Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապն ու խուճապն անհամեմատ ավելի վտանգավոր են օրգանիզմի համար, քան վիրուսը. հոգեբան

Մարտ 03,2020 16:58

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վախերն ու խուճապները, որ ամբողջ աշխարհում տիրում են, գերազանցապես անհիմն են, քանի որ կորոնավիրուսը նոր, բայց հիմնականում հայտնի վիրուսի մի տեսակ է, որը հիմնականում առաջացնում է թոքաբորբ, ինչը հանդիպում է վարակվածների շատ փոքր տոկոսի մոտ: «80 տոկոսը, որոնք վարակվում են կորոնավիրուսով, ընդհանրապես բժշկի չեն դիմում: Սա չինական տվյալներից է, որովհետեւ օջախը Չինաստանում է եւ նրանք բավականին մեծ քանակով հիվանդներ ունեցան: Չնայած, Չինաստանի համար էլ դա չի կարելի համաճարակ անվանել: Դա բռնկում էր, որովհետեւ շատ լոկալ էր, մի քաղաքում՝ կողքի մի երկու շրջաններում: 1,5 միլիարդ մեծ խտություն ունեցող ժողովրդի համար դա փոքր բռնկում էր: Եվ այդ աղմուկը, որը դուրս եկավ, նույնպես այդքան հասկանալի չի: 20 տոկոսը, որ հիվանդանում է թոքաբորբով, շատ ծանր չի տանում: Ծանր տանում է շատ փոքր տոկոսը, մահացությունը 2,7-ից 3 տոկոս է: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է ոչինչ չանենք: Հակահամաճարակային ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է հիվանդացողների տոկոսը հասցնել նվազագույնի: Տեսեք, մենք հիմա ունենք հաստատված մի դեպք, որն իրեն լավ է զգում: Այդ մարդը չի մտնի էդ տոկոսի մեջ: Դրա համար մենք պետք է ունենանք առնվազն 100 մարդ: Այսինքն, խուճապի ոչ մի նախադրյալ չկա, մենք արհեստականորեն չպետք է վախենանք: Մանավանդ, որ տեսնում ենք՝ մեր առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը անչափ ուշադիր են այդ հարցի նկատմամբ… Ընդհանուր առմամբ արվում է բավականին մեծ աշխատանք»,-ասաց բժիշկը:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն էլ խոսեց ներկայումս մարդկանց շրջանում նկատվող տագնապի եւ որոշակի խուճապի մասին: Նրա խոսքով, սա անհամեմատ ավելի վտանգավոր է օրգանիզմի համար, քան վիրուսը: «Տագնապը եւ քրոնիկ սթրեսը շատ ուժեղ իջեցնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ քրոնիկ տագնապը մեր օրգանիզմը ավելի խոցելի է դարձնում հիվանդության հանդեպ: Դրանից շատ տուժում է նաեւ կյանքի որակը: Այսօրվա օրինակներից ասեմ՝ փաստացի շատ են դեպքերը, երբ մարդիկ տնից պարզապես դուրս չեն գալիս՝ փոխարենն ապրելու իրենց կյանքը: Սա ինչ-որ ձեւով բնական է, քանի որ գործ ունենք անհայտ վիրուսի հետ: Իսկ ինչն անհայտ է, անծանոթ ու անտեսանելի, սթրեսի աղբյուր է: Իսկ վիրուսը անտեսանելի է: Մենք չենք կարող այն տեսնել, շոշափել, առավել եւս, որ այն նոր է: Իսկ ինչ վերաբերում է տագնապի ավելի լուրջ դրսեւորումներին, այդ վիճակն իրականում այս վիրուսի հետ ոչ մի կապ չունի: Նման մարդիկ ցանկացած վիրուսի պարագայում արձագանքում են նման կերպ: Էստեղ պատճառը պետք է փնտրել նրանց կյանքում: Վստահաբար կարող եմ ասել, որ իրենց կյանքում արդեն առկա է եղել այդ տագնապը: Ուղղակի, այստեղ հայտնվում է մի միջոց, որի վրա այդ ամբողջ տագնապը ուղղորդվում է»,-ասաց նա եւ արձանագրեց, որ խնդիրը նաեւ ինֆորմացիայի անբավարար լինելն է:

«Ինֆորմացիան շատ տարբեր է: Ռեյտինգ, դիտումներ ապահովելու համար շատ լրատվամիջոցներ մարդկանց պահում են հույզերի հետ, վախենալու վերնագրերով, նկարներով նյութեր են հրապարակում: Այստեղ շատ կարեւոր է ունենալ կոնկրետ մեկ հավաստի աղբյուր ու հետեւել այդ աղբյուրին: Օրինակ, առողջապահության նախարարության կողմից ամեն օր հստակ տրվում է ինֆորմացիա: Տագնապի դեմ պայքարելու միակ միջոցը որոշակի ինֆորմացիա ունենալն է: Տագնապը սիրում է կոնկրետություն», -ավելացրեց հոգեբանը:

Aravot.am-ը նշեց, որ խուճապի, տագնապի պատճառ կարող են լինել նաեւ ամենաբարձր մակարդակով պատկան մարմինների անլուրջ թվացող մեկնաբանությունները, որոնք շատ հաճախ ուղիղ հակասության մեջ են աշխարհում տիրող իրավիճակին: «Մինչ մեզանում ամենաբարձր մակարդակներով հայտարարում են, թե կորոնավիրուսը Հայաստանում հանրային առողջությանը վտանգ չի ներկայացնում, կամ՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մեր համար խնդիրներ ստեղծի, տարբեր զարգացած եւ գերհզոր երկրների կառավարությունները լուրջ մտահոգություններ եւ մտավախություններ են արտահայտում իրենց մոտ դրա տարածման վտանգավորության աստիճանի ու կանխարգելիչ լուրջ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, օլիմպիական մարզաձեւերի համաշխարհային ֆեդերացիաները, ՄՕԿ-ը, Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն այսօրվանից արդեն քննարկում են Խաղերը առանց հանդիսատեսների անցկացնելու, ժամկետները փոփոխելու, անգամ չեղարկելու տարբերակները: Մեր նախարարի՝ հանրային առողջությանը չսպառնացող հայտարարությունից շատ չանցած չեղյալ է հայտարարվում մարտի 1-ի երթը, հայտարարվում է ուսումնական հաստատություններում առաջանցիկ արձակուրդի մասին, չեղարկվում են անգամ ասուլիսներ: Հետեւաբար, այդ սովորական վիրուսը, այնուամենայնիվ, վտանգավորության ինչ որ մի աստիճան ներկայացնում է: Աշխարհից ստացվող ահազանգերի եւ այստեղ մատուցվող հակասական հայտարարությունների ու մոտեցումների պայմաններում սովորական քաղաքացուն խուճապի մատնվելու «մեղադրանքը», կամ պատկան մարմնի՝ հասարակությանը պատշաճ իրազեկման աշխատանքում թերանալուց խուսափելու փորձը իրազեկման ճիշտ աշխատանքի թերացումից խուսափելու փորձ չէ» հարցին, բժիշկ Դավիթ Պետրոսյանը բերեց մի քանի օրինակներ, որոնք կոնկրետ հարցին չէին պատասխանում, իսկ վերջում ասաց. «Ես համարում եմ, ինչպես ասում է առողջապահության նախարարը, որ ոչ մի լուրջ վտանգի առիթ չկա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031