Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնի», «գզի դրան». կարանտինի քողի տակ Երեւանում մոտ 40 հոգով շների են կռվեցրել. ահազանգ ականատեսից. «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»

Մարտ 31,2020 18:05

Սոցցանցային հարթակում օրերս հայտնվեց գրառում այն մասին, որ մի օգտատեր հասկի ցեղատեսակի շանը փրկել է շուն կռվեցնողների ձեռքից: Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը կապ հաստատեց քաղաքացու հետ՝ խնդրելով պատմել միջադեպի մանրամասները:

Ականատեսը, որը մասնագիտությամբ անասնաբույժ է եւ դեպքի ժամանակ իր 5 տարեկան երեխայի հետ է եղել, այս պահին նախընտրում է անանուն մնալ, սակայն եթե ոստիկանությունը գնա ահազանգի հետքերով, պատրաստ է պատասխանել նրանց հարցերին:

Մեր զրուցակիցը պատմեց. «Մարտի 27-ին մոտ 19:00-20:00-ի սահմաններում Կոմիտասում էի, անհրաժեշտ էր մի հասցե գտնել շուկայի հարեւանությամբ: Փնտրելու ժամանակ ձայներ լսեցի՝ «ֆաս», «բռնի», «գզի դրան», «չթողես», «խեղդի»… Աղջկաս խնդրեցի չաղմկել, եւ մոտեցա ու տեսա հետեւյալը՝ մոտ 30 տղամարդ հավաքվել էին շրջանաձեւ, ձեռքներին՝ վզկապեր, հիմնականում՝ գամփռներ, պիտբուլներ, հասկիներ…երեք չոբանի շուն հարձակվել էին մեկ հասկիի վրա՝ հոշոտված, արնաքամ վիճակում: Այդ շանը (լուսանկարներում) ոտքով հրեցին մի կողմ՝ երեւի վստահ լինելով, որ կենդանին շարժվել ի վիճակի չէ:

Նա մնաց հավաքվածների ոտքերի հետնամասում, հետո ուրիշ շուն մտցրեցին շրջանի մեջ: Առանց չափազանցնելու՝ մի պահ ինձ այդ շան փոխարեն պատկերացրեցի, լացս խեղդեց կոկորդս… հոշոտված շանը աննկարագրելի զգուշությամբ ուղղակի «գողացել» եմ, եկել երեխայիս մոտ ու զանգել ոստիկանություն: Մինչ իմ տվյալներն էին լրացնում, շունն արնաքամ էր լինում, աղջիկս էլ՝ լացի ձայնը սաստկացնում»:

Ականատեսը հավելեց. «Ոստիկանությունից ինձ ասացին, որ դա իրենց խնդիրը չէ, իրենց չի վերաբերում՝ «մարդն իր շան հետ ինչպես կուզի կվարվի, իսկ դուք մտածեք, որ ձեր վրա բողոք չգա եւ ձեզ չդատապարտեն գողության համար»… Ինչ վերաբերում է միջադեպի վայրին, ապա Կոմիտասի փակ շուկայի կողքով եւ միջով տեղ կա՝ հետնամաս դուրս գալու: Դա բաց շուկան է, որտեղ առեւտուր էին անում, բայց հիմա արտակարգ դրություն է, առեւտրականները չեն աշխատում: Փաստացի, դա կռվեցնողների համար իդեալական վայր էր: Այդտեղ հավաքվել էին 30-ից ավելի տղամարդիկ, իսկ շների թիվը մոտ 40-ից ավելի էր: Ամեն մեկի ձեռքը մի քանի փոկով շներ կային: Մոտ հինգ հովվաշան վզին երկաթե շղթա էր: Ոչինչ չհասցրի տեսանկարահանել, մտածում էի փրկված շան ու երեխայիս անվտանգության մասին»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ արնաքամ լինող շանը տաքսիով հասցրել է իր տուն, խնամել, անհրաժեշտ օգնություն ցույց տվել. «Հիմա նա լավ է, ապաքինվում է, լավ սնվում է: Մնում է, որ վնասված մազածածկը վերականգնվի: Կենդանու վիզն անգամ այն վիճակում չէ, որ կարողանաս վզկապ հագցնել: Բացի այդ հասկիից, եւս երեք շուն եմ խնամում, զուգահեռ՝ փնտրում իրական տիրոջը, որովհետեւ չեմ հավատում, որ իրական տերը նման վայրագության ունակ կլինի: Եթե իրական տերը գտնվի, շանը կփոխանցեմ նրան»:

Միջադեպի առնչությամբ «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ը զրուցեց նաեւ փաստաբան Անի Հալուլյանի հետ: Նա նախ շեշտեց՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը. «Եթե ոստիկանության տրամաբանությամբ շարժվենք, ապա ոստիկանությունը նույն մեկնաբանությո՞ւնն է տալու, եթե, օրինակ, անձը նույն կերպ վարվի իր կնոջ կամ երեխայի հետ: Բնականաբար՝ ոչ: Կենդանին սեփականություն չէ, շնչավոր էակ է, եւ ոստիկանությունն իրավունք չունի նման մեկնաբանությամբ դեպքը «ցրել» իրենից»:

Փաստաբանը մեջբերեց օրենքը.

«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝

-Կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը հանգեցնում է կենդանու դաժան կամ ցավոտ մահվանը,

-Ողջ վիճակում կենդանուն մասնատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը եւ իրականացնելը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը եւ այլ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով»:

Անի Հալուլյանն ընդգծեց՝ վերը նկարագրված միջադեպը վերաբերում է արարքին, որին մասնակցել է մեկից ավելի մարդ, եւ այս դեպքում գործում է կարգավորման երկրորդ մասը. «Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով»:

Անի Հալուլյանը նշեց՝ եթե առկա է նկարագրվածին համապատասխան իրավիճակ, արարքը կատարող անձը եւ անձինք ենթակա են պատասխանատվության:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախ պետք է ճշտի քաղաքացու ահազանգի իսկությունը:

Ավելի ուշ կապ հաստատելով՝ ստացանք միայն հետեւյալ մեկնաբանությունը. «Մարտի 27-ին ժամը 19:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում ձեր նշած կնոջ կողմից նշված բովանդակությամբ ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ չի ստացվել»:

Հետգրություն. Բացի այն, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է, բայց ավելորդ չէր լինի նկատել, որ պարետատան թույլատրած գործողությունների (տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում եւ տեղաշարժման թերթիկ/անձնագրով) շարքում որոշ քաղաքացիների համար «թույլատրելի» եւ «անհրաժեշտ» է անպաշտպան կենդանուն արնաքամ անելը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031