Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կշտամբում եք մի բանում, որն այնքան էլ հասկանալի չէ». Ջանջուղազյանը՝ Մանե Թանդիլյանին

Հոկտեմբեր 15,2019 13:00 Share

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, ըստ որի՝  պետբյուջեի ծախսերի կատարման ցածր աստիճան է առկա, ինչը կառավարությունը դիտարկում է որպես օրակարգային խնդիր. «161 միլիարդ դրամի շեղում ունենք»:

Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մի շարք հարցեր բարձրաձայնեց. «Տնտեսությունից մեծ չափի գումարներ եք հավաքագրել: Կուզենայի հասկանալ՝ սա մտահոգո՞ւմ է կառավարությանը, թե՝ ոչ, թե՞ դա այնքան էլ վատ չէ»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Չկա բյուջեի կատարման գործընթացում բացարձակ լավ կամ բացարձակ վատ բան: Ամեն լավ բան մյուս կողմն էլ ունի: Իհարկե, շատ լավ է, երբ հարկ վճարողները կատարում են իրենց պարտականությունները եւ ունենք կատարողականի այսպիսի ցուցանիշ: Բայց բյուջեի կատարողականը գնահատելու համար սա բավարար չէ: Այո, սա մտահոգում է կառավարությանը: Այսինքն, առկա է հնարավորություն: Նպատակն այն չէ, որ տնտեսությունից վճարում է կատարվել բյուջեի միասնական հաշվին, այլ այն, որ այդ միջոցներն ավելի արագ եւ թիրախային շրջանառության մեջ պետք է մտնեն, օրինակ՝ տնտեսական աճի ներուժի բարձրացման ուղղությամբ: Այդ նպատակով քայլեր արվում են»:

https://www.facebook.com/aravot.am/videos/815191765567052/

Մանե Թանդիլյանը նաեւ նշեց, որ ըստ տեղեկանքի՝ բնապահպանական ծախսերը թերակատարվել են. «Իմ տպավորությամբ՝ որոշ ծախսերի թերակատարումներ կառավարությանը չեն մտահոգում: Բնապահպանական ծախսերը ոչ միայն չեն պլանավորվում, այլեւ այս տարվա պլանավորվածը՝ 13 միլիարդ, կեսն էլ չի իրականացվել, մինչդեռ բնապահպանական խնդիրներ ունենք»:

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց. «Դուք ինձ կշտամբում եք մի բանում, որն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Այն, ինչ նախատեսված է բյուջեով, ենթադրվում է, որ այդ ծախսերը պետք է իրականացվեն: Թե ինչու չի արվում, հարցի պատասխանը պատասխանատու պետական մարմինները կարող են տալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031