ՔԿ Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ընտանեկան եւ սեռական բռնության թեմայով քննարկում- սեմինարի ժամանակ ներկայացրեց 2017-2018-ին, ինչպես նաեւ 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի վերլուծությունը եւ ցույց տվեց այն հանցատեսակները, որոնք տեղի են ունենում հայկական ընտանիքներում:

Անցյալ տարի ընտանիքում անզգուշությամբ մահ պատճառելու ոչ մի դեպք չէր գրանցվել, այս տարի առաջին կիսամյակին արդեն 2 դեպք կա: Սրանք այն դեպքերն են, երբ տանը վեճ-վիճաբանություն է լինում, կռիվ ու ընտանիքի անդամներից մեկի համար ողբերգական ավարտ է ունենում: 2017-ին ու 2018-ին ընտանիքում ինքնասպանության հասցնելու 3-ական դեպք էր գրանցվել, այս տարվա 6 ամսվա կտրվածքով արդեն 2 դեպք եղել է:
Ամենատարածված հանցատեսակը ծեծն է: 2018-ին գրանցվել է 267 դեպք, իսկ այս տարվա առաջին 6 ամիսներին արդեն 187: Քննարկման մասնակիցներից շատերի համար զարմանալի էր առեւանգման ցուցանիշը, ընտանիքի ներսում ի՞նչ առեւանգում, բայց պարզվում է՝ նման դեպքեր կան, անցյալ տարի 5 դեպք է եղել, այս տարի արդեն 2: Քննչական կոմիտեի անդամները սկսեցին հիշել կոնկրետ դեպքեր, թե ինչպես է մայրը աղջկան առեւանգել ու տվել իր ուզած փեսային, հայրն էլ իր հերթին՝ իր ուզած փեսայի մոտ տարել՝ առանց աղջկա կամքի: Սա եզդիների մոտ է շատ տարածված, այս դեպքում մայրն ուզել է իր 13-ամյա աղջկան ամուսնանել եղբոր տղայի հետ, նշանված աղջիկը փախել է իր քեռու տղայի հետ, դարձել կռվախնձոր:
Կարդացեք նաև
Քննիչները իրենց փորձից իրական դեպքեր էին պատմում, թե մարզերում ինչպիսի «անշառ» թեմաներից է ընտանեկան վեճ սկսվում ու ինչ անդառնալի հետեւանքներ ունենում: Քննիչներից մեկը պատմեց, որ 60-ամյա կնոջից բողոք են ստացել՝ ամուսնու դեմ, որը չի ուզել իր հետ գնալ բարեկամի հարսանիքին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































