«Ժողովրդավարությունը շարունակում է մնալ խոցելի։ Այն անհանգստությունները, որ տեսել ենք նախընտրական փուլում, շարունակում են ի հայտ գալ նաև ընտրություններից հետո։ Դրանց անհրաժեշտ է քաղհասարակության ավելի պահանջկոտ արձագանք, քանի որ մեծ է մեր նման հասարակություններում ու երկրներում իշխանության ամրապնդման և վերարտադրման համար բոլոր տեսակի մեթոդներ կիրառելը»,- Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ անցկացվող «Ընտրություններից հետո․ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունության օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ ներկայացրել են նաև ճանապարհային քարտեզ հետագա համակարգված քայլերի համար։
Նշենք, որ միջոցառումն իրականացվեց «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» նախագծի շրջանակներում։ Այն հնարավոր է դարձել Գերմանական «Մարշալ» հիմնադրամի (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի աջակցությամբ։
Կարդացեք նաև
«Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» նախագծի նպատակն է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը 2026-ի ընտրությունների առաջ՝ ուսումնասիրելով Մոլդովայի փորձը արտաքին միջամտություններին և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ոլորտներում։
Գերմանական «Մարշալ» հիմնադրամի (ԱՄՆ) Սևծովյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Իրինա Նեագուն տեսակապով իր ողջույնի խոսքում նշեց․ «Տարածաշրջանը երբևէ ֆիքսված մոդել չի ունեցել։ Ունենք շահագրգիռ կողմեր, որոնք իրենց աշխատանքն են կատարում։ Կարևոր է, որ ստեղծենք ամբողջ տարածաշրջանում փորձի փոխանակման համար դաշտ։ Մենք տեսել ենք Մոլդովայի փորձը, և մեր նպատակն էր դա նաև հասանելի դարձնել հայաստանյան լրագրողների և քաղհասարակության համար»։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, գնահատելով ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները, նշեց․ «Այս ընտրություններն արտաքին, ներքին ու գլոբալ մարտահրավերների տեսանկյունից աննախադեպ էին՝ սկսած նոր տեխնոլոգիաների կիրառումից, վերջացրած մեր քաղաքացիների շրջանում գոնե նախնական ապատիայով։ Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ընտրական գործընթացներն էապես փոխվել են, և արտաքին դիտարկողների համար բավարար չեն այն գիտելիքներն ու կարողությունները, որ հնարավոր լինի հասցնել նոր տեխնոլոգիաների հետևից, որպեսզի կարողանան լիարժեք վերահսկել ընտրությունները»։
Ըստ Սոնա Այվազյանի՝ ընտրությունների ընթացքում եղան հիասթափության գործընթացներ, ինչը, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված ամրապնդվեց։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս ընտրություններում աննախադեպ համարեց այն, որ հանրային գիտակցության վրա փորձում էին ազդել վախի մթնոլորտով․ «Այս ընտրությունների քարոզչությունը տարվում էր ամրապնդված վախերի վրա՝ մի կողմից այն, որ եթե չընտրեք մեզ, պատերազմ կլինի, մյուս կողմից՝ եթե չընտրեք մեզ, ադրբեջանցիները կգան, կբնակվեն ձեր տարածքներում։ Դա այն չէր, ինչ կարելի էր սպասել ժողովրդավարական հասարակությունից, երբ որպես այդպիսին՝ ընտրական գործընթացում առաջարկվում է ապագայի վերաբերյալ պատկերացում։
Դա, իհարկե, հանրության վրա ծանր ազդեցություն թողեց, և այս ապատիկ իրավիճակն արտահայտվեց նաև այն պատճառով, որ հանրությանը դոզավորել են վախերով։ Մյուսը մարդու իրավունքների խախտումներն էին՝ սկսած նրանից, թե ինչպես էին մարդիկ իրավական համակարգի կողմից անհամաչափ գործողությունների բախվում։ Սա նաև թեստ էր, թե ինչպես է իրավապահ համակարգը գործում և արձագանքում գործադիր իշխանության փաստացի այդ պահի ղեկավարի կոչերին։ Այժմ տեսնում ենք դրա հետագիծը։ Այդպիսի իրավիճակ է ստեղծվել՝ կապված ԲՀԿ-ի ղեկավարի հետ։
