը որեւէ կերպ չի հերքվում հայցվորի կողմից եւ ուշադրության է արժանի այն, որ նաեւ չի վիրավորում փաստորեն հայցվորին»:
Ինչ վերաբերում է հայցապահանջի՝ «Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ եղել է Բաքվում» արտահայտությունից վիրավորվելուն, զրպարտվելուն, պատասխանողի ներկայացուցիչներն ասել էին. «Սակայն տվյալ ասուլիսը որեւէ «վիրավորանք կամ զրպարտություն» չի ներառում իր մեջ, այլ ընդամենը պատասխանողը տեղեկատվություն է տարածում` անելով նաեւ գնահատողական դատողություններ, ինչպես նաեւ կասկածների հիմքում տալիս է հաղորդում` ենթադրյալ հանցագործության մասին, որը համապատասխան իրավապահ մարմինների կողմից պետք է ճշտվի` ելնելով ազգային անվտանգությունից, ոչ ավելին:
Եվ այսպես, չնայած այն հանգամանքին, որ հայցի առարկան չի պարունակում վիրավորանքի մասով որեւէ պահանջ, սակայն, այնուամենայնիվ, այն նույնպես անհրաժեշտ է հակափաստարկել: Առաջնային պարզ չէ, թե Բաքվում լինելը ինչպես է վիրավորում սուբյեկտին, տվյալ արտահայտությունները որեւէ հերյուրանք կամ անձը նսեմացնող տարրեր չեն պարունակում եւ Հայաստանի Հանրապետությունում առկա են քաղաքացիներ, ովքեր եղել եւ ծնվել են Բաքվում, ուստի անհասկալի է այս դիրքորոշումը, որը տեղ է գտել հայցադիմումում»:
Փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Մինչեւ պատասխանողի կողմից տրված հայտարարությունները, հայցվորը 27.03.2018թ.-ին «Asekose TV» կայքին հարցազրույց տալով, լրագրողի այն հարցին՝ «ինչ հանրային արձագանք ես ակնկալում», վերջինս պատասխանում է, որ «մակսիմալ ադեկվատ (…), իմ համար իրականում ոչ ազգություններ, ոչ անձնագրի գույն, ոչ ազգանվան վերջավորություններ կապ չունեն ու ես մի քիչ կարող ա սրա համար էլ քարերի արժանանամ, իմ համար արցախցին, հայաստանցին, ռուսը, վրաստանցին ու գյումրեցին մի մարդիկ են, այսինքն՝ թուրքը, ադրբեջանցին, հնդիկը նույն մարդն են իմ համար, ես հաստատ տարբերություն չեմ դնի արցախցու-հայաստանցու մեջ, շատ ափսուռդա»: Այս մասին, ի դեպ, հղում էր կատարել Գ.Իսագուլյանն իր ասուլիսի ժամանակ:
Ըստ պատասխանողի ներկայացուցիչների, ասուլիսի երկրորդ փուլը ունեցել է այլ նպատակ. «Այն է՝ տալ հստակ հաղորդում այն մասին, որ հնարավոր է, որ այն տեղեկատվությունը, որը հնչել է ասուլիսի ժամանակ, ինչն էլ հստակ պատասխանողի կողմից նշվել է, որ «չկա ապացույց եւ չճշտված տեղեկատվություն է», ուշադրության արժանանա համապատասխան մարմինների կողմից նույնպես, քանի որ արդեն պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի համապատասխան մարմինները զբաղվում են վիճելի տեղեկատվությունը ճշտելու ուղղությամբ:
Այսինքն, պատասխանողի մի քանի անգամ շեշտադրումը, որ «ես ուղղակի խնդրում եմ ուշադիր ուսումնասիրեք, չտրվեն էմոցիաներին, կրքերին, որ ցավոք սրտի, Հայաստանում առաջացել են», վկայում է ոչ թե սուբյեկտին զրպարտելու մասին, այլ ուղղորդված է Ազգային անվտանգության ծառայությանը` ստուգելու հիմքերը, որը ի պաշտոնե պատասխանողը օրենքով սահմանված կարգով ինքնուրույն չէր կարող կատարել: Վերջինիս փաստացի ասուլիսի ընթացքում կոնկրետ հարց են ուղղում, թե «որքանով է ճիշտ լրագրողներին որպես էսպես մասնագետ ներկայացնել չճշտված ինֆորմացիա», Իսագուլյանը հստակ պատասխանում է՝«ես ուզում եմ, որ դուք ուսումնասիրեք»:
Ըստ էության, տրվել է հաղորդում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ, ինչը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2019