Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթ նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննվում է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը, որով անցնում է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Ռազմիկ Աբրահամյանը դատարանում է: Դատարանը որոշում է կայացրել նիստը դռնփակ անցկացնել, թեեւ լրագրողների ֆիզիկական ներկայությունը չեն արգելում, բայց չի թույլատրվում անգամ նիստը ձայնագրել:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։
Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ առողջապահության փոխնախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել՝ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ի նպաստ կաշառատուի գործողություններ կատարելու համար:
Կարդացեք նաև
Արսեն Դավթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը հակադարձեց՝ ասելով, որ նման հիմքով չի կարելի նիստը հետաձգել, չի նախատեսվում նման բան. «Այսօր այդ ապացույցի հետ կապված մենք որեւէ խնդիր չունենք, հետեւաբար մինչեւ Վերաքննիչի որոշումը հետաձգելը քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտում է»:
Մեղադրող դատախազ Ա. Մանուկյանն առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ այն ենթակա է մերժման:
Դատավորը միջնորդությունը մերժեց՝ ասելով, որ եթե անգամ հետագայում ՍԴ-ն կամ Վերաքննիչ դատարանը հարցի հետ կապված հետեւություններ անի, զրկված չեք միջնորդություն անել միջանկյալ: ՍԴ-ի վճիռները գիտենք, որ բավականին երկար ժամանակ են հրապարկվում, գործի քննությունը պետք է կարողանանք մենք ողջամիտ ժամկետով ավարտել, որը բխում է ամբաստանյալի՝ արդար դատաքննության իրավունքից: Դատարանում բոլոր ապացույցները պետք է հետազոտվեն. «Եթե մենք ապացույց չենք հետազոտում, դա չի կարող լինել ակտի հիմք: Մենք կարող ենք հետազոտել նշված ապացույցը, հետագայում, եթե անհրաժեշտություն կլինի, միջնորդություն կներկայացնեք անթույլատրելի ճանաչելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































