Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Զովունիում թափառող շներին էի կերակրում, ոստիկանները մոտեցան ու ասացին՝ պետք չէ կերակրել, թող սոված մնան, գնան այստեղից»․ ԱԺ-ում կենդանասերի հարցը փոխոստիկանապետը ոչ կոռեկտ համարեց

Հունվար 26,2024 15:51

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկման ժամանակ կենդանասերները մի շարք հարցեր ուղղեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, մասնավորապես՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ այդ գործերի բացահայտմանվերաբերյալ։

A working discussion on the topic of ‘The problem of stray animals in Armenia and solution options’ took place at the RA National Assembly

Կենդանասեր Մարի Տեր-Անտոնյանը նշեց Հրազդանում տեղի ունեցած շների սպանդը։ Նա փոխոստիկանապետից հետաքրքրվեց՝ Հրազդանում երբ տեղի է ունենում շների սպանդ, տվյալ ժամերին ծառայություն իրականացնող ոստիկաններն ինչպես են կարողանում փակել աչքերն ու ականջներն ու չլսելու եւ չտեսնելու տալ, դա անհնար է, քանի որ մեկ ժամ են տեւել կրակոցները։

Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանն ի պատասխան ասաց՝ ոստիկանությունը երբեւիցե իր ականջներն ու աչքերը չի փակում․ «Դա մեկընդմիշտ իմացեք։ Ոստիկանությունը մշտապես հետեւում է հասարակությունում տեղի ունեցած դեպքերին եւ արձագանքում հակաիրավական վարքագծին։ Ոստիկանությունը չի իմացել, չի տեսել, ոչ թե աչքերը փակել է»։

Կենդանասերը հիշեցրեց՝ մեկ ժամից ավելի տեղի է ունեցել սպանդ, հնչել են կրակոցներ, ընդհանրապես ոստիկանության որեւէ աշխատակից չի տեսել, չի լսել, չի իրազեկել։

«Ես կարծում եմ՝ սպանդ իրականացնող անձինք այնպես են գործել, որ տվյալ պահին ոստիկանություն չլիներ, դրա համար են գործել, եթե ոստիկանություն լիներ, վստահեցնում եմ, որ դժվար թե նման բան տեղի ունենար»։

Կենդանասերը հիշեցրեց, որ նման դեպք միայն Հրազդանում չէ, որ տեղի է ունեցել, նույնպիսի միջադեպ երկու տարի առաջ գրանցել է նաեւ Էջմիածնում, սակայն, կրկին, ոստիկանները չեն արձագանքել։

Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը դիմեց փոխոստիկանապետին, հստակեցնելով՝ կենդանասերներն ակնկալում են մեղավորներին պատասխանատվության ենթարկել․ «Եթե նման մեկ- երկու դեպք լինի , ապա մյուսները չեն մտածի զենք վերցնելու ու շներին վերացնելու մասին»։

A working discussion on the topic of ‘The problem of stray animals in Armenia and solution options’ took place at the RA National Assembly

Կենդանասեր Աննա Մանուկյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ոստիկանները համապատասխան վերապատրաստում անցնում են, որպեսզի իմանան ինչպես արձագանքել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ժամանակ կամ ընդհանրապես ինչպես ճիշտ վերաբերվել կենդանիներին, որպեսզի չվնասեն։ Մանուկյանը պատմեց, որ վերջերս Զովունիում թափառող շներին էր կերակրում, ոստիկանները մոտեցել են նրան եւ ասել՝ պետք չէ կերակրել, թող սոված մնան, գնան այստեղից, որ այստեղ ընդհանրապես շուն չլինի․ «Սա ոստիկանական համակարգի թերացումն է, ոստիկանները, որպես բարձրագույն արժեք մարդ՝ չունեն այդ արժեքները»։

Հակոբյանը Մանուկյանին կոչ արեց կոռեկտ արտահայտվել ոստիկանության ծառայողների նկատմամբ․ «Ձեր հարցադրումը ոչ կոռեկտ է ընդհանուր ոստիկանության հասցեին։ Ոչ կոռեկտ ցանկացած հարցի չեմ պատասխանելու, գրավոր դիմեք»։

Ապա ոստիկանապետը հորդորեց գրավոր դիմել կոնկրետ դեպքով, ծառայողական քննություն կանցկացվի, տվյալ ոստիկանները համապատասխան վերաբերմունք կստանան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031