Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արձանագրել ենք առանձին համայնքապետերի եւ վարչական ղեկավարների ներկայության հետ կապված խնդիրներ». «Ականատես» դիտորդական առաքելություն

Հունիս 08,2026 16:10 Share

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն, Սոնա Այվազյանն այսօր «Մեդիա» կենտրոնում նշեց, որ երեկ ԱԺ ընտրություններում ընտրատեղամասերի պատահական ընտրանքի մեթոդաբանությամբ իրականացրած դիտարկումներով են չափել քվեարկության ընթացքի որակը։

Սոնա Այվազյանն ասաց, որ իրենց ընդհանուր դիտարկմամբ՝ քվեարկության գործընթացներն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ միջավայրում, մրցակցային պայմաններում, դինամիկ վիճակում։ «Նկատվել է քաղաքացիների, ընտրողների մեծ ակտիվություն։ Միաժամանակ որոշ տեղամասերում նկատվել են լարվածություն, առերեւույթ ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ ընտրողների կողմից, նաեւ դրանց վերահսկողության փորձեր։ Եվ դրանք, անշուշտ, որոշակիորեն ազդում են որակի վրա։ Նաեւ պետք է նշել, որ ընտրախախտումների իրականացմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչներ»։

Նաեւ արձանագրեց, որ ընտրության նախապատրաստումը տեղամասերում, հիմնականում իրականացվել է օրենքով սահմանված պահանջներին եւ ընթացակարգերին համապատասխան, սակայն եղել են այնպիսիք, որտեղ նիստերը սկսվել են առանց քվորումի առկայության, խախտվել է վիճակահանության կարգը։ Թվարկեց նաեւ կազմակերպական եւ տեխնիկական այլ բնույթի բազմաթիվ այլ խախտումներ եւս, ինչպիսիք են տեղամասերի ներսում ու շրջակայքում մարդկանց կուտակումները, վերահսկողություն իրականացնող կողմնակի անձանց մշտական ներկայությունը ընտրատեղամասերում, հանձնաժողովների անդամների հյուրասիրություններ, ինչը օրենքով կարգավորված չէ, բայց իրենք դա խնդիր են համարում։

«Արդյունքների ամփոփման հաշվարկում եթե ընդհանուր վիճակագրություն ներկայացնենք, ընդհանուր առմամբ համահունչ է ընթացել օրենքով սահմանված գործընթացներին»,-ասաց տիկին Այվազյանը։

«Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամի» տնօրեն Գենյա Պետրոսյանը հատկապես անդրադարձավ քվեարկության բուն ընթացքում արձանագրված միջադեպերին, որոնք պայմանավորված են եղել տեղամասում ներկա գտնվող անձանց նկատմամբ ճնշումներով, իրավունքների խոչընդոտման դեպքերով, առերեւույթ ուղղորդումներով, վերահսկվող քվեարկության, գաղտնիության իրավունքի խախտումներով, առանձին ընտրատեղամասերում քարոզչության դեպքերով։ Ու բերեց կոնկրետ օրինակներ տարբեր ընտրատեղամասերում իրենց դիտորդների արձանագրած փաստերից։

«Մենք արձանագրել ենք նաեւ առանձին համայնքապետերի եւ վարչական ղեկավարների ներկայության հետ կապված խնդիրներ։ «Մասնավորապես, 16/41 տեղամասում Բաղրամյանի համայնքապետը, առանց վկայականի, բավականին տեւական ժամանակ գտնվել է ներսում, զրուցել ժողովրդի հետ, սնունդ հյուրասիրել տեղամասային հանձնաժողովի անդամներին։ 22/32 տեղամասում մուտքին մոտ տարածքում Գյուլագարակի համայնքապետը զրուցել եւ ուղղորդել է ընտրողներին։ 38/32 ընտրատեղամասում համայնքի վարչական ղեկավարը նստել է մուտքի մոտ՝ 10 ավելի անձանց խմբի հետ եւ շփվել ընտրողների հետ։ Որոշ տեղերում էլ նկատվել է տարեցների մեծ թվով տեղափոխման կազմակերպում մեքենայով»,- ասաց Գենյա Պետրոսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930