Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Օրորոցային երգերը մեդիտատիվ ազդեցություն ունեն. դրանք անհրաժեշտ են երեխաներին

Նոյեմբեր 19,2019 23:00

Իսկ դուք ձեր երեխային քնեցնելիս օրորոցային երգո՞ւմ եք: Բացի հեքիաթ կարդալուց մասնագետները խորհուրդ են տալիս նաև օրորոցային երգեր երգել երեխայի համար, քանի որ այն հուզական կապն ավելի է ամրապնդում:

Aravot.am-ի «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի այս հոդվածը նվիրված է օրորոցային երգերի՝ երեխաների դաստիարակության վրա ազդեցությանն առնչվող հարցերին:

Aravot.am-ի հետ զրույցում կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը նշեց, որ շատ կարևոր է և′ հեքիաթ կարդալը, և օրորոցային երգելը հատկապես մինչև 3 տարեկան երեխաների համար: Նա մանրամասնեց. «Մինչև առաջին տարիքային ճգնաժամը՝ երեք տարեկանը, կարևոր է մոր կապը երեխայի հետ: Երբ հեքիաթներ են պատմում երեխաներին, հեքիաթաթերապիստներն ասում են, որ նաև ձևավորում են կյանքի սցենարները: Բայց շատ կարևոր է նաև հուզական կապը երեխայի հետ, ինչն ապահովվում է հատկապես օրորոցային երգերի միջոցով: Երեխան լսում է ձայնի ելևէջները, ինչն ամրապնդում է նաև հուզական կապվածությունը: Շատ կարևոր է նաև երեխային գրկելը: Նույնիսկ ասում են, երբ երեխան ագրեսիվ է, գերակտիվ, չի ենթարկվում, օրը 14 անգամ պետք է նրան գրկել: Դա նպաստում է, որ նա իրեն մերժված, միայնակ ու լքված չզգա հատկապես մինչև երեք տարեկանը: 3-7-ը լինելու է հանգիստ փուլ, իսկ 7 տարեկանում էլի լինելու է տարիքային ճգնաժամ»:

Կլինիկական հոգեբանն ասաց, որ օրորոցային երգերը դրական ազդեցություն են թողնում երեխայի ենթագիտակցության վրա. «Լավ չէ, որ հիմա օրորոցայիններ քիչ են երգում: Միգուցե չեն ստեղծագործում, բայց ծնողը կարող է իր մանկությունից վերհիշել, թե ինչ հույզեր են արթնանում իր մեջ: Օրորոցայինները նույնիսկ մեդիտատիվ ազդեցություն ունեն: Հիմա մեդիտացիաներ են անում, օրորոցային երգն էլ է մեդիտացիայի տեսակ: Շատ կարևոր է. դա հուզական կապն է ծնողի հետ, հետագայում դա էլ է հիմք ստեղծում երեխայի պինդ ենթագիտակցության համար: Չէ՞ որ ենթագիտակցությունն է մարդուն կառավարում, և բոլոր մեր խնդիրները մեր մանկությունից են: Նույնիսկ պաշտպանական ազդեցություն ունեն օրորոցայինները, հանգստություն է բերում, ստեղծում է երեխայի և ծնողի կապը, այսինքն՝ երեխան պաշտպանված է, հանգիստ, նա հանգիստ գնում է դեպի իր երազների աշխարհ»:

Մեր հիշեցմանը՝ ծնողներ կան, որ հաճախ խուսափում են երգելուց՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ լավ չի ստացվում, Եվա Օհանյանն արձագանքեց՝ ամենևին պետք չէ Մոնսերատ Կասբալյե լինել, որ օրորոցային երգես քո երեխայի համար:

Շատ ծնողներ էլ նախընտրում են օրորոցային երգելու փոխարեն դասական երաժշտություն միացնել երեխայի համար: Կլինիկական հոգեբանն ասաց, որ դա սխալ է, քանի որ ծնողը փոքր տարիքում դեռ չգիտի իր երեխայի՝ երաժշտական նախասիրությունները. «Դա նույնիսկ կարող է վատ անդրադառնալ երեխայի վրա: Իսկ մոր ձայնն ու պաշտպանությունը շատ կարևոր են: Բոլոր ուսումնասիրությունները՝ սկսած Ֆրեյդից վերջացրած Ադլերով, վկայում են նրա մասին, որ կապը մոր ու երեխայի հետ՝ լինի օրորոցային երգ, նրան գրկելը, ասել, որ ինքն է ամենալավը, որ մայրիկն իր կողքին է, սիրում է նրան, այդ կապն է ամենակարևորը»:

Շատ մայրիկներ նախընտրում են երեխային քնեցնելիս օտար լեզվով երգ երգել, որ նաև երեխան ծանոթանա այդ օտար լեզվին: Ըստ հոգեբանի՝օրորոցային երգը պետք է լինի մայրենի լեզվով. «Մեր արքետիպի մեջ մեր մայրենին է. մենք հայ ենք՝ ռուս կամ ուկրաինացի չենք: Ես կարծում եմ՝ մայրենի լեզվով երգն ավելի շատ կամրապնդի մեր արքետիպը, որը մեր ենթագիտակցության մեջ նստած է մեր մայրենի լեզվով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Եվա Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930