Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի ուսուցչուհին ՄԻԱՎ-ի մասին խոսելիս ասել է՝ այդ մարդկանցից ուղղակի պետք է փախչել. Ժենյա Մայիլյան

Դեկտեմբեր 09,2019 17:30

«Ընտանիքում ծնողները ՄԻԱՎ վարակակիր էին, երեխաները՝ ոչ: Եվ, քանի որ երեխաներն արդեն սեռահասուն տարիքում էին, ծնողները որոշել են նրանց ասել իրենց կարգավիճակի մասին: Մի օր երեխաները տուն են եկել եւ ասել, որ այսօր դպրոցում ՄԻԱՎ-ի մասին են անցել եւ ուսուցչուհին ասել է՝ այդ մարդկանցից ուղղակի պետք է փախչել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսում ասաց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Ժենյա Մայիլյանը՝ պատմելով, թե ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մեր երկրում ինչպիսի խտրական վերաբերմունքի են արժանանում, հատկապես՝ առողջապահական ծառայություններից օգտվելիս, քանի որ այդ դեպքում պարտավոր են իրենց կարգավիճակի մասին հայտնել:

«Մի դեպք ունեինք, որ ՄԻԱՎ-ով ապրող կինը 5-6 բժշկական հաստատություն էր դիմել եւ նոր միայն 7-րդ ում համաձայնել են նրան ծառայություն մատուցել»,-ասաց տիկին Մայիլյանը:

Ըստ «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանի, եթե նույնիսկ համաձայնում են էլ, ապա սահմանված վճարից ավելի բարձր գին են ասում այս կամ այն ծառայության դիմաց, մինչդեռ ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար որեւէ լրացուցիչ ծախս չի էլ անելու տվյալ բուժհիմնարկը՝ բացառությամբ միանգամյա օգտագործման ինչ-որ գործիքների:

Ժենյա Մայիլյանի խոսքով, ՄԻԱՎ-ով ապրող կանայք կրկնակի խոցելի են. «Եղել են դեպքեր, երբ կինն ախտորոշվել է եւ հետագայում թույլ չեն տվել, որ գնա հետազոտությունների: Կամ՝ ընտանիքի անդամները թույլ չեն տվել, որ գնա բուժում ստանա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե կառավարության փոփոխությունից հետո ինչպիսի՞ խնդիրների են հանդիպում, արդյոք կառավարության պատասխանատուները կիսում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների մոտեցումները, տիկին Մայիլյանը պատասխանեց. «Վերջապես ունենք առողջապահության նախարարություն, որը որ անտարբեր չէ ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ»:

Ըստ Ժենյա Մայիլյանի, պարզել են, որ ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող տարեցներին չեն ընդունում ծերանոցներ, եւ դրա առնչությամբ օրենքը փոխելու առաջարկ են ուղարկելու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. «Հուսով եմ, որ առողջապահության նախարարության նման աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ արագ կարձագանքի, որովհետեւ ՄԻԱՎ-ը խոչընդոտ չէ նման կենտրոնում գտնվելու համար»:
Տիկին Մայիլյանը նաեւ ասաց, որ բռնության դեպքերի համար նախատեսված ապաստարանները նույնպես տեղ չեն տալիս ՄԻԱՎ ունեցող բռնության ենթարկված կանանց: Սակայն արդեն պետության միջոցներով բացված ապաստարանները պարտավոր են ընդունել:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 3694 դեպք, որոնցից 1132-ը կանայք են: 2018 թվականին ՄԻԱՎ-ի գրանցման աննախադեպ ցուցանիշ է եղել: Տիկին Մայիլյանը վիճակագրության աճը բացատրում է հայտնաբերելիությամբ: Ըստ նրա, ցուցանիշների աճը նաեւ պայմանավորված է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի շարժական կլինիկաներով, որը շրջում է բոլոր բնակավայրերով եւ հետազոտություն անցկացնում:

Մյուս պատճառն էլ, մասնագետի խոսքով, կարող է լինել այն, որ հղիության ընթացքում կանայք պարտադիր մի քանի անգամ հետազոտվում են. «Հայաստանն այն տարածաշրջանում է, որտեղ ամեն օր ամեն ժամ մարդիկ ՄԻԱՎ-ով վարակվում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031