Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը այսօր եւս շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանին եւ մեղադրող Պետրոս Պետրոսյան ինքնաբացարկի միջնորդությամբ: Նիստը շարունակվեց դատավորի ինքնաբացարկի քննությամբ:
Հիշեցնենք, նախորդ դատական նիստում դատարանը մերժել էր երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Նման մի միջնորդություն էլ դատարանը մերժել էր սեպտեմբերի 20-ին:
Համադրելով այս առիթով դատարանի մերժած միջնորդությունները, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը եկել է այն եզրակացության, որ բոլոր մերժված միջնորդություններում ամրագրված չեն պաշտպանների առարկությունները եւ համաձայն չլինելը դատարանի որոշման ինչ-ինչ կետերի հետ: Դրանք կապված են Ռոբերտ Քոչարյանի`ազատության մեջ լինելով գործի քննությանը խոչընդոտելուն: Պաշտպանները նաեւ տարակուսելի են համարում դատարանի որոշումն այն պարագայում, երբ արձանագրվել է, որ խոչընդոտելու ռիսկը նվազել է: Բացի այդ, ըստ պաշտպանների, դատարանի որոշումները խափանման միջոցի փոփոխության մասով, պատճառաբանված չեն:
Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դատարանը «պարբերական կողմնակալ վերաբերմունք ունի սույն գործի» նկատմամբ եւ չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ-ի, ոչ ՀՀ ՍԴ-ի նախադեպային որոշումներով, ավելին, նախկինում, իր գործունեության ընթացքում առաջնորդվել է: Արամ Վարդեւանյանն էլ հավելեց` թաքնվելու ռիսկը չի բերվում, միայն խոչընդոտելու մասն է ամրագրվում`առավել քան տարակուսելի է եւ ավելի ակնհայտ է դարձնում դատարանի կողմնակալ լինելու կասկածը: Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ հավելեց. «Մինչեւ պարոն Քոչարյանի գործը, դատավորներից մեկը դուք էիք, որ գտնում էիք, որ Եվրոպական կոնվենցիան առաջնահերթ է գրավի կիրառման մասով եւ կիրառում էիք ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը: Դուք ճիշտ էիք կիրառել Եվրոպական կոնվենցիան, հետո ՍԴ-ի որոշմամբ հաստատվեց, որ դուք եւ այն դատավորները, որոնք այդպես էին կարծում, ճիշտ եք: Ինչո՞ւ պարոն Քոչարյանի դեպքում, երբ հայտնաբերեցիք, որ ըստ Ձեզ, խոչընդոտելու վտանգ կա, որոշեցիք, որ գրավն ապրիորի կիրառելի չէ եւ Եվրոպական կոնվենցիան, նախադեպային որոշումը, ՍԴ-ի որոշումը`անտեսեցիք: Երկակի մոտեցում եք դրսեւորում`կախված նրանից, որ ամբաստանյալը պարոն Քոչարյանն է»:
Երկրորդ նախագահի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ նկատեց, որ դատարանի որոշումները պատճառաբանված չեն, ստանդարտ ձեւակերպումներ է կրկնում, իսկ ՀՀ-ից ՄԻԵԴ ներկայացվող գործերով մշտապես այդ դիտողությունն արվել է, որ ՀՀ դատարանների որոշումները պատճառաբանած չեն:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` քիչ ուշ`տեսանյութում
Մեղադրող կողմն առարկեց` խնդրեց չբավարարել այն, քանի որ, ըստ իրենց, նախորդ ինքնաբացարկի միջնորդության հիմքերից մեկն են կրկնում պաշտպանները` մի փոքր «նոր նյուանսով», որպեսզի դատարանն իրավունք չունենա մերժել միջնորդությունը: «Սա իրավունքի չարաշահման օրինակ է»,- հայտարարեց մեղադրողը` նկատելով, որ պաշտպանական կողմի անհամաձայնությունը չի կարող հիմք դառնալ պնդելու, որ դատարանը կողմնակալ է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միացան մեղադրողների դիրքորոշմանը: Տուժող Սարգիս Քլոյանը`Գոռ Քլոյանի հորը այս դատավարությունը հիշեցրեց հայտնի ֆիլմի դրվագը`«վառե-մարե»: Տուժողները վրդովվեցին. «Շարունակեք դատավարությունը` համ մենք ենք հոգնել, համ ժողովուրդը»:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի 16.00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