Բագրատաշեն մաքսատանը կից հազարավոր գրանցումներ են վաճառվել եւ դրանց արժեքը եղել է 25 հազար դրամ: Եվ այդ 200 հազար մեքենաներից 5 միլիարդ գոյացած գումարները ուր են գնացել, ոչ ոք տեղյակ չի: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Տիգրան Հովհաննիսյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումներ էին կազմակերպվել: Տիգրան Հովհաննիսյանը հիմնական զեկուցող Ճանապարհային երթեւեկության պետ Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ կարող են անել, որ Ղազախական կողմի հետ ծագած այդ խնդիրը լուծվի եւ ավտոներկրողները կարողանան իրենց ներկրած հազարավոր մեքենաները ռուսական եւ ղազախական շուկաներում վաճառեն:
«Ղազախստանում արգելք է դրվել այդ 200 հազար գնված մեքենաների վրա: Ղազախները համարում են, որ այդ գրանցումներն անօրինական են, դուք համարո՞ւմ եք, որ այդ գրանցումներն օրինական են եղել: Ղազախներն ասում են՝ երեք օրով գրանցվել ես, դու ի՞նչ սեփականատեր ես, ի՞նչ իրավունք ունես, որ սեփականություն ձեռք բերես»,-ասաց Հովհաննիսյանը: Ի պատասխան, ՃՈ պետն ասաց՝
այդ հարցը պետք է ղազախներին տաք: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ հարցին լուծում գտնելու համար արտերկրից իրավապաշտպաններ են հրավերել, որոնք կիրակի օրը ավտոշուկայում հանդիպելու են ավտոներկրողների հետ: Այս առնչությամբ Եգոր Կարապետյանն ասաց, որ ՃՈ-ի պաշտոնյաներն էլ պատրաստ են նրանց ընդունելու:
Կարդացեք նաև
Լսումներին ներկա քաղաքացիներից մեկը հարցրեց՝ ի՞նչ կասեն տեսախցիկների մասին, որոնք տեսանելի վայրերում չեն եւ կարծես թաքնված լինեն եւ այն վարորդներին, որոնք ծխում են ղեկին:
«Տեսախցիկը պարտադիր չէ լինի, որ մենք կատարենք ճանապարհային երթեւեկության խախտում կամ չկատարենք, դրանք տեխնիկական միջոցներ են, որոնք ավելի են լավացնում ճանապարհային երթեւեկությունը»,-արձագանքեց ՃՈ պետը: Ըստ նրա, բայց արդեն մեկուկես, երկու տարի է՝ այն խաչմերուկներում, որտեղ կան տեսախցիկներ, այդ փողոցներում դրված են ցուցանակներ, որոնք նախազգուշացնում են, որ փողոցը տեսանկարահանվում է: Ինչ վերաբերում է ծխող վարորդներին, որոնք երթեւեկության ընթացքում ծխում են, ապա ՃՈ պետը ասաց՝ երբ կգա սեպտեմբերը եւ ծխելը բալ կհաշվի էլ չեն ծխի: Նրա խոսքով ծխելը մեկ բալ է հաշվում:
Ծխող վարորդների եւ ծխախոտն ու այլ իրեր ավտոմեքենայից նետողների նկատմամբ, Եգոր Կարապետյանի վստահեցմամբ, ճանապարհային ոստիկանները արձանագրություն են կազմում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Երեւան քաղաքը որքա՞ն ավտոմեքենաների համար կարող է ծառայել եւ արդյոք Երեւանի հնարավորությունը ներո՞ւմ է, որ այդ քանակի տրանսպորտային միջոցներ շահագործվեն մայրաքաղաքում:
Եգոր Կարապետյանն ասաց, որ չի կարող թվեր հնչեցնել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների թիվը գաղտնի է, բայց կարող է ասել, որ ընդհանուր տրանսպորտային միջոցների 40-50 տոկոսն օգտագործվում է Երեւանում: Երեւանի թողունակության առնչությամբ էլ ասաց, որ նման թիվ հստակ չկա:
Նույն խմբակցությունից Լուիզա Սարգսյանը հարցրեց՝ հարյուրավոր խանութներ կայանատեղիներ չունեն, բայց այդ նույն խանութները հարյուրավոր առաքիչներից ամենօրյա ռեժիմով ապրանք են ընդունում եւ ստացվում է, որ մեքենաները հայտնվում են արգելված՝ երկրորդ գծում:
«Առաքիչներն, արդեն, ըստ օրենքի, տուգանվում են եւ բալային համակարգի խնդիրը նրանց համար կա: Առաքիչին մի 10-15 րոպե պետք է, որ այդ ապրանքը տեղափոխի, ինչպե՞ս եք այդ խնդրին վերաբերում: Ինչպե՞ս պետք է լինի այդ քաղաքացիների հարցը: Մի քանի այդպիսի իրավիճակում հայտնվելով, նրանք շատ արագ կարող են զրկվել իրենց վարորդական իրավունքներից»,-ՃՈ պետին հարց ուղղեց տիկին Սարգսյանը:
Եգոր Կարապետյանն ի պատասխան ասաց, որ հարցը շատ ցավոտ է. «Ճանապարհային ոստիկանությունը առաջարկությունով հանդես է եկել եւ ներկայացրել է, որ նման տրանսպորտային միջոցները, որոնք ապրանք են բեռնափաթում, առաջարկություն է արվում, որ հստակ ժամանակահատվածում բեռնաթափում կամ բեռնափոխում իրականացնեն»: ՃՈ պետի խոսքով, այսօր խցանման թիվ մեկ պատճառներից մեկը չթույլատրված տեղում կայանելը կամ կանգառ կատարելն է, ինչպես նաեւ վթարները. «Տաքսիներ, երկու օր առաջ էլ քննարկել ենք տուրիստական ավտոբուսների հարցը, քանի որ արդեն տուրիզմի սեզոնն է սկսվում: Նրանք էլ ստիպված գալու են կանգնեն երկրորդ երթեւեկելի գոտի: Ունենք մի օրենք եւ սկսում ենք այդ օրենքը հերթով ծակել՝ առանձին տաքսիստների համար, տուրիստական ավտոբուսների համար, առաքիչների համար, վերջում նշանակում է, որ օրենքը իր դերը չի կատարում: Թող այդ մասին տնտեսվարողը մտածի իր մեքենան հանի, որ առաքիչը կայանի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