Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք անդրադառնում իրենց ֆինանսավորման մութ աղբյուրներին, իրենք են հա՞ արդեն զբաղվում մեր ֆինանսավորման հարցերով». Արմինե Օհանյանի արձագանքը

Փետրվար 21,2020 22:15

Այսօր ներկայացվեցին կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության 2019-ի արդյունքները: Հետազոտությունը կատարվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Հարցման արդյունքներով ամենակոռումպացված կառույցներից մեկը ԶԼՄ-ներն են, ավելի կոռումպացված, քան մաքսայինը, դատախազությունը: Կոռումպացվածությամբ դատավորներից հետո լրատվամիջոցներն են: Նախորդ հարցման արդյունքներով, որը եղել է 2010-ին, ԶԼՄ-ները շատ ավելի քիչ կոռումպացված են համարվել:

Թե ինչպե՞ս է, որ նման արդյունքներ են արձանագրել, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնից Հեղինե Մանասյանը պատասխանեց, որ եթե իրեն հարցնեին, կասեր՝ որովհետեւ չգիտենք, թե որ ԶԼՄ-ն ում է պատկանում, ումից է ֆինանսավորվում, ինչի համար, ինֆորմացիա՞ է տալիս, թե՞ դեզինֆորմացիա. «Եթե դա հրապարակային եւ թափանցիկ լիներ, ես չէի համարի, որ ԶԼՄ-ները կոռումպացված են: Մեր համար էլ էր ԶԼՄ-ների մասին արդյունքը զարմանալի կետերից մեկը»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էլ հավելեց, որ մարդիկ ԶԼՄ-ներում սուտ, ուռճացված լուրեր են տեսնում եւ, ըստ էության, մարդիկ իրենց գնահատականն են տալիս. «Այստեղ այո, կա պատվերների խնդիր, կեղծ լուրերի տարածում ու սա շատ լավ ազդակ է առաջին հերթին ԶԼՄ-ների ու լրագրողների համար, որոնք պետք է պնդեն, որ արագացվեն ԶԼՄ-ների դաշտում բարեփոխումները եւ սեփականության ամրագրման դրույթները շտապ ամրագրվեն օրենսդրության մեջ: Դա որոշ չափով կարող է մեղմել ընդհանուր վարքագիծը ԶԼՄ-ի»:

Aravot.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ այդ հարցումներն այնքան էլ օբյեկտիվ չեն. «Այնքան անաչառ չեն, որ կարելի է լուրջ վերաբերվել այդ հարցումներին: Վստահելի չեն: Հետո բոլոր հնարավոր խողովակներով փորձում են վարկաբեկել ԶԼՄ-ներին, դա անում են ոչ միայն իշխանությունները, այլեւ ՀԿ-ները: Հենց այդ հարցումն էլ նաեւ դրա մասին է խոսում: Ինչ-որ մի պահից մենք ու ՀԿ-ները փաստորեն հայտնվել ենք տարբեր դաշտերում: Փոխանակ մեզ գործընկեր լինեն, մեզ աջակցեն, օգնեն, որ նաեւ մեր հեղինակությունը, մեր դերը բարձրանա հասարակության մեջ, նաեւ մեր դեմ հարցումներ են անում, ինչի՞ համար են անում, ես լավ չեմ հասկանում»:

Երբ փոխանցեցինք, որ իրենք դա բացատրում են նրանով, որ չգիտեն, թե որ ԶԼՄ-ն ում է պատկանում, ումից է ֆինանսավորվում, ասում են, որ պետք է թափանցիկ աշխատեն ԶԼՄ-ները՝ Արմինե Օհանյանն արձագանքեց. «Իսկ մենք գիտե՞նք իրենք ումից են ֆինանսավորվում, ինչ ձեւով են աշխատում, ում են ծառայում, ումից են դրամաշնորհ ստանում, մենք գիտե՞նք այդ բոլորը: Այնքան, ինչքան մենք գիտենք իրենց մասին, այդքան էլ իրենք գիտեն մեր մասին, որովհետեւ այն  տիպի ֆինանսական հաշվետվություններ, ոնց որ իրենք են ներկայացնում, նույն տիպի հաշվետվություններ ներկայացնում են նաեւ ԶԼՄ-ները: Ավելին, մենք ամեն տարի յուրաքանչյուր մարտ ամսին մինչեւ ամսվա վերջ տպագրում ենք մեր հաշվետվությունները մանրակրկիտ:

Մենք հարկեր ենք վճարում, եռամսակային հաշվետվություններ ենք ներկայացնում, իրենք անո՞ւմ են այդ բոլորը: Դատավորի դեր ստանձնելը շատ հեշտ է ԶԼՄ-ների նկատմամբ, այսօր բոլորը դատավոր են լրագրողների ու լրատվամիջոցների գլխին, իսկ իրենք ինչո՞վ են ավելի թափանցիկ գործում, քան մենք: Մենք չենք անդրադառնում իրենց ոչ թափանցիկ գործելաոճին, այստեղից-այնտեղից ֆինանսավորման տարբեր մութ աղբյուրներին, իրենք են հա՞ արդեն զբաղվում մեր ֆինանսավորման հարցերով: Թող իրենք իրենց գործն անեն ու քաղհասարակության դեր խաղան այս երկրում, ոչ թե դատավոր դառնան ԶԼՄ ներկայացուցիչների գլխին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829