Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Կարապետյան. «Մենք պատրաստ ենք անձամբ Սամվել Ալեքսանյանից ընդունել նվիրատվություն»

Նոյեմբեր 28,2019 17:45

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ Սամվել Ալեքսանյանի  նվիրատվության մասին, ասաց՝ Երեւանի քաղաքապետարանն ու քաղաքապետը նվերներ կընդունեն Ալեքսանյանից այնպես, ինչպես մյուսներից:

«Ի սկզբանե «դիստանցիա» պահել, կամ խորշել Սամվել Ալեքսանյանից, այդպիսի բան չկա: Պարոն Խաժակյանը գուցե կարող է առաջնորդվել ասեկոսեներով, բայց մենք՝ քաղաքային իշխանությունը կարող է հայտարարություն անել, այս կամ այն բանը վերագրել այս կամ այն անձին միայն փաստաթղթի հիման վրա»,-ասաց Կարապետյանը:

Նա նաեւ նշեց՝ «Ալեքս Հոլդինգի» ղեկավարը պետական ռեգիստրում գրանցված է մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ, իսկ քաղաքապետարանի հետ նվիրատվության պայմանագիրը կնքվել է տնօրեն Հայկ Իսրայելյանի հետ:

«Քաղաքապետարանը չունի գործիքակազմը կամ խնդիրը պարզելու՝ այս կամ այն ընկերության հետեւում կանգնա՞ծ է այս կամ այն գործարարը, թե՞ ոչ: Առավել եւս, որ մենք պատրաստ ենք անձամբ Սամվել Ալեքսանյանից ընդունել նվիրատվություն: Իսկ երբ հարցնում են՝ ստացե՞լ եք Սամվել Ալեքսանյանից նվիրատվություն, ասում ենք՝ ոչ, որովհետեւ եթե ասենք՝ այո, բաժնետերերը կամ Հայկ Իսրայելյանը կզանգեն, կասեն՝ եղբայր, էդ մենք նվեր տանք, դու ուրիշ մարդու անուն հնչեցնես»,-ասաց Կարապետյանը:

Նա ներկայացրեց քաղաքապետարանին նվիրատվություն կատարած ընկերությունների անուններն ու նվիրած գույքը՝

1.Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ:
2. «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ:
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ:
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ:
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ:

Խաժակյանի այն հայտարարությունը, որ «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նվիրատվությունը կատարել է շինթույլտվության դիմաց, Կարապետյանն այսպես արձագանքեց՝ այս ընկերությունը շինթույլտվություն ստացել է մինչ նվիրատվությունը, բայց շատ շուտ:

Ընդհանուր առմամբ՝ նվիրատվությունները ստացել են օգոստոսի 14-ին, 26-ին, 6-ին, սեպտեմբերի 2-ին, նոյեմբերի 5-ին, հոկտեմբերին:

Թե ինչո՞ւ այս նվիրատվությունների մասին քաղաքապետարանը չէր հայտարարում, Կարապետյանը պատասխանեց՝ դեկտեմբերին տոներին ընդառաջ քաղաքապետարանը մեծ միջոցառում է նախատեսում, որի ընթացքում քաղաքապետը շնորհակալագրեր եւ պատվոգրեր է հանձնելու այն բազմաթիվ ընկերություններին, որոնք աջակցել են քաղաքի տնտեսությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930