Անցյալ տարի օտարերկրացիներն ավելի շատ վաճառել են իրենց անշարժ գույքը Հայաստանում, քան` գնել
Անցյալ տարի 226 օտարերկրյա քաղաքացի Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել: Նրանց հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունից են: Այսպես` 2019 թվականի նոյեմբերի դրությամբ մեր երկրում ՌԴ 111 քաղաքացի գնել է անշարժ գույք, որից 64-ը բազմաբնակարան շենքում բնակարան, 21 ռուսաստանցի էլ բնակելի տուն է նախընտրել: ՌԴ երեք քաղաքացի արտադրական նշանակության շինություն է ձեռք բերել, 5-ը` հասարակական նշանակության: 7 քաղաքացի էլ ավտոտնակ է գնել: Ռուսաստանցի 11 քաղաքացի մեր երկրում հողատարածք է ձեռք բերել, որից մեկը` գյուղատնտեսական նշանակության:
Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-նոյեմբերին զեկույցից:
ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 38 օտարերկրացի է մեր երկրում անշարժ գույք ձեռք բերել: Ամերիկացիները հիմնականում բնակարան, բնակելի տուն ու հողատարածքներ են ձեռք բերել: Եվրոպական պետությունների 24 քաղաքացի է Հայաստանում բնակարաններ, հողատարածք ու գյուղատնտեսական նշանակության հողեր գնել: ԱՊՀ պետություններից էլ, բացառությամբ Ռուսաստանի, 11 քաղաքացի է մեր երկրում անշարժ գույք ձեռք բերել` նախապատվությունը հիմնականում տալով բնակարաններին: Իրանի քաղաքացիություն ունեցող 15 օտարերկրացի էլ ավտոտնակ ու բազմաբնակարան շենքում բնակարան է գնել:
Կարդացեք նաև
Սիրիայից ընդամենը մեկ քաղաքացի է հողատարածք գնել:
Անցյալ տարի, սակայն, օտարերկրացիներ են եղել, որոնք վաճառել են իրենց գնած անշարժ գույքը: Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեի փաստաթղթից, ավելի շատ վաճառք է եղել, քան` գնում: 2019-ին անշարժ գույքը վաճառքի է հանել 424 օտարերկրյա քաղաքացի, որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: ՌԴ 356 քաղաքացի վաճառել են բնակարանները, բնակելի տները, ավտոտնակները, հողատարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը: ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող 18 անձ է Հայաստանում ձեռք բերած իր անշարժ գույքը վաճառել:
Եվրոպական միության երկրներից էլ 17 քաղաքացի է Հայաստանում գույքն օտարել, որից 10-ը վաճառել են իրենց բնակարանները, 3-ը` բնակելի տները, 4 եվրոպացի էլ հողատարածքն է վաճառել, իսկ Եվրոպայի երկու քաղաքացի էլ` գյուղնշանակության հողերը:
Իրանցիները, սակայն, ավելի շատ գնել են անշարժ գույք, քան` վաճառել: Անցյալ տարի Իրանի ընդամենը 8 քաղաքացի է գույքը վաճառել, որից վեցը` բազմաբնակարան շենքի իր բնակարանները:
Սակայն ԱՊՀ երկրներից, բացառությամբ Ռուսաստանի, քաղաքացիներն ավելի շատ վաճառել են, քան` գնել: 2019-ին նշյալ երկրներից 18 քաղաքացի վաճառել է իր անշարժ գույքը` բնակարանները, բնակելի տներն ու հողատարածքները:
Նշենք, որ օտարերկրացիների հիմնական մասը անշարժ գույք ձեռք բերելիս նախապատվությունը տալիս է Երեւանին: Առուվաճառքի գործարքների թվով առաջատար է նաեւ Կոտայքի մարզը, ապա` Շիրակը, Լոռին, Արմավիրը, Սյունիքը, Գեղարքունիքը:
Հատուկենտ գործարքներ կատարվել են Վայոց Ձորում, Արագածոտնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2020