Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից բռնագաղթված փախստականները օր ու գիշեր տուն են ման գալիս, բայց կառավարության նախատեսած գումարով չեն գտնում

Դեկտեմբեր 18,2019 18:25

Ադրբեջանից բռնագաղթված եւ արդեն 30 տարի «Նաիրի» հյուրանոցի մեկ սենյականոցում ապրող Ռիտա Ստեփանյանը մոտ մեկ ամիս է` բնակարան է փնտրում, բայց, առայժմ, չի գտնում: Այն գումարը, որը որ կառավարությունը որոշել է տրամադրել Ադրբեջանից գաղթած փախստակաների բնակարանային խնդիրները լուծելու համար, տիկին Ստեփանյանի համոզմամբ, շատ քիչ է: Ուր զանգում է, որպեսզի գնա տունը տեսնելու, անակնկալի է գալիս՝ իրենց հատկացվելիք գումարից 6-7 հազար դոլարով տները թանկ են: Բնակարանի ցուցակում հայտնված  փախստականներն ասում են, որ սեփական միջոցներից ավելացնել չեն կարող, էլ չեն խոսում տան առուվաճառքը կազմակերպելու, բրոքերի միջնորդավճարի ու վերանորոգման ծախսերի մասին, որոնք, նույնպես, բնակարանը գնելու գործընթացում պահանջվելու են:

Նրանց խոսքով, անգամ մի քիչ տնտեսած գումար չունեն, որպեսզի բնակարանը գնելուց հետո առաջին անհրաժեշտության գույք գնեն՝ մահճակալ, սեղան, աթոռ: Եղած գույքն էլ որ հիմա օգտագործում են, հյուրանոցին է պատկանում: Տիկին Ստեփանյանի խոսքով, փախստականների մեծ մասը ծեր, աշխատանք չունեցող մարդիկ են, որոնց ո՜չ բանկերը հիպոթեք կտա, ո՜չ էլ որեւէ մեկը պարտքով գումար կտա, որպեսզի մի քիչ էլ իրենք ավելացնեն:

 

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ստեփանյանը մեկ առ մեկ թվարկեց բոլոր այն հասցեները, որտեղ բնակարան է փնտրել, բայց իրենց հարմար չի եղել:

 

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին կառավարությունը որոշեց Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային խնդիրը լուծել: Ծրագրի առաջին փուլով բնակարան կհատկացվի անօթեւան մնացած 112 ընտանիքի: Այն իրականացվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։ Այսպես՝ 1 սենյականոց բնակարանի համար հատկացվում է 11 միլիոն 992 500 դրամ գումար, 2 սենյականոցի համար ՝ 14 միլիոն 657 500 դրամ, իսկ 3 սենյականոցի համար՝ 17 միլիոն 322 500 դրամ:

Ռիտա Ստեփանյանի խոսքով, իրենք շատ ուրախ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է լուծել փախստականների խնդիրը, բայց մտավախություն ունեն, որ այդքան քիչ գումարով այդպես էլ չեն կարող բնակարան ձեռք բերել:

Գայանե Զախարյանի խոսքով, այդքան տարի անտուն մնալուց հետո, ուզում են գոնե հետագա կյանքը «մարդավայել ապրել»:
«Ուր գնում ենք, զանգում ենք, նորմալ մեկ սենյականոցը 30 հազար դոլարից պակաս չկա: Մեկ սենյակի համար մեզ մոտ 24 հազար դոլար են տալիս: Մեզ ասում են՝ ի՞նչ է կենտրոնո՞ւմ եք ուզում տուն գնել, բայց այդ ասողները, երեւի, չգիտեն կենտրոնի մեկ սենյականոցների գները: Չէ ուզում ենք մարդավարի ապրել: Այո, կան մեկ սենյականոցներ քաղաքի ամենածայրամասերում, բայց այնպիսի փլված վիճակում են, որ այդքան էլ պիտի ավելացնենք, որ տուն սարքենք: Բայց այս տարիների ընթացքում ոչ մի կոպեկ չենք կարողացել հետ գցել, հազիվ գոյություն ենք պաշտպանել»:

 

Պավել Ստեփանյանը 25 տարուց ավել է «Նաիրրի» հյուրանոցում է ապրում, որից 20 տարին գետնին է քնել: Առողջությունը կորցրած Պավել Ստեփանյանը չի աշխատում, գումար էլ չունի հետ գցած: Ասում է, որ մի կերպ կարողացել է ընտանիքի հոգսը հոգալ: Նա էլ չի պատկերացնում 14 միլիոն 657 500  դրամով ինչպես է 2 սենյականոց գնելու: Հյուրանոցի մեկուկես սենյակում 4 անձով են ապրում: Ինքը, վատառողջ կինը եւ երկու ուսանող երեխաները:

Պավել Ստեփանյանի խոսքով, մոտ 30 հազար դոլարով դժվար թե երկու սենյականոց գտնեն, իսկ 4 անձով էլ չեն կարող մեկ սենյակում ապրել, երեխաներն արդեն մեծ են եւ սեփական անկյուն պետք է ունենան:

