Լևոնը լեգենդար բարերար Ալեքսանդր Մանթաշովի 4 որդիներից ամենահայտին էր և ամենահաջողակը: Կրկնապատկելով հորից ստացած խոշոր ժառանգությունը՝ Լևոնը կամ Լեոնարդը, ինչպես անվանում էին նրան շատերը, շարունակում է զբաղեցնել հայր Մանթաշովի զբաղեցրած ազդեցիկ դիրքը հասարակության վերնախավում:
Մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովը Ցարական Ռուսաստանի ամենախոշոր գործարարներից և ամենավառ անհատականություններից մեկն է: Նրա «Մանթաշով և Կո» ընկերությունը կայսրության նավթարդյունաբերական ոլորտի գիգանտներից էր, որը 1907 թվին ֆինանսավորել էր Բաքու-Բաթումի 835 կիլոմետրանոց առաջին նավթատարի շինարարությունը՝ աննախադեպ խթան հաղորդելով ոլորտի զարգացմանը: Ժամանակի մամուլը հաճախակի է անդրադարձել Մանթաշովների ընտանիքի գործունեությանը և հատկապես Ալեքսանդր Մանթաշովի մասին հարուստ արխիվային նյութեր են պահպանվել՝ ընդհուպ նրա բազմաթիվ նվիրատվությունների գումարային չափի հետ կապված: Մանթաշովը Թիֆլիսի Պետդումայի խոսնակն էր:

Ժամանակի հայտնի լրագրող և հրապարակախոս Վլաս Դորոշևիչը պատմում է, որ Մանթաշևը եվրոպական համբավ ունեցող դեմք էր: Նրա հետ ծանոթ լինելը հատուկ կարգավիճակ էր հասարակության մեջ: Կային, նույնիսկ, մարդիկ ովքեր պատվիրում էին այցեքարտեր, որոնց վրա գրված էր. «Իվան Իվանովիչ՝ Ալեքսանդր Մանթաշովի մոտիկ ծանոթներից» և նման այցեքարտը ի վիճակի էր շատ փակ դռներ բացել:
Կարդացեք նաև
Բարերարի միջոցներով տարեկան 200-ից ավել հայ մանուկներ կրթություն էին ստանում ռուսաստանյան և եվրոպական առաջատար բուհերում: Այդ մանուկների թվում էր նաև Կոմիտասը, որի առաջին դաշնամուրը գնել է Մանթաշովը: Բարերարի հովանու տակ էր գտնվում Կովկասի ամենամեծ մանկատունը, Թբիլիսիի կույր երեխաների կրթօջախը, ծերանոցներ, որբանոցներ: Մանթաշովը առանձնահատուկ ուշադիր էր և ահռելի ֆինանսներ էր հատկացնում մշակույթի և ավիացիայի ոլորտներին: Նրա միջոցներով է կառուցում Ներսիսյան ճեմարանի նոր շենքը, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին, Թիֆլիսի Ակադեմիական թատրոնի շենքը, Երևանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, Էջմիածնի վեհարանի համալիրը:
Մանթաշովը մահանում է 1911 թվականի ապրիլի 19-ին Սանկտ- Պետերբուրգում՝ 69 տարեկանում: Դին տեղափոխվում է Թբիլիսի: «Մշակ» թերթի մայիսի 1-ի համարում կարդում ենք. «Մանթաշովի հուղարկավորության օրը նրա դագաղի հետևից գնում էր այնպիսի մեծ բազմություն, որ ամբողջ ոստիկանությունը ոտքի էր հանվել՝ մեծ դժվարությամբ կարգ ու կանոն հաստատելու համար»: Ալեքսանդր Մանթաշյանցը հողին է հանձնվում իր իսկ կողմից վերակառուցած Վանական տաճարի բակում, որը 1938 թվականին քանդում են Բերիայի հրամանով: Այդ ժամանակ հողին են հավասարեցվում նաև Մանթաշովների տապանաքարերը:

