Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, նախորդ օրը շարունակվել է «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանի բողոքի քննությունը: Ֆ.Պողոսյանը խնդրել էր դատարանին վերացնել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները:
Վերջինի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երկրորդ անգամ չի ներկայանում դատարան՝ ծանուցված լինելով:
Սակայն գոնե այս անգամ քաղաքապետը դիմել էր դատարան, հետաձգել նիստը, նշանակելով այլ հերթի: Դատական նիստը այդ իսկ պատճառով նշանակվել է նոյեմբերի 6-ին:

Կարդացեք նաև
Քաղաքապետը երկու տարի առաջ հիմնադրել է «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը, որի միջոցով էլ պետք է կատարվեր քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները: Ի դեպ, Ֆ. Պետրոսյանի փաստաբան-ներկայացուցիչը դատարանին ներկայացրել էր լուսանկարներ, որից երեւում է, որ Մասիս քաղաքում աղբահանություն այսօր էլ չի իրականացվում, քաղաքը, ինչպես Երեւանը, աղբի խնդիր ունի, մաքուր չէ:
Դատախազն առարկեց, որպեսզի լուսանկարները կցվեն գործին, սակայն դատավորն, այնուամենայնիվ, դրանք կցել է գործին:
Դատարանում առկա բողոքի համաձայն, քաղաքապետը որոշում էր կայացրել պայմանագիրը մրցույթից օրեր անց խզել, հայտնելով, թե ընկերությունը Մասիս քաղաքում տեղադրել է 155 աղբաման՝ 246-ի փոխարեն: «Ընկերությանը Դավիթ Համբարձումյանն ահռելի վնասներ է պատճառել, առանց մեզ գրավոր ծանուցագիր ուղարկելու, առանց զգուշացնելու արգելել է մեզ աշխատել»,-պնդում է բողոքաբեր կողմը: Ըստ բողոքի, թե հետաքննիչը, թե դատախազը օբյեկտիվ, լրիվ քննություն չեն կատարել, չեն ներգրավել բոլոր հնարավոր վկաներին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2019


















































