Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթոդաբանության փոփոխության դեպքում կպարզվեր, որ Հայաստանում աղքատ է բնակչության կեսից ավելին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2019 13:24
axqat

Հայաստանում 700 հազար մարդ աղքատ է։ Պաշտոնապես, անցած տարի աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ ամեն չորրորդն ամսական 42 հազար 621 դրամ (88.2 դոլար) վերին աղքատության գծից ցածր է գտնվել։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի, 2017 թվականի համեմատ, աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով։ Այսպես, 2018-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ, նրանցից չափավոր աղքատների թվաքանակը՝ 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 30 հազար մարդ։ Նախորդ տարվա համեմատ՝ ինչպես աղքատների, այնպես էլ չափավոր եւ ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է։

Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (65.8 տոկոսը) քաղաքաբնակներ են։ Նշենք, որ 2018-ին աղքատության վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են 42 հազար 621 դրամ (կամ 88.2 դոլար), 35 հազար 71 դրամ (կամ 72.6 դոլար) եւ 24 հազար 827 դրամ (կամ 51.4 դոլար)։

Համաձայնեք, այս չափանիշները բավական մեղմ են, իրականում աղքատության վերին շեմը պետք է շատ ավելի բարձր լիներ, մոտավորապես 45-50 հազար դրամ, ամսական նույնիսկ այդքան գումար ծախսելով՝ դժվար է գոյատեւելը. ի վերջո, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը մեկ շնչի հաշվով 62 հազար 329 դրամ է։ Բայց մեթոդաբանության փոփոխության դեպքում կպարզվեր, որ Հայաստանում աղքատ է բնակչության կեսից ավելին։ Ի դեպ, 2018 թվականին աղքատության մակարդակները տարբերվում են՝ ըստ մարզերի եւ Երեւանի։ Նշված ժամանակահատվածում նվազել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ բոլոր մարզերում, բացի Լոռու եւ Արմավիրի մարզերի։ Մարզերից հինգում ծայրահեղ աղքատության մակարդակը գնահատվել է զրո։

Օրինակ, միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Արմավիրի մարզերի ցուցանիշները։ Ընդ որում, արդեն տեւական ժամանակ է՝ ամենաաղքատը համարվում է Շիրակի մարզը։ Նշված մարզում բնակչության 42 տոկոսն ապրում է աղքատության գծից ցածր։ Անցած տարի աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008 թվականի ցուցանիշներին Արմավիրի եւ Տավուշի մարզերում։ Սարսափելին այն է, որ անցած տարվա ընթացքում 0-5 եւ 6-9 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է՝ այլ տարիքային խմբերի համեմատ։ Իսկ, ահա, 50-54, 55-59 եւ 60-64 տարիքային խմբերում 2018-ին աղքատության մակարդակն ամենացածրն է։ Պարզվում է, որ միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը (51%)։ 16-ից բարձր տարիքի բնակչության կազմում այս խումբը դժվարությունների է հանդիպում աշխատանք փնտրելիս։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

  Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031