Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն կարող է դիմել սադրանքների

Դեկտեմբեր 12,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մնացականյանի հետ հանդիպումը Ադրբեջանի համար ոչ ցանկալի հունով է ընթացել

Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեւել է երեքուկես ժամ: Նրանք, ինչպես հայտնի է, պայմանավորվել են նորից հանդիպել՝ եկող տարվա սկզբին:

Ինչպես նախորդ տարիներին, Բրատիսլավայի բանակցություններից առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի առաքելությունը որոշեց տարածել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման շուրջ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը: Հուշագրում, որն իր հետ Բրատիսլավա էր տարել Մամեդյարովը, իհարկե՝ նորություն չկար, եւ ինչպես նախորդ անգամներին՝ պաշտոնական Բաքվի քայլը քարոզչական բնույթ ուներ՝ հիշեցնել Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը:

Այսպես, փաստաթղթում նշված էր, թե Ադրբեջանը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին: Որպես առաջին քայլ՝ Բաքուն այս հուշագրում նշում էր՝ «հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ՝ պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան: «Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական եւ ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական եւ ժողովրդավարական գործընթացում», – նաեւ ասվում էր Ադրբեջանի իշխանությունների հեղինակած փաստաթղթում: Հուշագրի վերջում պաշտոնական Բաքուն ընդգծում է, որ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորումը չի տեսնում այս շրջանակներից դուրս:

Իսկ թե պաշտոնական Բաքվի հրապարակած վերոնշյալ պահանջների դեպքում պաշտոնական Երեւանը, առհասարակ՝ հայկական կողմն ինչո՞ւ պետք է բանակցությունների մասնակցի ու կամ՝ էլ ինչի շուրջ բանակցի՝ մնում է անհասկանալի:

Ինչեւէ, ԵԱՀԿ խորհրդաժողովի նիստին ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնելով նախորդ օրը կայացած բանակցությունների մասին որոշ մանրամասներ. «Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին, ցավոք, մենք դեռ ունենք չհամաձայնեցված հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մենք քննարկում ենք կարգավորման փուլային տարբերակը, առաջին քայլը, բնականաբար, պետք է լինի հայկական զորքերի անհապաղ դուրսբերումը Ղարաբաղից եւ այլ տարածքներից»:

Այնուհետեւ պաշտոնական Բաքուն՝ Մամեդյարովի մակարդակով որոշեց հրապարակայնացնել որոշ հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ Բրատիսլավայում Մնացականյանի հետ հանդիպումը Ադրբեջանի համար ոչ ցանկալի հունով է ընթացել:

Նախ՝ Բաքուն հայտնեց, որ Երեւանը մերժել է Բաքվի առաջարկը՝ փոխանակել Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներին հայ գերիների հետ, այսինքն՝ Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ «Ցավոք սրտի, Միլանի հանդիպումից հետո ես չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում այսօր հարաբերական անդորր է, բայց միեւնույն է՝ առաջընթաց չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով»,-Բրատիսլավայում նշեց Էլմար Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը եւ Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում եւս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առեւանգելու եւ սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ եւ 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանի 3-րդ քաղաքացին զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն է, որը 2017թ. փետրվարին գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ընթացքում։

Ինչպես հայտնի է, Ստեփանակերտը մշտապես արձանագրել է, որ հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ, այսինքն՝ չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել ԼՂՀ սահմանն ապօրինի հատած, առեւանգում, սպանություն ու սպանության փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիեւին ու Ասկերովին եւ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին։

Այսպես, Մամեդյարովը ծանր է որակել Մնացականյանի հետ Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունները: «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրեցինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», – ասել է Մամեդյարովը Բրատիսլավայում։ Նա նորից հայտնել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. «Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»։

Ի դեպ, Բրատիսլավայի հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է պաշտոնական Երեւանի դիրքորոշման մասին՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ արձանագրելով, որ այս պահին բանակցություններում կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում: «Հայտարարությունների երեք ռեժիմ կա. երբ հայտարարություն չի հնչում, հնչում են մեկնաբանություններ, երկրորդ, երբ հայտարարությունը եռակողմ է, եւ երրորդ՝ հնգակողմ։ Սա այն տարբերակն է, երբ համանախագահներին գումարվում են կողմերի ներկայացուցիչները։ Նախ` ասեմ, որ սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա։ Չկա, որովհետեւ մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը։ Երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների հետ կապված պարզաբանումներ պետք է ստանանք, դեռեւս չենք ստացել։ Հիմա, ըստ էության, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ կարող եմ արձանագրել, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը։ Մենք ձեւակերպել ենք մեր՝ Հայաստանի եւ Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների պատկերացումները նույնական են։ Մեր ասելիքն առավել լսելի եւ հասանելի է դարձել միջազգային հանրության կողմից»,- ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Բրատիսլավայի բանակցություններից առաջ Մոսկվան եւ Բաքուն փոխզիջման հնարավորություն էին տեսնում ԼՂ կարգավորման հարցում: Դեկտեմբերի 3-ին Բաքվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ասել էր. «Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն է ԱՊՀ տարածքում»,- նշել էր նա՝ հավելելով. «Այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»:

Դեկտեմբերի 2-3-ը Լավրովի՝ Ադրբեջան պաշտոնական այցի նախօրեին՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ջանքերում: Ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»: Ապա` հավելել էին. «Մենք ենթադրում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջեւ երկխոսության միջոցով: Մենք կշարունակենք նպաստել կարգավորմանը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»:

Պաշտոնական Վաշինգտոնը եւս օրերս անդրադարձել է ղարաբաղյան կարգավորմանը: Միացյալ Նահանգները սատարում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերը, ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի Պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Դիմելով ԵԱՀԿ անդամ երկրներին՝ նա նշել էր, որ իրենց, որպես հանրույթի, անհրաժեշտ է լրացուցիչ ջանք գործադրել խաղաղություն հաստատելու ուղիները որոշելու ուղղությամբ Մոլդովայում, Վրաստանում եւ առհասարակ տարածաշրջանում: Ռիքերն ընդգծել էր, որ դեռեւս կյանքեր խլող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելը համապատասխանում է այդ առաքելությանը:

Այսպիսով, ամփոփելով Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, կարող ենք արձանագրել. Բաքուն չի թաքցնում իր դժգոհությունը՝ այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դեռ Բրատիսլավայի հանդիպումից առաջ արձանագրել էինք, որ պաշտոնական Բաքվի վերջին շրջանի ջղաձիգ պահվածքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հայկական կողմի հետ բանակցությունները չեն տալիս այն արդյունքը, որի մասին, գուցե, Ադրբեջանում ակնկալիքներ ունեին ավելի վաղ:

Անշուշտ, այս իրավիճակով չի կարելի բավարարված զգալ ու հանգիստ լինել: Ընդհակառակը՝ Բաքվի հրապարակային դժգոհությունները ժամանակի ընթացքում կարող են հիմք հանդիսանալ նոր սադրանքների հրահրման համար, որոնց պետք է նախապատրաստված լինել թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ սահմաններին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 11.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031