Վառ երևակայության տեր, հաղթանդամ ու գեղեցկադեմ նավթային մագնատ Լևոն Մանթաշովին միլիոնները, կարծես թե, կպչում էին առանց ավելորդ ջանքի, հիշատակում են ժամանակագիրները: Մի անգամ բիրժայի անսպասելի ցատկի արդյունքում՝ Լևոնը շահում է 8 միլիոն ռուբլի և հաջողությունը նշելու առթիվ՝ 100 հոգու համար ընթրիք է կազմակերպում: Ոստրե ու լանգուստ գնելու համար «Էրմիտաժ» ռեստորանի տերն անձամբ է մեկնում Փարիզ: Թիֆլիսից պատվիրում են իշխան ու գինի, Ուրալից սաժենաչափ թառափ, Աստրախանից՝ չուքաձուկ և սև ձկնկիթ: Ընթրիքի սրահը զարդարվում է ամենահազվագյուտ մրգերով ու ծաղիկներով, սպասքը արծաթյա էր, իսկ յուրաքանչյուր անձեռոցիկի տակ դրված էին թանկարժեք նվերներ հյուրերի համար՝ տիկնանց կրծքազարդ, տղամարդկանց ոսկե գլանակատուփ: Ընթրիքը Լևոնի գրպանին արժենում է 200 հազար ռուբլի:

Այդ համալիրը հանձնել են «Պատմական հուշարձանների պահպանության» ֆոնդին, որը այն շահագործման է տրամադրել Բալետի Պետական Ակադեմիական Թատրոնին: 1999 թվի նոյեմբերի 12- ի Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ստացել է հրաման՝ պահուստային ֆոնդից հատկացնել 5 միլիոն ռուբլի Բալետի Թատրոնի ղեկավարությանը` հուշարձանը վերականգնելու համար: Տեղի բնակիչների վկայությամբ, սակայն, նոր տերերը քանդել են շենքի կողային ու դեպի բակ ընկած հատվածները և այդպես էլ ոչինչ չեն կառուցել: Շենքի հակառակ կողմում հայտնվելը անհնար է, քանի որ այն արգելափակված է, իսկ ձախ թևում տեղադրել են ժամանակավոր թիթեղյա կցակառույց, որտեղ գործում է ավտոլվացման կետ:

Այդ ժամանակվա լավագույն ժոկեյներից մեկը Ջեյմս Վինկֆիլդն էր, որն ամերիկացի սևամորթ էր: Հանդիսատեսը այդ անհավանական տաղանդավոր արշավորդին մեծարում էր Սև Մաեստրո կոչումով: Նա մասնակցում էր մրցումներին Մանթաշովներին պատկանող նժույգների վրա: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռանալով Ռուսաստանից` Լևոնը իր հետ վերցնում է իր լավագույն ձիերին և Մաեստրո Վինկֆիլդին: Արդեն Ֆրանսիայում՝ 1924 թվին, Վինկֆիլդի տակ սուրացող ազնվացեղ արշավաձին շահում է փարիզյան գրան պրի` մեկ միլիոն ֆրանկ մրցանակային ֆոնդով: Այդ շահումը Լևոն Մանթաշովի վերջին միլիոնն էր:

Մեզ, սակայն, այդպես էլ թույլ չտվեցին նկարահանել այդ շենքը ոչ ներսից, և ոչ էլ արտաքինից: Սակայն, մի փոքր բարեհաճություն ցուցաբերելով պահակին՝ երեկոյան մեզ հաջողվեց մտնել բակ և նկարահանել շենքը դրսից: Հիմնադրամի տնօրենը հեռախոսազրույցում ակնարկեց, որ ամեն անգամ շենքի մասին ինչ-որ հիշատակումից հետո, ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր ներկայանում են Մանթաշովների ժառանգներ և պահանջում են սեփականության իրավունքի վերանայում:


Լևոն Մանթաշովը մահանում է Փարիզում՝ 1954 թվականին, մեքենայի ղեկի մոտ որպես հասարակ տաքսու վարորդ:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


















