Անկախ անձի նկատմամբ հարուցված քրեական գործերից, որոնք հնարավոր և հիմնավոր են, այդ բոլոր գործընթացները կատարվում են հանրային՝ ցուցադրելով մարդու նվաստացումը, դիմադրություն ցույց չտվող անձին գետնին պառկացնելով, դա արվում է ցույց տալու համար, որ իշխանությունն ուժ է կիրառում, ինչի կարիքը գուցե և չկա»։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի հոգեբանների գիտական ասոցիացիայի խորհրդի նախագահ Դավիթ Ամիրյանը մտահոգություն հայտնեց՝ այս ընտրությունը խոսեց կորցրած հանրային տարածքների մասին․ «Այն, որ քաղհասարակությունը պետք է ունենար, ինքն այդ հանրային տարածքները չուներ։ Դրանք ավելի շատ էին մինչև 2018-ը։ Այն կորիզը, որ գիտակցում էր՝ ինչն է վատ, ու ինչը պիտի փոխվի, այդ կորիզը հիմա գտնվում է կոգնիտիվ դիսոնանսի մեջ։ Հույս ունենալով՝ ժամանակին աջակցեց, կեսից հասկացավ, որ չի լինում, ինչ պիտի լինի, հիմա վախեր ունի։
Առաջին վախը՝ քննադատողներն անընդհատ ասոցացվում են նախկինների հետ, երկրորդ՝ այդ վախը բերելու է ֆինանսական միջոցների սահմանափակման։ Դոնոր կազմակերպություններին ռադիկալ մոտեցումները չեն հետաքրքրում։ Այդ լճացումն ու վախերը ձևավորեցին կոնֆորմիզմ, որի մեջ ենք հիմա գտնվում»։ Ըստ Դավիթ Ամիրյանի՝ մեր քաղաքացիների՝ ութ տարվա մեղրամիսը իշխանության հետ ավարտվեց․ «Հետ ենք գնում ու կանգնում այն դիրքերում, որ կանգնել ենք՝ պահանջատեր լինելով այն բարեփոխումներին, որոնք չեկան, չհասան այնտեղ, որտեղ պիտի հասնեին»։
Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ այս ընտրություններն անվանել ժողովրդավարական շատ բարդ է․ «Փաստացի կաշառք բաժանելով հայտնվել են խորհրդարանում, և իշխանություններն էլ սրա հետ խնդիր չունեն։ Փաստացի խոսքից չանցան հստակ գործողությունների։ Մյուսը իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հարցերն էին»։
Դավիթ Պետրոսյանը հարցնում է՝ եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, արդյոք նույն գործը նրա դեմ կառաջադրվե՞ր, կամ եթե ՔՊ-ն որակյալ մեծամասնություն հավաքեր, արդյոք երեք ընտրատեղամասերի արդյունքները կզրոյացվեի՞ն, թե՞ ոչ, կամ վերահաշվարկ կլինե՞ր․ «Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին՝ մասնակցող 19 կուսակցությունների առնվազն ճնշող մեծամասնությունը չուներ ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված օրակարգը»։ Նա ցավով նշեց՝ ոչ ժողովրդավարական ուժերի ձայները գնալով շատանում են, և ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ դրանք շատանան։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ-Մոլդովա»-ի գործադիր տնօրեն Լիլիա Զահարիան տեսակապի միջոցով շնորհավորեց հայ հասարակությանը եվրոպական ուղին, ազատությունը, թափանցիկությունն ու օրենքի գերակայությունը ընտրելու համար։ Անդրադառնալով Մոլդովայում և Հայաստանում արտաքին միջամտությունների հետ կապված դեպքերին՝ նա նշեց․ «Տեղեկատվական մանիպուլյացիայի և արտաքին միջամտության նմանատիպ մարտահրավեր ենք տեսել Մոլդովայում և Հայաստանում։ Երկու երկրներում էլ ազդեցություն է եղել աշխարհաքաղաքական մրցակցության, ինչի ընթացքում փորձ է արվել թուլացնել հանրային վստահությունը կամ ստեղծել սոցիալական տարանջատումներ։ Այս քարոզարշավի նպատակն էր ազդել քաղաքական որոշումների վրա մանիպուլյացիայի ձևով, ոչ թե ժողովրդավարական բանակցության միջոցով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































