Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհի բովանդակախեղման պատճառով հեռացել էի»

Նոյեմբեր 14,2019 13:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի հետ

– Տիկին Հարությունյան, ընդունեք մեր շնորհավորանքները: Դուք 22-ամյա մասնաճյուղի 4-րդ տնօրենն եք՝ Ստեփան Խաչատրյանից (1997-2000թթ.), Լյուդմիլա Մելիքյանից (2000-2003թթ.) եւ Կարինե Ավդալյանից (2003-2018թթ.) հետո: 2018թ., երբ Կարինե Ավդալյանի դեմ հարուցվեց քրեական գործ, դուք նշանակվեցիք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Փաստենք, որ Կարինե Ավդալյանի պաշտոնավարման ընթացքում Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որը 2007-ից վերաճեց միջազգայինի, քաղաքում կարծես երաժշտական բում էր: Միայն այն փաստը, որ միջոցառմանը մասնակցում էր շուրջ 3000 երաժիշտ, հրավիրվում էին ժյուրիի անդամներ, այդ թվում՝ ճանաչված երաժիշտներ արտասահմանից…

– Ձեր նշած 3000 թիվը ֆանտաստիկայի ժանրից է: Իսկ ձեզ հայտնի՞ է, որ մշակութային մեր կրթօջախը հենց 2007-ից վերածվել էր փառատոնային օֆիսի: Նոյեմբերից մինչեւ մայիս դասախոսները զբաղվում էին փառատոնի նախապատրաստական աշխատանքներով, խաթարվում էր բուհի բնականոն ուսումնական ընթացքը:

– Դուք էլ անմասն չէիք «Վերածնունդ» փառատոնից:

– Ես հանդիսացել եմ «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովի համակարգողը: Այո, միջազգային նման միջոցառումները շատ էներգիա էին խլում: Կրկնում եմ՝ աչքաթող էր արված ուսումնական գործընթացը կամ այն մղված էր ետին պլան: Կարճ ասած՝ բուհը բովանդակախեղվել էր: 22 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք, բուհի 80 դասախոսից միայն մեկն է պրոֆեսոր, վերջերս են երկուսը ստացել դոցենտի կոչում՝ երկուսն էլ արվեստագիտության թեկնածուի: Ոչ միայն դասախոսական անձնակազմը զբաղված էր հիշյալ փառատոնի կոորդինացիոն աշխատանքներով, այլեւ նրանց պարտադրվում էր տարբեր չափերի վարկեր վերցնել: Այս պահին 15 դասախոս անցնում է այդ գործով եւ ունեն հանրային պաշտպանի կարիք:  Չգիտեմ՝ որ մեկը բարձրաձայնեմ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դռնապանը 11 մլն դրամի հասնող պարտք ունի, «վարկի տակ»  է…

–  Այդուհանդերձ, նման պայմաններում դուք, ասում են՝ առանց վարանելու ընդունեցիք մայր բուհի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու առաջարկը:

– Մեկ վայրկյան չեմ վարանել, որովհետեւ առաջարկը եղավ Սոնա Հովհաննիսյանի կողմից: Նշեմ, որ ես հինգ տարի առաջ բուհի բովանդակախեղման պատճառով հեռացել էի եւ հենց Սոնա Հովհաննիսյանի առաջարկով վերադարձա:

– Ժամանակավոր պաշտոնակատարի տասը ամիսների ընթացքում ի՞նչ հաջողվեց իրականացնել, ձեր որակմամբ՝ բովանդակախեղված բուհում:

