Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը «Զինվորի Մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են անում: Նրանց վրդովվեցրել է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհվածների մայրերի հետ: «Զինվորի մայր» հ/կ- նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կոչ արեց. «Ժողովուրդ, խնդրում եմ զոհվածների մայրերի առիթը չօգտագործեք»: Փաշինյանը նրանց առաջարկեց հանդիպել ավելի ուշ` դահլիճային պայմաններում, ասաց նաեւ, որ մեկնում է վաղը չէ մյուս օրը, բայց այնուամենայնիվ որոշ հարցեր պարզաբանեց:
«Երբ ես 2018թ դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017թ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը… Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, դրանից հետո այդ հիմնադրամի գործունեության ժամկետն 3 տարով հետ տանելն էր, այսինքն` սկսեցինք վճարվել առաջին փուլով 2014թ: Երբ որոշումը կայացրինք, կարծեմ օգոստոսն էր, սեպտեմբերի 21-ի առիթով Եռաբլուրում էինք, եւ այդ օրը մեր կողմից հարգված զինվորի մի քանի սեւազգեստ մայրեր մոտեցան ինձ եւ ասացին, որ խորապես վիրավորված ենք, դուք մեզ վիրավորել եք: Ես ասացի` ի՞նչ եմ արել, մտքովս չէր անցնում, թե ինչի են մարդիկ այդպես ասում…Իրենք ասացին` դուք այդ 1000 դրամների հիմնադրամը 3 տարով հետ եք տարել, բայց մեր երեխաները զոհվել են 2011թ:
Կարդացեք նաև


Հավելեց, որ վերջին ասուլիսի ժամանակ էլ ասել էր, որ 1000 դրամի հիմնադրամների վճարումներն ավելանում են: «Երբ մենք որեւէ տեղ որևէ հարց լուծում ենք, խնդրում եմ ձեր ռեակցիան չլինի այն, թե նրա հարցը լուծեցիր, իսկ մերը` ոչ: Խնդրում եմ, որ ձեր ռեակցիան լինի այն, որ Հայաստանում կառավարություն է ձեւավորվել, որը հերթով հարցերը լուծելով առաջ է գնում: Մեզ հնարավորություն տվեք, հարցերը հերթով լուծենք: Ես հիմա որպես վարչապետ ամաչում եմ, որ նման հարց եք բարձրացնում, ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցը մինչեւ հիմա լուծված չէ, բայց նաեւ ուզում եմ ցույց տալ, որ այս մի տարվա մեջ ինը տարվա հարց ենք լուծել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































