Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործով դատական նիստն է. միջնորդություն ներկայացվեց հետաձգել նիստը այնքան ժամանակ, մինչեւ ՍԴ-ն որոշում կայացնի

Հունվար 16,2020 16:29

Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթ նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննվում է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը, որով անցնում է  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Ռազմիկ Աբրահամյանը դատարանում է: Դատարանը որոշում է կայացրել նիստը դռնփակ անցկացնել, թեեւ լրագրողների ֆիզիկական ներկայությունը չեն արգելում, բայց չի թույլատրվում անգամ նիստը ձայնագրել:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ առողջապահության փոխնախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել՝ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ի նպաստ կաշառատուի գործողություններ կատարելու համար:

Արսեն Դավթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արսեն Դավթյանի պաշտպանը դատարանում միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ դատական նիստը պետք է հետաձգեն՝ մինչեւ Վերաքննիչ քրեական դատարանը սահմանադրականության հարցով դիրքորոշում ունենա. «Նախագահող դատավորը տեսավ, որ սահմանադրականության խնդիր կարող է առաջանալ: ԱԱԾ-ի աշխատակիցները հրաժարվեցին ներկայացնել՝ եղե՞լ են տվյալներ, որ կարող են հաստատեն, որ Արսեն Դավթյանը կարող է կասկածվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ: Այս տվյալը դատարանին մինչ օրս չի ներկայացվել: ՍԴ-ն դիմումը չի քննել տվյալ հարցի վերաբերյալ եւ Վերաքննիչ քրեական դատարանն իր դիրքորոշումը չի հայտնել: Մինչեւ այս հարցի պարզաբանումը չտրվի, մենք չենք կարող նիստ անցկացնել, մանավանդ ներքին դիտում, տվյալ ապացույցը հետազոտել: Ուստի միջնորդություն ենք ներկայացում դատական նիստը հետաձգել այնքան ժամանակ, մինչեւ ՍԴ-ն ու Վերաքննիչն իր դիրքորոշումն արտահայտի…Կաշառք տալու ապացույցի հետազոտման համար ներքին դիտում է պետք: Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը հետաձգվել է: Հարցը քննության առարկա դարձել է, չի լուծվել, պետք է ՍԴ-ն դիմումը քննության առարկա դարձնի, նոր դրանից է կախված լինելու Վերաքննիչի հետագա դիրքորոշումը, նաեւ ԱԱԾ-ի հետագա դիրքորոշումները, որովհետեւ վերջիններս հրաժարվում են նյութեր ներկայացնելուց»:

Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը հակադարձեց՝ ասելով, որ նման հիմքով չի կարելի նիստը հետաձգել, չի նախատեսվում նման բան. «Այսօր այդ ապացույցի հետ կապված մենք որեւէ խնդիր չունենք, հետեւաբար մինչեւ Վերաքննիչի որոշումը հետաձգելը քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտում է»:

Մեղադրող դատախազ Ա. Մանուկյանն առարկեց միջնորդությանը՝ ասելով, որ այն ենթակա է մերժման:

Դատավորը միջնորդությունը մերժեց՝ ասելով, որ եթե անգամ հետագայում ՍԴ-ն կամ Վերաքննիչ դատարանը հարցի հետ կապված հետեւություններ անի, զրկված չեք միջնորդություն անել միջանկյալ: ՍԴ-ի վճիռները գիտենք, որ բավականին երկար ժամանակ են հրապարկվում, գործի քննությունը պետք է կարողանանք մենք ողջամիտ ժամկետով ավարտել, որը բխում է ամբաստանյալի՝ արդար դատաքննության իրավունքից: Դատարանում բոլոր ապացույցները պետք է հետազոտվեն. «Եթե մենք ապացույց չենք հետազոտում, դա չի կարող լինել ակտի հիմք: Մենք կարող ենք հետազոտել նշված ապացույցը, հետագայում, եթե անհրաժեշտություն կլինի, միջնորդություն կներկայացնեք անթույլատրելի ճանաչելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031