Լրահոս
Օրվա լրահոսը

Իմքայլական պատգամավոր. «Հայագիտության զարգացման վայրը չպետք է լինեն ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի կամ ծրագրման ֆակուլտետները»

Հունվար 09,2020 12:37

Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցի առիթով Կոմիտասի անվան Պանթեոնում մեծանուն բանաստեղծի շիրիմի մոտ շատ խոսվեց տերյանական հայերենի եւ ընդհանրապես հայապահպանության գործում հայոց լեզվի եւ հայ գրականության անգնահատելի դերի մասին:

Այս տրամադրությամբ Aravot.am-ը զրուցեց արարողությանը ներկա ԱԺ իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ:

-Այսօր այստեղ՝ Վահան Տերյանի շիրիմի մոտ, գրականության եւ արվեստի մարդիկ խոսում են Վահան Տերյանի նուրբ հայերենի, հայոց լեզվի եւ հայ գրականության միջոցով հայապահպանության եւ այդ գործում մտավորականության դերի մասին: Այս ֆոնի վրա ի՞նչ կասեք ԿԳՄՍ առաջ քաշած, այսպես կոչված, կրթական բարեփոխումների փաթեթի մասին, որով առաջարկվում է հայ եկեղեցու պատմություն առարկան հանել հանրակրթական դպրոցների ծրագրից, հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական:

-Հանրակրթական դպրոցների մասով միայն ծանոթ եմ չափորոշիչներին, որ հիմա մշակվում են: Ինչ նախանշված է չափորոշիչներով, դասագրքային տեսքով որեւէ առանձնահատուկ այլ բան չեմ տեսել եւ դրանք ինձ բավարարում են որպես լեզվաբանի:

Ինչ վերաբերում է աղմուկ հանած բուհական այդ գործընթացներին, քանիցս խոսել եւ իմ կարծիքը հայտնել եմ նաեւ որպես հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ: Ես նույնպես կողմ եմ այն մտքին, որ հայագիտությունը պետք է զարգանա: Բայց հայագիտության զարգացման վայրը չպետք է լինեն ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի կամ ծրագրման ֆակուլտետները: Վստահ չեմ, որ այնտեղ հայերեն անցնելու արդյունավետությունը հայագիտության հետ որեւէ կապ ունի: Նախորդ տարի եւ այս տարի էլ ամեն ինչ անելու ենք, որ հայագիտությանը տրամադրվող բյուջեն զարգանա: Բայց այն տեղը, որտեղ հայագիտությունը զարգանում է, պետք է լինի հայ բանասիրության ֆակուլտետը, Ազգային գրադարանը, Պետական արխիվը, Գրականության եւ արվեստի թանգարանը, Մատենադարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, պատմության ֆակուլտետը, այն տեղերը, որտեղ իսկապես հայագիտության զարգացման պոտենցիալ կա: Ու այս իմաստով կարծում եմ՝ երբեմն այս խառնաշփոթի մեջ թացը չորին է խառնվում:

-Դուք խոսում եք հայագիտության զարգացման մասին: Բայց այս պարագայում հարցը հայագիտությունը չէ, խոսքն ընդհանրապես հայերենի, հայ գրականության եւ պատմության պատշաճ իմացությունն է:

-Այս ինչ տխուր թեմաների ենք անդրադառնում այս միջոցառումից կտրվելով: Եթե հարցն այն մասին է, թե ինչու 12 տարի դպրոցում հայերեն սովորելուց հետո դիմորդը բուհ ընդունվելիս հայերեն չգիտի այնքան, որ իրեն պետք է համալսարաններում վանկ, շեշտ, տողադարձ սովորեցնել, շատ ճշմարիտ ու օբյեկտիվ հարց է: Այսինքն, պարզապես պետք է կտրել եւ այդ դիմորդներին չընդունել բուհ: Որովհետեւ պետք է ինչ-որ գործիք ունենաս, որով կարտահայտես քո մտքերը: Իսկ այդ գործիքը մարդկության համար հիմնականում լեզուն է: Մեր պատկերացրած, մեր տեսած երկրում այդ խնդիրն այնպես դրված չի, որ ուսանողները պետք է գնան համալսարաններ: Հիմա երեք փուլով են չէ՞ անցնում՝ դպրոց, կրկնուսույց եւ նույն բանը մի հատ էլ համալսարանում են անցնում: Համենայն դեպս, բնագիտական –կիրառական առարկաների ֆակուլտետների ինձ ծանոթ ուսանողները հենց այդպես էլ նկարագրում են, որ նույն բաներն են անցնում:

Կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է մեր երկրի մասին պատկերացումները փոխենք ու տեսնենք մեր ուսանողներին իբրեւ հայերեն իմացող, հայերեն խոսող, հայերեն գրել-կարդալ իմացող մարդկանց:

Ինչ վերաբերում է ընդհանրապես հայերենի կիրառականությանը մասնագիտական ոլորտներում, համակարծիք եմ այն մտքի հետ, որ եզրութաբանությունը հայերենացնելու անհրաժեշտություն կա: Բայց դրա համար պետք է հայերենի ծրագրերն առաջարկող դասախոսները ջանք ներդնեն: Ոչ թե ակնկալեն, որ այդ հարցը լուծվելու է ԿԳՄՍ նախարարությունում, այլ իրենք որպես ծրագրեր առաջարկեն այնպիսի տարբերակներ, որոնք կլինեն մրցունակ եւ որոնք բուհի ներքին կարգավորման միջոցով կընտրվեն տվյալ ֆակուլտետի դասավանդման համար: Օրինակ, եթե առաջարկվի մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության եւ այլ առարկաների այն դասագրքերը, որոնք հայերեն չեն, իսկ դրանք բավականին շատ են, կիսամյակ առ կիսամյակ կուրսի հետ թարգմանվեն հայերեն եւ նման այլ ծրագրեր, կարծում եմ՝ որեւէ դեկան չի հրաժարվի: Եվ այն բոյկոտը, որ տեղի ունեցավ ամիսներ առաջ պատմության եւ հայոց լեզվի ֆակուլտետների ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այլ ոչ այն ֆակուլտետների, որտեղ պետք է հանվեն, կողմից, ցույց է տալիս, որ համալսարանում, կարծես թե, մնացած ֆակուլտետները առանձնապես դժգոհ չեն նախարարության որոշումից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031