Անժելա Մարտիրոսովան նույնպես օր ու գիշեր բնակարան է փնտրում, բայց՝ ապարդյուն: Ասում է՝ այդ գումարով քարուքանդ տներ են առաջարկում, որը կարգի բերելու համար եւս կլորիկ գումար կպահանջվի:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Անժելան պատմեց. «Բանգլադեշում գտա մեկ սենյակ, որը 23 հազար դոլարով վաճառում էին, բայց տանը ոչինչ չկար, պետք է զրոյից դնեիր, վերանորոգեիր, որ տուն դառնա: Բայց մենք անգամ մեկ սեղան, մեկ մահճակալ առնելու հնարավորություն չունենք, ու մնաց՝ տունը վերանորոգենք: Առաջին մասիվում էլ գնացի մեկ սենյականոց տուն նայեցի, նորմալ ապրելու տուն էր, գինը՝ 45 հազար դոլար: Խնդրում ենք, որ կառավարությունը գոնե մի քիչ գումար ավելացնի, որ կարողանանք տունը գնել»:

Սոֆյա Կարակովայի խոսքով, երեք անձով 20 քմ-ում են ապրում եւ մեկ մահճակալում քնում: Տիկին Սոֆյան կյանքի 30 տարիները «Նաիրի» հյուրանոցում է անցկացրել. 80 տարեկան հասակում տան մասին լուրը լսելուց հետո շատ հուզվել է, բայց նաեւ տխրել, որ որդին չի կարողանում այդ գումարի սահմանում բնակարան գտնել:

Ալլա Շախնազարովան նույնպես այս ցուցակում է: Մեկ սենյականոց բնակարանի գումարը դեռ չի ստացել, բայց մտավախություն ունի, որ տուն չի գտնի: Մի քանի տարբերակ նայել է, բայց չի գտել: Ասում է՝ տան գներն էլ  օր օրի բարձրանում են:

Aravot.am-ի հարցին՝ փախստականները մտավախություն ունեն, որ այդպես էլ տուն չեն գտնի, հնարավո՞ր է կառավարությունը վերանայի գումարի չափը, Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը պատասխանեց՝ «Գումարի չափը չի վերանայվի, համենայնդեպս, եթե կա ցանկություն եւ չկա դիտավորություն, չենք կարծում, որ կարող են այնպիսի դեպքեր լինեն, որ փախստականները տուն չգտնեն: Ի վերջո, խելամիտ արժեք է, կադաստրի սահմանած շուկայական արժեքն է: Հաշվարկված է Ավան վարչական շրջանի միջինացված արժեքով եւ շուկան միայն Երեւանով չի սահմանափակվում, եթե մարդը կուզի այդ գումարի սահմաններում ավելի ընդարձակ բնակտարածք ձեռք բերել, կարող է նաեւ մարզերում գնել»:

Նելլի Դավթյանի խոսքով, իրականում այս ծրագրից դժդոհությունները քիչ են. «Դա նաեւ այն փաստով է պայմանավորված, որ ծրագիրը դեռ չի մեկնարկել, ընդամենը կառավարության որոշումն է: Դրանից առաջ էլ մենք փախստականների հետ հանդիպել ենք, ներկայացրել ենք այն պայմանները, որոնք, ըստ էության, պետք է հաստատվեին: Հաստատվել են որոշակի փոփոխություններով եւ առաջիկայում նախատեսվում է, որ մեր շահառու հանդիսացող բոլոր փախստականներին երեք խմբով հրավիրելու ենք մեր ծառայություն, ամբողջ ընթացակարգը մանրամասն բացատրելու ենք, պատասխանելու ենք իրենց անհանգստացնող հարցերին եւ չենք սահմանափակվելու թղթային ծանուցումներով՝ նախ մեր աշխատանքները այդպիսով հեշտացնելու, որովհետեւ, որքան որ շատ լինեն թյուըմբռնումները հոսքն այնքան մեծ է լինելու, զանգերը շատ, իսկ մեր ռեսուրսները չեն հերիքում անհատական մոտեցմամբ զբաղվենք, դրա համար որոշել ենք մենք նախաձեռնողի դերում լինել եւ ի սկզբանե հրավիրել հարց ու պատասխանի, որը նախատեսվում է հունվարի սկզբին»:

Նելլի Դավթյանը նաեւ ասաց, որ նախատեսել էին 5 հավելյալ հաստիքներ, որոնք օգնելու են փախստականներին՝ հաշվի առնելով, որ փախստականների մի մասը միայնակ են տարեցներ ու հաշմանդամություն ունեցող մարդիկ են եւ այլն. «Կառավարության որոշմամբ դա, ցավոք սրտի նախատեսված չէ, բայց մենք չհանձնվեցինք եւ շարունակում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Ե՜ւ հասարակական կազմակերպությունների հետ ենք համագործակցում այդ մասով, կարող է իրավաբանական խորհրդատվություն լինի անվճար եւ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ ենք բանակցում, որ հաստիքներ ֆինանսավորեն, որպեսզի մենք կարողանան նաեւ բնակարանի գնման հարցում աջակցել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031