Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը, որ никто է, ուզում է սեւացնի մեր անցած ճանապարհը… ես թաղում անողին բան չունեմ արձագանքելու». Մարուքյանի ու Պապոյանի թեժ միջադեպն ու արձագանքները

Մարտ 05,2020 14:51

Այսօր ԱԺ-ում թեժ միջադեպ եղավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ:

Նիստի ընդմիջմանը Մարուքյանն ասաց. «Ես իրեն պատասխանելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են: Փորձ է արվում ամբիոնից անընդհատ Էդմոն Մարուքյան, Էդմոն Մարուքյան ասելով՝ դառնան հայտնի: Եթե դա է ճանապարհը հայտնի դառնալու, պրոբլեմ չկա, թող դառնան հայտնի»: Վեճը սկսել էր նրանից, որ Մարուքյանը Պապոյանին ասել էր՝ ՀՀԿ-ական, Պապոյանն էր իր ելույթում թվարկում էր, թե ԼՀԿ անդամներն ինչ թելերով են կապված ՀՀԿ-ականի հետ, ինչին ի պատասխան՝ Մարուքյանը տեղից բղավում էր՝ «այ ՀՀԿ-ական, թեմայի շուրջ խոսիր»:

Ըստ Մարուքյանի ատելության միջավայր է այսօրվա իշխանությունը ձեւավորել ու ամենօրյա ռեժիմով սնուցում են. «Չեն կարող ասել՝ այսինչ օգտատերն է: Իրե՛նք են, անում են, դրա համար պատասխան են տալու, պատասխանատվություն են կրելու: Իմ ելույթը դրա մասին է»:

Ըստ Մարուքյանի, խորհրդարանը դարձրել են ֆեյսբուք, մեկը ֆեյսբուքում մի բան է գրում, հաջորդ օրը այդ ֆեյսբուքում գրածին ամբիոնից մեկը պատասխանում է. «Դա խորհրդարանն անլրջացնելու ամենավերջին բանն է: Երեկ ռեպլիկներ են եղել, ինքը եկել է, ռեպլիկներին պատասխանում է ամբիոնից: Ռեպլիկը եղել է նրա մասին, որ ինքը ՀՀԿ անդամ է: Հիմա գնացեք ՀՀԿ անդամին հարցեր տվեք»:

Հարցրեցինք՝ ինչի՞ց է, որ նորից սկսել են վերհիշել, թե դուք ոնց եք Վիկտոր Դալլաքյանին հաղթել ընտրություններում՝ Մարուքյանը պատասխանեց. «Վիկտոր Դալլաքյանին ես երբ որ հաղթել եմ, դա Հայաստանում եղել է ցնցող մի դեպք, դրանով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ այն անհնարինության կոմպլեքսը, որ անհնար է մեծամասնական ընտրակարգով ընտրվել՝ ընտրվել է: Գնացեք Վանաձոր, հարցրեք՝ ոնց է Էդմոն Մարուքյանը հաղթել ու շատ սխալ է ասել, որ ես Վիկտոր Դալլաքյանին եմ հաղթել, որովհետեւ հինգ թեկնածու է եղել: Այնտեղ թեկնածու է եղել ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից նախկին փոխմարզպետը, «Ժառանգությունից», դուրս էր գալիս, որ մնացածները ոչ մեկ էին, մենակ Վիկտո՞րն էր:  Ես ընտրվել եմ պատգամավոր ու պարզ է, որ եթե ես լինեի ոչ մեկ, լինեի никто, չէի կարող ընտրվել: Բայց երբ որ այսօր մեկը, որ никто է, դա ուզում է վիճարկի կամ դրանով ուզում է սեւացնի մեր անցած ճանապարհը՝ բնականաբար, չի ստացվի»:

Ըստ Մարուքյանի, այսօր իշխանությունը ատելության խոսքի բարձրախոսն է, Էջմիածնում «Ոչ»-ի թաղումն են անում. «Բա որ մեկը քար վերունի, «ոչ» քարոզողի գլխին տա սպանի, ո՞վ է պատասխան տալու: Որ թաղում եք անում, չե՞ք մտածում, որ դա հետեւանք ունի, ամեն խոսք հետեւանք ունի: Այդ թաղում անողների հետ ես բան չունեմ խոսելու: Դուք եկել եք, ասում եք՝ այդ թաղում անողին կարձագանքե՞ք, ես թաղում անողին բան չունեմ արձագանքելու, թաղում անողը թող թաղումներով զբաղվի, վաղը, մյուս օրը թաղում անելու պատասխանը պիտի տա»:

Մարուքյանն ասաց, որ Պապոյանը հպարտ Հանրապետական է եղել. «Երբ որ մեզ ասում են նախկիններին եք աջակցում, սուտ է, կեղծ: Մենք ասում ենք՝ եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես: Իրենք նախկին են, եկել են մեզ ասում են… Մի հատ ձեր մեջի նախկիններին փնտրեք, մի հատ ձեր մեջի Հրայր Թովմասյան ընտրողների հետ խոսացեք: Եկել ի՞նձ եք ասում»:

Մեր դիտարկմանը՝ ձեզ հիշեցնում էին, որ կլասիկ ընդդիմադիր եք ու ՀՀԿ-ի բյուջեին կողմ եք քվեարկել՝ Մարուքյանն արձագանքեց. «ՀՀԿ-ի լիքը նախագծերին Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, էդ չի՞ հիշում: Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում իշխանության բերած նախագծերի մեծ մասին կողմ է քվեարկել, այսօր էլ մենք, որպես ընդդիմություն, էլի կառավարության նախագծերի մեծ մասին կողմ ենք քվեարկել, այնպես չի, որ ինչ բերել են՝ վատ է եղել: Հետեւաբար շրիշակից ցածր չափանիշներն իրենց չափանիշներն են, որ մեկին ուզեն ասեն՝ դու նախկիններ եք, մեկ էլ  տեսնում ես իրենք են նախկինը»: Երբ ասացինք՝ կապերն են ձեր հիշեցնում՝ ձեր խմբակցության անդամները նախկին իշխանությունների ժամանակ բանտապետ են եղել, սոցապի պետ եւ այլն՝ Մարուքյանը պատասխանեց. «Ռուբիկ Ստեփանյանի մասին են ասում, որը ՔԿՀ պետ է եղել, բա էդ մարդիկ հո никто-ներ չեն, հո ոչ մեկ չեն: Ինքը վիճարկում է, որ էդ մարդիկ никто չե՞ն, հա՞, դա՞ են վիճարկում: Պատերազմ անցած մարդ է, գնդապետ է: Քաղաքական թիմի անդամը մի բան է, ծառայողը մի բան է: Ես էլ Քոչարյանի օրոք բանակում եմ ծառայել, դե խփե՛ք»:

Միջադեպ` ԱԺ-ում

Gepostet von Aravot am Donnerstag, 5. März 2020

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031