Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վահան Տերյանը ոչ միայն շունչ տվեց գրական հայերենին, այլեւ գրականության աքսակալներին համոզեց ստեղծագործել գրական հայերենով

Հունվար 07,2020 22:40

Այսօր Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է: Սակայն Կոմիտասի անվան Պանթեոնում հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը նշելու եկել էին նրա նուրբ արվեստի զարմանալիորեն քչաթիվ երկրպագուներ:

Տերյանի ծոռը՝ գրականագետ Գեւորգ-Էմին Տերյանը, դիմելով ներկաներին՝ ասաց. «Վահան Տերյանին շատ բնորոշ են խորհրդանշական թվերը, օրերը՝ 1920 թվականին Հայաստանի Հանրապետության անկումը, Մեռելոցը, բազմաթիվ այլ: Բայց ես ուզում եմ մի քանի կետով ամփոփել, թե ինչ է իրականում արել Վահան Տերյանը հայ մշակույթի համար:  Թեեւ ինքը շատ պայծառ, հմայող, կանչող անուն է, բայց միեւնույն է, ըստ էության արժեւորված չէ եւ մենք լավ չենք հասկանում, թե ինչ է արել մեր մշակույթի համար: Ցավոք, 20-րդ դարասկզբին արեւելահայ իրականության մեջ երկու ամենամեծ պոետները՝ Հովհաննես Թումանյանը եւ Ավետիք Իսահակյանը, ասում էին, որ գրական հայերենը գրականության լեզու չէ, որովհետեւ չունի համ ու հոտ: Ջավախքից եկած 20 տարեկան երիտասարդը իր հանճարի ուժով կարողացավ ոչ միայն ստեղծել գրական հայերենը, շունչ տալ գրական հայերենին, այլեւ համոզել գրականության աքսակալներին, որ նրանք եւս սկսեն ստեղծագործել գրական հայերենով:

Երկրորդ մեծ փոփոխությունը, որ արեց Վահան Տերյանը, ցույց տվեց, որ ոչ թե հայերենն է սահմանափակ, այլ գրողներն են ծույլ եւ չեն ճանաչում հայերենը: Եվ նա մինչեւ հիմա իմ կարծիքով ոչ միայն բոլոր հայերի, այլ նաեւ հատկապես գրողների ուսուցիչն է՝ եւ լեզվի, եւ տաղաչափության:

Երրորդ գաղափարը, որ Տերյանն առաջ քաշեց, հոգեւոր Հայաստանի գաղափարն է, որ Հայաստանը սահմաններ չէ, շոշափելի չէ, հող ու ջուր չէ, այլ Հայաստանը մետաֆիզիկա է: Կա Հայաստանի ոգի եւ բանաստեղծությունը, կտավը, մշակույթը ուժեղացնում են Հայաստանի ոգին: Ինչքան Հայաստանի ոգին ուժեղ է, այնքան ուժեղ է իրական, նյութական Հայաստանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031