Լրահոս
Օրվա լրահոսը

Իմփիչմենթի թեմայով ՔՊ-ական պատգամավորների հետ քննարկումներ են եղել․ Հայկ Մամիջանյանը մանրամասներ չհայտնեց

Մարտ 03,2026 13:08 Share

«Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր եւ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կասի՝ ինքը դեմ է փողոցային պայքարին, ես շատ զարմացած կլինեմ։ Ես ուզում եմ տեսնել այդ ընդդիմադիրին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին ՀՀԿ-ի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի՝ փողոցային պայքար սկսելու կոչի մասին։

Հայկ Մամիջանյանը հայտարարում է՝ որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողությունները, փորձում են ՀՀԿ-ին սադրել․ «Դա չի հաջողվելու, այս գործընթացի նպատակն ընդդիմության համախմբումն է ու եւս մեկ հնարավորությունն օգտագործելը»։

Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իմփիչմենթի թեման միշտ եղել  եւ մնում է ՀՀԿ-ի օրակարգի թիվ մեկ հարցը։ Կուսակցության գործադիր մարմինն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա այդ առիթով։

Դավիթ Համբարձումյանի՝ ՀՀԿ-ին ուղղված երեկվա կոչը Հայկ Մամիջանյանը բնութագրում է, որպես «պետական մտածողության, բոլորի ընդհանրական նպատակի՝ իշխանափոխության կարեւորությունը գիտակցելու ու երկրորդական նպատակները մի կողմ դնելու, անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ» ունեցող եւ այդ նամակում ոչ թե ակնարկ էր փողոցային պայքարի մասին, այլ ուղիղ հղում փողոցային պայքար սկսելուն․ «Իմ համեստ կարծիքով, դեմ լինել իմփիչմենթին, նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որն ընդդիմության համար անընդունելի գործելաոճ է»։

Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս խոսեց իմփիչմենթի գործընթացում նոր զարգացումների մասին, հենց այս փուլը նկատի ուներ։

Ինչ վերաբերվում է փողոցային նախկին պայքարներին, որոնք չավարտվեցին դրական արդյունքով, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Մինչեւ հիմա տեղի ունեցած բոլոր փողոցային պայքարները, այո, իրենց ամբողջական նպատակին չեն հասել, այդտեղ վիճել հնարավոր չի, բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք, մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, կրել են ծանր մարմնական վնասվածքներ, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։

Որեւէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս ՀՀԿ-ն երբեք չի հաշվարկում շանսերը, շանսերը լավն են՝ սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն՝ սկսենք չպայքարել։ Կաթիլը քար է ծակում եւ մենք պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները։ Ես չեմ կարող երաշխավորել այս կամ այն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ «իսկ եթե չստացվի», պայքարը չսկսելու համար տեղին չէ»։

Լրագրողները հիշեցրեցին՝ իրենք վստահեցնում էին, որ կան ՔՊ-ական պատգամավորներ, իմփիչմենթի գործընթացի ստորագրահավաքին կարող է միանան եւ հարցին՝ կա՞ն այդպիսիք, մասնավորապես, քննարկումներ եղե՞լ են «Պատիվ ունեմ» խմբակցությունից հեռացած պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են, թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ՝ պետք է հարցնել իրենից։ Ինչ վերաբերվում է ՔՊ-ական մնացած պատգամավորների հետ քննարկումներին, ամենատարբեր ձեւաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք էլ եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուին հայտարարելուց մեկ ամիս հետո կալանավորում են, ակնհայտ է, չէ՞, որ այն ՔՊ-ականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Այն ՔՊ–ական պատգամավորները, որոնք, ենթադրենք, այսօր երեկոյան ստորագրելու են իմփիչմենթի գործընթացը, հավանական է, որ առավոտյան հարցազրույց տան՝ ասեն ամեն ինչ լավ է, մեր թիմը կուռ է։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները պսեւդոիրավական, քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են՝ սկսած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից»։

Ճշտող հարցին՝ եղե՞լ են ՔՊ–ական պատգամավորներ, որ պատրաստ են եղել ստորագրել իմփիչմենթի փաստաթղթի տակ, Մամիջանյանն ասաց. «Եղել են քննարկումներ, եկեք ես ավելին չասեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031