Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Եթե ընդունվի, նախատեսվում է գերատեսչական հանգստյան տներում զինծառայողներն, նրանց ընտանիքի անդամների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի իրավունքը կազմակերպել:
Նախագծով նաեւ «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրի հետ կապված հարցերն են կարգավորվում:


Կարդացեք նաև
«Լեռնային Հայաստանը», եթե ձեռնարկատիրական գործունեություն էլ ծավալի, գումարը կգնա պետբյուջե:

Հիշեցնենք, որ խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանի մասին է, որի հետ կապված հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Այսօր էլ բանակում կոնկրետ կառույցի ղեկավարը ոչ բանակային հագուստով Շմայսի հետ միասին մասնակցում էր Էջմիածնի ժողովրդի դեմ ճանապարհները փակելուն: Ես հիմա անունը կհնչեցնեմ, որովհետեւ անթույլատրելի է, որ այդպիսի մարդիկ, որոնք ակտիվ քաղաքական պրոցեսներին մասնակցել են, խոսքը «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանի մասին է, դա հայտնի Սերժի Արայիկն է, կամ Սաթիկի վարորդ Արայիկը: Խնդրում եմ կադրային հարցերում ուշադիր լինեք: Այս մարդիկ, որ միշտ հաճույքով ապօրինի գործողություներին մասնակից են եղել, նրանք ԶՈւ-ում անելիք չունեն, «սիմվոլներ» են եւ այդպիսի սիմվոլները պետք է բանակից դուրս մղվեն»:
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ պատասխանեց. «Մենք ձեր հիշեցումն ընդունում ենք ի գիտություն: Շատ լուրջ քննարկումներ են եղել եւ ձեր բոլոր դիտարկումները հաշվի են առնվում: Ձեր հարցի հետ կապված՝ ես կարող եմ անձնապես երաշխավորել, որ իմ իրավասությունների շրջանակներում իրականացնելու եմ հսկողությունը ամբողջ ծավալով, որովհետեւ հետո այստեղ զեկուցելուց հարցերն ինձ են ուղղվելու»:
Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց. «Լեռնային Հայաստանի» տարածքում ամռանը ես եղել եմ, քանի որ գիտեի ում է պատկանում, բարձրացա տեսնեմ ինչ վիճակում է: Այս օրենքի նախագիծը բերելիս ի՞նչ ծախսեր են լինելու՝ վերանորոգման»: Պատգամավորն առաջարկեց «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրում նախ աուդիտ անել ու տեսնել, թե առաջ ոնց են ծախսվել հատկացված գումարները, արդյունավե՞տ են կառավարել, թե՞ ոչ: Հնարավոր է, ուրիշ կառավարման մոդել առաջարկեն:
Անդրանիկ Քոչարյանը նույնպես կարեւորեց աուդիտը՝ ասելով, որ Վազգեն Սարգսյանը պատահական չի ընտրել այդ կառույցի տեղը, այնտեղ հավաքվում էր բանակի հրամկազմը, սպորտային միջոցառումներ էին անցկացվում: Կարեւոր է, որ ծանր ծառայություն ունեցողների սոցփաթեթի մեջ մտնի այս հնարավորությունը:
Գաբրիել Բալայանն էլ ասաց, որ այսօր 1072 զինծառայողների հանգիստն են տարեկան ապահովում այնտեղ եւ եթե մասնավորից առաջարկ կստանան, մենեջմենթը կփոխեն, որ զինվորական մենեջմենթ չլինի: «Լեռնային Հայաստանում» ջրամատակարարման համակարգը, սենյակային պայմանները լուրջ ներդրման կարիք ունեն, կառավարությունը մտադիր է դրա վերանորոգումն իրականացնել ոչ թե բյուջեի, այլ՝ մասնավորի հաշվին:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































