Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բացեց փակագծերը՝ գործարարներն ինչ տոկոսով, ինչ ժամկետով ու որ դեպքում կարող են «հակաճգնաժամային» վարկեր ստանալ

Մարտ 19,2020 12:40

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարությունում մանրամասնեց այն ծրագրերը, որոնք կառավարությունը նախատեսում է ի աջակցություն բիզնեսի: Փոխվարչապետի խոսքով, ձեւավորել են վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում եւ տոկոսների սուբսիդավորում. «Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն կամ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ, մեր կարծիքով, լուծել ենք օժանդակության երեք ձեւերով»:

Մհեր Գրիգորյանը հույս հայտնեց, որ կունենան այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին հնարավորություն կտա բիզնեսին անհոգ մնալ որոշակի ժամանակ, այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել եւ այլն. «Այս փուլի համար, որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս իրավիճակում ուղղակի նայել, հետեւել եւ մտածել բիզնեսի զարգացման մասին, այլ ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմալացման մասին»:

Վարչապետը շարունակելով փոխվարչապետի միտքը՝ պարզաբանեց, թե ի աջակցություն բիզնեսի ինչ վարկային պորտֆելներ են առաջարկելու: Փաշինյանի խոսքով՝ 50 տոկոսի ֆինանսավորումն իրականացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, մինչեւ 50 տոկոսը՝ ֆինանսավորում է կառավարությունը:

«Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի եւ վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,-պարզաբանեց վարչապետը՝ մանրամասնելով, թե այդ միջոցները բիզնեսն ինչ նպատակով կարող է օգտագործել: Ըստ նրա, այդ միջոցներով տնտեսվարողներին աշխատակիցներին կարող են աշխատավարձ վճարել, եւ դրանց գծով հարկերի վճարում կատարել:

Յուրաքանչյուր աշխատողի համար առաջարկում են ամսական ոչ ավելի, քան 500 հազար դրամ՝ երեք ամսվա կտրվածքով: Երկրորդ աջակցությունը կլինի հումքի գնում կամ ներմուծում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով եւ վարկառու տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորությունը, «Սարքերի եւ սարքավորումների, այդ թվում գյուղատնտեսական նշանակության սարքերի ներմուծում, եթե այդ սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ այն ընդլայնելու նպատակով: Այսուհետեւ սարքավորումների վարկեր: Էլեկտրաէներգիայի, ջրի, գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 միլիոն դրամ գումարի չափով եւ երեք ամսվա համար: Առեւտրով զբաղվող ընկերությունների համար սննդի ներմուծում՝ այն դեպքու, եթե գնված կամ իրացված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում: Պարարտանյութ, սերմ, տնկի գյուղատնտեսական այլ հումքի գնում կամ ներմուծում՝ այն դեպքում, երբ ներմուծման ողջ ծավալը պետք օգտագործվի Հայաստանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031