Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը լսում, հիշում ու արձագանքում է

Ապրիլ 02,2020 12:30

Արտակարգ դրության եւ մեկուսացման պայմաններում մարդիկ հնարավորություն ունեն եւս մեկ անգամ վերաարժեւորելու իրենց տրվածը, նաեւ հարստացնելու գիտելիքները՝ կարդալու ու ֆիլմեր դիտելու միջոցով: Վերջերս դիտեցի Անաստասիա Պոպովայի «Ջրի մեծ գաղտնիքը» ֆիլմը, որը շատ համահունչ է մեր օրերի հետ: Այն թեեւ հակագիտական է համարվել ոմանց կողմից, շատ քննադատվել, բայց միեւնույն է՝ հետաքրքիր աշխատանք է: Ֆիլմի ստեղծագործական կազմը  հարցազրույց է վերցրել նաեւ Նոբելյան մրցանակակիր գիտնական Կուրտ Վյուտրիխից:

Կինոնկարը պատմում է բնության չորս տարրերից ջրի մասին։ Թվում է, թե ջուրը հասարակ բան է, զուտ մեր օրգանիզմի ու առօրյայի մի մասը, ու, կարծես թե, այդքան խոսելու բան չպիտի լիներ դրա մասին։ Բայց, ո՛չ։ Այս կինոնկարը ցույց է տալիս, որ մենք շատ բան չգիտենք սովորական թվացող ջրի մասին։

Ֆիլմը հենց սկզբից գրավում է մարդու ուշադրությունը ու գեղագիտական հաճույք է պատճառում՝ իր հարուստ կադրերով, հաճելի երաժշտությամբ ու ասելիքը կադրից դուրս պատմողի հանգիստ ձայնով։ Սերգեյ Չոնիշվիլին շատ գեղեցիկ է կարդում տեքստը, ասես  հոգեբան է խոսում։ Նա կարողանում է հմտորեն փոխանցել տրամադրություն, ստիպել հաճույքով լսել, եւ մենք կլանված սպասում ենք, թե ինչ նոր բան պետք է ասի ծանոթ ջրի մասին։ Ու ֆիլմի ընթացքում մենք շարունակ զարմանում ենք, անակնկալի ենք գալիս, բացահայտում ենք ջուրը՝ իր կախարդական ու անհավատալի ունակություններով, ներքին կառուցվածքով, տարօրինակ հատկություններով, մոլեկուլների ու բյուրեղների գեղեցկությամբ։ Պարզում ենք, որ ջուրը կարողանում է լսել, հիշել, արձագանքել ու ազդվել մարդու խոսքից, երաժշտությունից կամ աղոթքից։ Այսինքն՝ մարդու հղած բացասական հույզերը, չարությունն ու ագրեսիան ջրի միջոցով կարող են վերադառնալ մարդուն: Եթե ուզում ենք, որ նման բան չլինի, պետք է դրական ազդակներ փոխանցենք ջրին, որ այդ դրականը կրկին մեզ վերադառնա:  Ֆիլմում ներկայացվող  փորձերը վստահեցնում են, որ այդ ամենը կարող է  ճշմարիտ լինել:

Սցենարի հեղինակները, մասնավորապես Միխայիլ Վայգերը կարողացել է նրբորեն համադրել փաստերը, պատմությունները, փորձերն ու մասնագետների կարծիքները։ Այս բոլորը սահուն ընթացքով զարգացնում են սյուժեն։ Տրամադրության ու թեմայի փոփոխությունը զգում ենք երաժշտության միջոցով. այն հանգիստ է կամ դրամատիկ ու լարված։

Իսկ վերջում, երբ դիտողն արդեն պատկերացրել, հասկացել ու ընկալել է ողջ տեղեկատվությունը, ֆիլմի ռեժիսոր Անաստասիա Պոպովան ֆիլմն ավարտում է աչք շոյող կադրերով՝ օվկիանոս, լողացող կենդանիներ, ալիքներ։ Դրանք համադրված են հանգիստ երաժշտությամբ, որը խաղաղություն է հաղորդում։ Տեքստը ամբողջացնում, ամփոփում ու մատուցում է այն կարեւորը, ինչի մասին պատմել էին մեզ՝ ջուրը մեր կյանքի մի մասն է, իսկ մենք այն մեր ներսում ունենալով, դառնում ենք ասես օվկիանոսի մի կաթիլը։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930