Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական եւ հակաամերիկյան գործողությունների մեջ»

Հունվար 05,2020 16:09

«Արտանիշի գագաթից խաղաղության եւ իմաստնության ուղերձ եմ հղում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»,-այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Արտանիշ լեռան գագաթից, որտեղ նա բարձրացել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի եւ մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ:

Փաշինյանն ասել է. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը եւս մեզ համար բարեկամ երկիր է, եւ մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական եւ հակաամերիկյան գործողությունների մեջ»:

Վարչապետը նաեւ ասել է. «Մեր վերելքը Արտանիշի գագաթ՝ նվիրում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Ուզում եմ  այստեղից իմ ողջույնի ուղերձները հղել իմ գործընկեր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ում հետ հանդիպել եմ հոկտեմբերին՝ Երեւանում, իմ ողջույնը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու եւ շփվելու առիթ ունեցել եմ սեպտեմբերին՝ Նյու-Յորքում: Համոզված եմ՝ երկու առաջնորդները  իմաստուն կգտնվեն այս իրավիճակում եւ թույլ չեն տա իրավիճակն ավելի վատթարանա: Մեր բոլոր ծառայություները պետք է նվիրված լինեն մեր երկրների եւ ժողովուրդների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի տրամաբանության մեջ»:  Վարչապետի խոսքով՝ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցներին՝ հետեւելու իրավիճակին եւ «մատը զարկերակի վրա պահելու»:

Արտանիշի գագաթից խաղաղության եւ իմաստնության ուղերձ եմ հղում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 5. Januar 2020

Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկյան ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների իրականացրած օպերատիվ հարձակման հետեւանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրանի կողմից հովանավորվող Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական շիա աշխարհազորային կազմակերպության ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսը:

Դրան հաջորդել է Իրանի՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հրթիռակոծությունը: Պայթյունը գրանցվել է Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտու» տարածքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական կառույցներ։ Հրթիռներից մեկն ընկել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Կրակահերթի տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ռազմաօդային կայանը, որը տնօրինում են ԱՄՆ-ի զինված ուժերը։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031