Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով սահմանվում են, թե ինչ տեղեկատվություն են պարտավոր ներկայացնել ՀԿ-ները՝ տարեկան հաշվետվության մեջ: Ըստ առաջարկվող նախագծի, ՀԿ-ները պետք է ներկայացնեն իրականացրած նիստերի քանակը, իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվություն, դրամական կամ գույքային տարեկան մուտքերի քանակը, օգտագործված միջոցները եւ կամ շարժական, անշարժ գույքը, ձեռնարկատիրական գործունեության մասին եւ մի շարք այլ տեղեկություններ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ իրավաբանական անձանցից նման տեղեկատվություն չեն ստանում ու տարօրինակ է այն, որ դա պահանջում են ՀԿ-ներից. «Դա դառնալու է քաղաքական գործիք»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ո՞վ է գնահատելու, թե ինչքանով են արդյունավետ ծախսվել միջոցները, ՊԵԿ-ն է այդ գնահատականը տալո՞ւ:
ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց, որ այլ պետական մարմին այդ գործառույթների իրականացման համար չկա:
«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ՀԿ-ները տարաբնույթ գործունեություն են ծավալում, այդ թվում՝ մեդիա գործունեություն եւ իրենց թափանցիկությունը շատ կարեւոր է: Նա հարցրեց, թե տույժի չափը չե՞ն ուզում մեծացնել, մեկ տարվա կտրվածքով 50 հազար դրամը տույժը քիչ է, ըստ նրա:
ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց, որ տույժը իրենք էլ են նկատել, բայց այդ մասով որեւէ փոփոխություն չեն անում, նպատակը ոչ թե կասեցնելն է ՀԿ-ների գործունեությունը, այլ՝ վերահսկելու հնարավորությունը:

ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հարցրեց՝ օրենքի հիմնավորման մեջ գրել եք, որ նոր օրենքի նպատակն է տարընթերցումները հարթել, բայց նախնական փակ քննարկումների ժամանակ ասվում էր, որ ՊԵԿ-ն այս ոլորտում մի շարք չարաշահումներ է արձանագրել. «Կարո՞ղ եք ասել, թե ինչ չարաշահումներ էիք ֆիքսել, որը նախագծի համար հիմք է հանդիսացել»:
Հովհաննիսյանը պատասխանեց, որ հրապարակային չի կարող ասել:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































