Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ կաթվածահար է եղել է դասապրոցեսը․ երեկվանից այստեղ գործադուլ ու դասադուլ է, կոլեկտիվի անդամները բողոքով այցելել են թե՛ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, թե՛դատախազ Կարեն Գաբրիելյանին։
Բանն այն է, որ դատական կարգով՝ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի վճռով իր պաշտոնում է վերականգնվել նախկին տնօրենը՝ Նարինե Մեսրոպյանը, որի պաշտոնավարմանը, սակայն, դեմ են կոլեկտիվի անդամները։ Նրանք մեզ հետ զրույցում նշում էին, որ նրա օրոք բարոյահոգեբանական մթնոլորտը փչացել էր, կար վախի մթնոլորտ, այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ հին տնօրենը նորից պաշտոնավարի։ Նրանք անգամ ստորագրահավաք էին կազմակերպել, որն ուղղել էին Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ շեշտելով բարոյահոգեբանական մթնոլորտի պահը։

Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։
Կարդացեք նաև
Դատախազը դպրոցի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ «տնօրենի ու փոխտնօրենի հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը»՝ միջնորդել էր պաշտոնազրկել նրանց։
Դատախազի միջնորդագիրը քննարկվել էր ու այդ ժամանակ դեռ նոր մարզպետ նշանակված Տիգրան Պետրոսյանն անվստահություն էր հայտնել Նարինե Մեսրոպյանին։ Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, տնօրեն նշանակվել էր Արտակ Մարտիրոսյանը։





Նա ասաց, որ կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրը մի խնդիր ունեցել է Նարինե Մեսրոպյանի հետ։ Նա նաև ասաց, որ ըստ իրեն հասած բողոքների, տնօրենը նյութական ակնկալիք է ունեցել աշխատակիցներից, աշխատավարձերից հետպահումներ է անել։ Ծնողներից մեկն էլ նրան պատմել է, որ դպրոցում որպես հավաքարար աշխատող իր աղջկան ավելով ծեծել են դպրոցում, քանի որ տնօրենը ցանկացել է աշխատավարձից փող պահել, սակայն նա չի տվել։ Ի դեպ, ճշտեցինք, որ այս մասին կոլեկտիվի անդամներից և ոչ մեկը կոնկրետ բողոք չի ներկայացրել իրավապահ մարմիններին։
Նշենք, որ հարուցվել է երկրորդ քրեական գործը, մեղադրանքի հիմքում պաշտոնական կեղծիքն ու տարբեր չափերի գումարների վատնում է: Ըստ քրգործի, տնօրենը անձանց է ձևակերպել աշխատանքի, որոնք սակայն չեն հաճախել ու աշխատավարձ են ստացել։
Նոր քրգործը երեք դրվագ է, վաղն առաջին դատական նիստն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Datalex.am համակարգում տեղադրված է հետևյալը․ «Իզաբելա Մեսրոպյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, օժանդակել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱ կազմակերպության տնօրեն Նարինե Մուշեղի Մեսրոպյանի կողմից շահադիտական դրդումներով կեղծ փաստաթղթեր կազմելուն և պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով դպրոցին հատկացված խոշոր չափերով՝ ընդհանուր 850.223 ՀՀ դրամ գումարը մեկ միասնական դիտավորությամբ վատնման եղանակով հափշտակելուն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































