Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնարկները դուքյան են սարքել»․ Շիրակի դատախազը՝ որոշ պաշտոնյաների մասին

Փետրվար 18,2019 20:50

Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մեծ ցուցանիշ է արձանագրվել։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր հայտնեց, որ 2018 թվականին 138 քրեական գործ են հարուցել, դեպքերի քանակն աճել է շուրջ 650 տոկոսով։  Հարուցված քրեական գործերով տարբեր պաշտոնյաների՝ համայնքապետերի, դպրոցների տնօրենների կողմից պետությանը պատճառվել է շուրջ 48 միլիոն 600 հազար դրամ, որից 46 միլիոն 700 հազարը վերականգնել են։

«Գերակշիռ մասը վերականգնվել է, բացի այդ Շիրակի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար լայնածավալ ուսումնասիրություն է կատարել, շուրջ 224 ուսումնասիրություն, ընդ որում 187-ը կատարվել է մարզի դատախազության նախաձեռնությամբ։ Եվ այս ուսումնասիրությունների արդյունքում առանձին վերականգնվել է 66 միլիոն դրամի չափով վնաս։ 2017 թվականին վերականգնվել էր 27 միլիոն դրամ», -ասաց Կարեն Գաբրիելյանը։

Aravot.am-ի հարցին, թե  Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ եղե՞լ են  պաշտոնանկություններ, Կարեն Գաբրիելյանը հիշեցրեց, որ իր միջնորդությամբ պաշտոնանկ արվեց Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենը, այժմ միջնորդել  ու առաջարկել է Շիրակի մարզպետին քննարկել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետագա պաշտոնավարման հարցը, քանի որ, դատախազի փաստմամբ՝ նախաքննության ընթացքում ապացուցվել է տվյալ տնօրենի կողմից երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարքներ կատարելը՝ պաշտոնական դիրքի չարաշահումն ու պաշտոնական կեղծիքը։

Դատախազը պնդում է, որ նա կատարել է նշված հանցագործությունները տևական ժամանակ՝ ներգրավելով շուրջ 25 աշխատողների։

«Քրեական գործի քննության ընթացքում տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իր մեղքը, զղջացել է ու վերականգնել պետությանը պատճառած վնասը։ Նույն բովանդակությամբ ցուցմունքներ տվեցին նաև ուսուցիչները և փոխտնօրենը։ Այս պարագայում ես նպատակահարմար համարեցի քրեական գործի վարույթը կարճել ոչ արդարացնող հիմքով։ Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց ես նպատակահարմար չգտա դատել այն պատճառաբանությամբ, որ այս փուլում և՛ իրեն, և՛ 25 ուսուցչի դատելն աննպատակահարմար էր, ո՞նց եք պատկերացնում մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տանք»։

Դատախազը հարցնում է՝ եթե պաշտոնական դիրքի հետ կապված հանցագործություն թույլ տված անձին թույլատրեն շարունակել պաշտոնավարումը, հանրությունն ի՞նչ գնահատական է տալու իրենց։

Կարեն Գաբրիելյանը նշում է նաև, որ դպրոցի տնօրենների չարաշահումների մասով քննվող քրեական գործերը բազմաթիվ են, բազմաթիվ են նաև օպերատիվ մարմինների տեղեկությունները, որ կատարել ու նորից կատարում են չարաշահումներ։

«Չեն ներվելու նշված անձինք։Դպրոցի, տնօրենները, այլ հիմնարկների ղեկավարներն իրենց հիմնարկները սարքել են, այսպես ասած, իրենց դուքյանը, կներեք բառիս համար, դարձել են իրենք տնտեսվարող սուբյեկտներ։ Ո՛չ, չեն ներվելու»,-նախազգուշացնում է դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728