– Փորձեմ մի քանի կետերով հակիրճ պատասխանել. բուհում արվել են  բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման քայլեր: Հավաստիացնում եմ՝ արմատախիլ է արվել կոռուպցիան: Վերանայվել է բուհի կառուցվածքը, ձեւավորվել է նոր խորհուրդ: Գործում են չորս բաժիններ՝ կատարողական, տեսական, հեռակա եւ հումանիտար, որոնք առաջիկայում, անշուշտ, կդառնան ամբիոններ: Միանշանակ, ըստ  մայր բուհի կանոնակարգի, կհամալրվի պրոֆեսորների եւ դոցենտների քանակը: Հաստատվել է նոր կանոնադրություն: Բարձրացվել է դասախոսների  ժամավճարը 18%-ով, ընթացիկ ուսումնական տարվանից կիրառում ենք հավելավճարների բաշխման նոր մեթոդաբանություն՝ պահպանելով տասնամսյա կայուն աշխատավարձ: Վերանայվել են ծրագրերը, գնահատման նոր չափանիշները… Ի վերջո, կազմակերպվել է կրթության որակի համաքայլ բարձրացումը մայր բուհի հետ: Ի դեպ, մենք նոր-նոր ենք մասնակից դառնում մայր բուհի գիտխորհրդի աշխատանքներին:

– Երբ նշանակվեցիք ժամանակավոր պաշտոնակատար, հավաստիացրիք, որ, ձեր խոսքերով՝ «խոստանում եմ միայն ծառայել, նպաստել ու աջակցել գիտելիքի, գիտության ու մեր քաղաքի մշակութային մթնոլորտի բարելավմանը»: Այսօր Գյումրիի մշակութային կյանքի երաժշտական «հատվածը» ձեզ բավարարո՞ւմ է:

– Տարվա սկզբից անցկացրել ենք Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգաշարեր հանրակրթական դպրոցներում: 29 հանրակրթական դպրոցից 20-ում, ինչպես նաեւ գյուղական կրթօջախներում իրականացրել ենք արդեն կոմիտասյան միջոցառումներ: «Գրոհել» ենք նաեւ քաղաքի պատկերասրահներն ու համերգասրահները: Հիմնել ենք «կարիերայի կենտրոն», որի նպատակն է ուսանողների հետբուհական գործունեություն կազմակերպելը: Մեր մարզպետին դեռեւս ապրիլին ներկայացրել ենք պիլոտային ծրագիր: Թույլ տվեք ասել, որ դա երաժշտական կրթություն է՝ հետաքրքիր տարբերակով: Օրինակ, Շիրակի մարզի այն գյուղերում, որտեղ չկան երաժշտական դպրոցներ, եւ անշուշտ հանրակրթական դպրոցներում, անցկացնել երաժշտության ուսուցում: Սա ոչ միայն խթանում է գյուղական կյանքի մշակութային զարգացմանը, այլեւ նպաստում տաղանդավոր երեխաների բացահայտմանը: Ի վերջո, այս ծրագիրը աշխատատեղեր է ապահովում: Մշակութային մեր բուհում կազմակերպում ենք բանահավաքչական գիտարշավներ, ուսումնասիրում, գրառում, վերծանում ենք տվյալ համայնքի  ժառանգությունը եւ արդեն նոտագրված տեսքով հրամցնում երեխաներին: Իսկ ունենք 200 համայնք: Ի դեպ, մինչ օրս բացարձակ կապ չի եղել մեր մասնաճյուղի եւ Գյումրիի երաժշտական դպրոցների ու քոլեջի միջեւ: Այս պահին 9 դպրոցի եւ քոլեջի սովորողներն ու մեր մասնագետները պարբերաբար շփվում են… Տեսեք՝ Երեւանի կոնսերվատորիայի նորաբաց կամերային երաժշտության ֆակուլտետի օրինակին մենք էլ կհետեւենք, ավելին՝ նոր-նոր սկսել ենք մասնակցել Erasmus+ միջազգային ծրագրին: Վերջին շրջանում մեզ մոտ վարպետության դասեր են վարում, ընդ որում՝ իրենց նախաձեռնությամբ, արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները: Ուսանողների շրջանում խանդավառություն էին առաջացրել Իսպանիայից ժամանած ջութակահար  Հմայակ Դուրգարյանի կողմից անցկացված դասերը, որը երկար ժամանակ հանդիսացել է «Մոսկովյան վիրտուոզներ» ճանաչված անսամբլի կոնցերտմայստերը, ֆրանսաբնակ ջութակահար Հրաչյա Հարությունյանն անցկացրեց դասեր, հիմա սպասում ենք դարձյալ  Ֆրանսիայից՝ դաշնակահար Ռուբեն Դալիբալթայանին:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930