Երեկ ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց` պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը եւ վերջինս ձերբակալվել է։
Հունվարի 3-ին, հիշեցնենք, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
«Դիանա Հարությունյանը» բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
Կարդացեք նաև
ԱԱԾ տարածած տեսանյութում «Դիանա Հարությունյան» էջը վարող տղամարդը, որի ձայնն ակնհայտորեն փոխված է, ասում է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»: Այս ինքնախոստովանությունից հետո, սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եղան:

Մեր զրուցակիցը վստահ է, որ իշխանությունը պարզապես պատեհ առիթն օգտագործեց`Ռոբերտ Քոչարյանի անունը հերթական անգամ շահարկելու համար եւ հիշեցրեց, որ նման մի նախադեպ արդեն ունեցել ենք, երբ կալանավորվեց TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Այդ գործը, հիշեցնենք, առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից:
«Այս ֆեյք գործելաոճը` 37 թվականի ոճի հերթական դրսեւորումն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին`կարծում եք ազգային անվտանգության, տարածաշրջանային լարվածության աճի կարեւորագույն այս խնդիրների ֆոնին ՀՀ իշխանությունները նման բաներով կզբաղվեի՞ն, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բայց եթե այդ ֆոնի վրա կարող են բլինչիկների մասին ստատուսներ դնել, գնալ շրջագայությունների`ինչ-որ սարերով, ինչի դա՞ չեն կարող անել: Ի՞նչ տարբերություն: Էժանագին բեմադրություն, էժանագին PR` այս իրավիճակում… կարծում եմ, հասարակության գոնե լուրջ հատվածը այս իրականության հետ արդեն հաշտվել է»:

Լեւոն Քոչարյանն իր էջում գրել էր. «Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության (altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։
P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































