Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի դատական նիստը կրկին հետաձգվեց

Նոյեմբեր 13,2019 17:57

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արմեն Ֆարխանյան) նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին (լուսանկարում) ընդդեմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստը:

Նիստին չէր ներկայացել Վարդգես Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Եգորյանն ասաց, որ առողջական խնդիրների պատճառով բացակայում է նիստից: Նշենք, որ նախորդ նիստին բացակայում էր Արմեն Թավադյանը, ինչի առիթով Տիգրան Եգորյանը դատարանին հորդորել էր նրա բացակայությունը համարել անհարգելի և բերման ենթարկելու որոշում կայացնել:

Այսօրվա դատական նիստին ներկա էր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց. «Տուժող կողմը նիստին չէր ներկայացել, տեղի ունեցավ ընթացիկ դատավարական իրավունքների, պարտականությունների պարզաբանում, բովանդակային ոչ մի քննարկում չի եղել: Նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին»:

Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիսի 17-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Թավադյանը 2019թ․ մայիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Վարդգես Գասպարին հայտնել էր, որ մայիսի 13-ին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ, իր հանդեպ բռնություն են գործադրել, շշով հարվածել դեմքին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930