Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ուզում հայտարարել ցմահ դատապարտյալը

Հոկտեմբեր 10,2019 13:30

1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված 56-ամյա Ստեփան Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարան էր տեղափոխվել բողոքի քննությանը մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացրել ենք, թե նրա պաշտպանը, թե բողոք բերած դատախազ Բատիկյանը չներկայացան քննությանը:

Դատավոր Ռ. Մխիթարյանին, երբ արդեն հետաձգել էր դատական քննությունը, Ստեփանը դիմեց, հայտնելով՝ ցանկանում է հայտարարություն անել: Սակայն երբ դա չհաջողվեց, քանի որ նիստն ըստ էության չէր կայացել, նա դիմեց դատավորին, որպեսզի վերցնի իր հայտարարությունը: Դատավորը հայտնեց, որ պատշաճ ընթացակարգով ներկայացնելու դեպքում կընդունի հայտարարությունը, նկատի ունենալով` քրեակատարողական հիմնարկի կողմից ուղարկելը:

Եվ քանի որ նիստը նշանակվեց նոյեմբերի 4-ին, «Առավոտը» ցանկացավ իմանալ, թե ինչ էր հայտարարելու դատապարտյալը:

Նա հայտարարությամբ դատարանին հայտնել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, «որպեսզի դատախազությունում նույնպես իրավիճակ փոխի՝ հեռացնելով համակարգից այն դատախազներին, որոնք չեն գիտակցում, կամ չեն ուզում գիտակցել, որ դատարաններում այլեւս գերիշխող ուժ չեն կարող լինել եւ իրենց կամքը թելադրեն ու պարտադրեն դատավորներին»:

Դատապարտյալը գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում քրեակատարողական հիմնարկների վրա հսկող դատախազների աշխատաոճին:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, ԲԴԽ նախագահն օրերս ասել է, որ նույնիսկ մարզերում դատավորներն անկախ են ու ազատ, եւ սկզբունքային վճիռներ են կայացնում, եւ օրինակ էր բերել իր գործը:

Արմավիրի մարզի դատավոր Հրաչ Սարգսյանը Ստեփանի գործով կայացրել էր վճիռ, ըստ էության դատապարտյալի սրտով էր, հասկացնելով, որ՝ «Խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: «Եթե դատախազը կապացուցի, որ վեց ամիսը մեկ վաղաժամկետ ազատման հարցի քննությունն ավելի ծանր է, քան երեք տարին մեկ անգամ, ապա ուրեմն դատախազի բողոքն արդարացի է»,-նշել էր նա:

Ըստ Ս.Գրիգորյանի՝ իր իրավունքները կրկին ոտնահարվում են եւ «ավանդույթները շարունակվում են» եւ նա պահանջում էր՝ «Թույլ տվեք օգտվել իմ իրավունքից»:

Ստեփան Գրիգորյանի նկատմամբ վաղաժամկետ պայմանական կիրառելու համար դրական վարքագիծը  նախորդ դիմումների քննության ժամանակ հաշվի չէին առել, հաշվի չէին առել նաեւ դրական եզրակացությունը, որը նրան տվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, այլ հիշել էին, որ նրա մոտ 23 տարվա մեջ 2 անգամ հեռախոս են հայտնաբերել: Ճիշտ նույնպիսի փաստարկ էին բերել նախորդ տարի՝ ցմահ դատապարտված Արսեն Արծրունու համար, երբ նա դատարանում վիճարկում էր իր վաղաժամկետ ազատման հարցը:

Հիշեցնեմ, որ Ստեփանը դատապարտվել էր ցմահ անազատության՝ սպանությանը մասնակից լինելու համար:

Նա չի ընդունել իրեն մեղսագրվածը, հայտարարելով, որ մարդ չի սպանել, այլ սպանությանն է ներկա եղել: Նշեմ, որ Ստեփանն իր պայմանական վաղաժամկետ ազատման համար երրորդ անգամ է դիմել դատարան:

Ստեփան Գրիգորյանը ներման խնդրագրով դիմել էր հանրապետության նախագահ Ա. Սարգսյանին, վարչապետ Ն. Փաշինյանին, սակայն մերժվել էր: Այս տարվա փետրվարին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանը հանդիպելով Ստեփան Գրիգորյանին, բարձրաձայնել էր այս կապակցությամբ. «Ես վստահաբար գտնում եմ, որ, օրինակ, Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում ենք, պիտի ներվեր: Միանշանակ: Ես կարծում եմ, որ այստեղ իշխանությունը, չասեմ վախեցավ, բայց չփորձեց գնալ հանրային էսկալացիայի ճանապարհով, փորձեց համահարթեցման ճանապարհով, որպեսզի  հետագայում նորից չլինեն էմոցիաներ, բոլորին մերժել, բայց չէ՞ որ մենք հիմա հայտարարում ենք, որ գնում ենք միջազգային պրակտիկայով՝ անհատական լուծումների, անհատական մոտեցման ճանապարհով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
09.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031