Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների նվիրած «կամազների» հարցը՝ ԱԺ-ում. Իմքայլականները հակափաստարկներ են բերում

Հունվար 21,2020 16:12

Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել:

Հանձնաժողովն ուսումնասիրելու է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը։

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց այդ որոշման նախագիծը: Քննիչ հանձնաժողովի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը արդեն հրապարակել է փաստեր այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանին գույք նվիրաբերած մի շարք տնտեսվարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են շինթույլտվություններ կամ ինքնակամ կառույցների օրինականացում: Նվիրատուների ցանկը չէին հրապարակել, համայնքի գործունեության թափանցիկության սկզբունքը ոտնահարվել էր:

Հիշեցնենք, որ նվիրատուների ցուցակում էր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Անի Սամսոնյանն ասաց, որ նախկինում նվիրատվությունները քննարկվել են ավագանիում, բայց անհայտ պատճառներով` այս «Կամազների» նվիրատվությունը ավագանիում չի քննարկվել, մարդիկ անտեղյակ են եղել այդ գործարքից ու դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Սահմանադրությունը սահմանում է,որ քննիչ հանձնաժողով կարող են ստեղծել ԱԺ-ի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ունեցող հարցի հետ կապված, ուստի հարցրեց՝ ձեր նախագծում ներկայացրած որեւէ հարց ԱԺ-ի իրավասության մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Անի Սամսոնյանը պատասխանեց, որ ԱԺ իրավաբանական վարչությունը տվել է եզրակացություն, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, սա ենթադրում է, որ նախագծում ընդգրկված հարցերի շրջանակը եւս համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Բացի այդ, ըստ Սամսոնյանի, ՏԻՄ-երը բացարձակ անկախ չեն, մասնագիտական վերահսկողական գործառույթ է տրված կառավարությանը, իսկ ԱԺ-ն վերահսկում է գործադիրին՝ աստիճանակարգությամբ:

Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Եթե տեղյակ չեք, պարզաբանեմ, ԱԺ աշխատակազմի համապատասխան վարչության տված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի… Դուք մխրճվելու եք ՏԻՄ ոլորտ՝ այս հանձնաժողովի ստեղծմամբ»:

Անի Սամսոնյանն ասաց, որ ստուգելու են քաղաքապետարանի գործարքների օրինականությունը, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին: Սամսոնյանն ասաց, որ անցյալ տարի ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնացել մտել էր համայնքներ եւ ստուգումներ էր անում, երբ դրա իրավունքը չուներ, ուստի հորդորեց նախ դրա գնահատականը տալ, հետո նոր ասել, որ իրենք մխրճվում են ՏԻՄ տիրույթ:

Վիկտոր Ենգիբարյանն ասաց, որ նվիրաբերված ամբողջ գույքն անցել է համայնքին, անձնական շահի համար չի եղել. «Չեմ կարծում, որ Երեւանի քաղաքապետարանում ինչ-որ մեկը Կամազների սիրահար էր»: Սամսոնյանն էլ արձագանքեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» բնութագրմամբ, կոռուպցիայի դեպքում կարող ես ոչ միայն անձնական շահ հետապնդել, այլ կարող ես մանիպուլացնել, չարաշահել քո պաշտոնական լիազորությունները ու ի կատար ածել՝ հօգուտ քո վարկանիշի կամ պաշտոնի պահպանման. «Կոռուպցիան շատ ավելի լայն հասկացություն է, քան ինչ-որ մեկի կողմից անձնական, դրամական օգուտ ստանալը»:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց, որ հիմա, ըստ էության, Սամսոնյանն այս նախաձեռնությամբ վերցնում է ավագանու լիազորությունները: Երեւանի ավագանին կարող է անել նույնը. «Ինչո՞ւ ձեր ավագանին դա չի նախաձեռնել, ինչո՞ւ ենք փորձում մեր լիազորություններից դուրս գործողություն իրականացնել»:

Անի Սամսոնյանը պատասխանեց, որ Երեւանի քաղաքապետարանը թափանցիկ չի գործել, խաթարել է Երեւանի ավագանու գործունեությունը՝ որպես վերահսկող մարմին. «Ցավոք, Երեւանի ավագանին այսօր չունի անհրաժեշտ կարողությունները, չունի անհրաժեշտ կամքը վերահսկողական գործառույթներ իրականացնելու, չունի պատշաճ մակարդակ, որպեսզի քննարկի նմանատիպ հարցեր, որոնք վերաբերում են կոռուպցիային: Ներեցեք, ես բարձր կարծիք չունեմ Երեւանի ավագանու մասին ու այս հարցը վստահել Երեւանի ավագանուն չեմ պատրաստվում»:

Գայանե Աբրահամյանն արձագանքեց. «Փաստացի չեք վստահում ձեր խմբակցությանը»: Նա հորդորեց Սամսոնյանին ընդհանրացված չխոսել. «Մենք ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը վստահում ենք, գիտենք, որ ունեն բավարար կարողություններ այս բոլոր հարցերը վերահսկելու»: Նա վստահեցրեց, որ քննիչ հանձնաժողովը հարց չի լուծելու, պետք է ինստիտուցիոնալ լուծման գնալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031