Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում մի կին զարմացրել է քննիչներին. նա հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են, հարցրել են՝ ո՞վ, պատասխանել է՝ ամուսինս 9 տարի է ինձ բռնաբարում է

Դեկտեմբեր 01,2019 16:03

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը ՀՀ Քննչական կոմիտեի հետ համատեղ ընտանեկան եւ սեռական բռնության վերաբերյալ քննարկում-սեմինար էր կազմակերպել՝ «գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի» շրջանակներում:

Քննարկման ընթացքում դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ադի Հոլովեյը ներկայացրեց, թե ընտանեկան եւ սեռական բռնության գործերը քննելիս ԱՄՆ իրավապահներն ինչ գործիքակազմ են կիրառում, ժամանակին ինչ սխալներ են թույլ տվել ու ինչ ճանապարհ անցել:

Քննչական կոմիտեից քննարկմանը մասնակցում էին Կոտայքի, Լոռու, Շիրակի, մի շարք համայնքային բաժինների ղեկավար կազմը, ՔԿ պետի տեղակալ Արսեն Այվազյանը, անկախ փորձագետ Դավիթ Թումասյանը եւ այլ մասնագետներ:

Ուշագրավ էր հատկապես ՔԿ Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի զեկույցը, որի ընթացքում նա ներկայացրեց 2017-2019-ի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի վերլուծությունը ու այն, թե ինչ խնդիրների են բախվում պրակտիկայում:

Բանն այն է, որ կառավարությունը ընտանեկան բռնության դեպքերի լատենտայնությունը նվազեցնելու եւ իրավական դաշտ բերելու համար մտադիր է գումար տալ բռնության զոհերին, եթե չխորշեն բողոքել: Քննիչները մտավախություն ունեն՝ ասել քաղաքացիներին, որ դու բռնության մասին հայտնիր ու գումար կստանաս, նշանակում է աղքատության այս մակարդակն ունեցող ժողովրդին դրդել քայլեր ձեռնարկել՝ կոպիտ ասած բյուջեն թալանելու: Քննիչները, պատկերացնելով, թե ինչ է կատարվելու՝ գումար առաջարկելու դեպքում, նույնիսկ կատակում էին՝ Գավառում մեծ սիրով կինը ամուսնուն կասի՝ «մի հատ սենց տուր չանիս, ախպեր ջան, որովհետեւ վաղը վարկիս օրն է, օրաղի փողը պրծել է»: Սա, իհարկե, կատակ է, բայց Ռուսաստանի օրինակը կա, բազմաթիվ  կեղծ ամուսնություններ՝ բազմաթիվ ծրագրերից օգտվելու համար:

2017-2018 եւ 2019-ի առաջին կիսամյակում քննված գործերի վիճակագրությունը առաջին հայացքից տպավորություն է ստեղծում՝ ընտանեկան բռնության դեպքերի աճ կա: Տղամարդու կողմից կանանց բռնության դեպքերը 135 -ն են՝ այս տարվա 6 ամսվա ընթացքում, անցյալ ողջ տարվա ընթացքում 143 է եղել: Եթե 2017-ին ընտանեկան բռնության հետեւանքով սպանության 8 դեպք էր եղել, 2018-ին դեպքերի թիվը 10 էր, իսկ միայն այս տարվա առաջին կիսամյակում արդեն ունենք սպանության 9 դեպք: Մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ այդ թիվը կրկնապատկվի: Բայց ՔԿ ղեկավարները գտնում են՝ իրականում սպանության ցուցանիշն է, որը իրական պատկերն է արտացոլում՝ դիակ կա, չի լինի լատենտային համարել: Բայց մյուս հանցատեսակների մասով ոչ ոք այդ ցուցանիշներից չի կարող ասել՝ ընտանեկան բռնության դեպքե՞րն են աճել, թե՞ վստահությունն է մեծացել: Առաջ ամոթ է եղել բարձրաձայնել, հիմա իրազեկման արդյունքում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո բարձրաձայնում են: Քննիչները ուշագրավ դեպքեր պատմեցին իրենց պրակտիկայից, թե իրազեկումը ինչ արդյունք է տվել: Պարզվում է՝ անցյալ տարի Արմավիրի մարզում մի ուշագրավ դեպք է գրանցվել: Մի կին հայտնել է քննիչներին, որ իրեն բռնաբարել են: Քննիչը մանրամասն կնոջը լսելուց հետո զարմացել է, թե այս ի՞նչ արտառոց դեպք է՝ հարցնում եմ՝ ո՞վ է բռնաբարել, ասում է՝ ամուսինս, հարցնում եմ՝ ե՞րբ, ասում է՝ «էս 9 տարի է»: Այսինքն, 9 տարի ամուսնու կողմից բռնաբարվելով՝ կինը նոր միայն դիմում է՝ գործ հարուցելու ու ամուսնուն պատժելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031