Արտակարգ դրությունն ու կառավարության՝ ինքնամեկուսանալու կոչերը շատերը լուրջ չէին ընդունում:
Աշխարհում համավարակ է, կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն անհավանական արագությամբ աճում են, բայց օրինակ Երեւանի շատ փողոցներում մարդիկ անվախ զբոսնում էին, տրանսպորտով երթեւեկում:


Լուսանկարներն արվել են մարտի 31-ին: Մետրոյի Բարեկամություն կայարանի ստորգետնյա անցումի կրպակներն ու խանութները չնայած փակ էին, բայց աստիճաններին հարակից մի երկու առեւտի կետ բաց էր:

Մի երկուսն էլ կանաչեղեն էին վաճառում, ստիպված էին տանից դուրս եկել, իրենք կառավարության սոցիալական աջակցության որեւէ ծրագրի չափանիշին չեն համապատասխանում:

Ծաղկավաճառն էլ ստիպված էր դուրս եկել գործի, իրենց ջերմոցի ծաղիկներն են վաճառում, գներն էլ են իջեցրել, գնորդ չկա, միայն պարտքերն են օր օրի ավելանում: Փողոցում շրջող ոստիկաններն էլ պարապությունից չէին ձանձրանում, երբ ուզում, կասկածում՝ մոտենում ձեւաթուղթն էին ստուգում:
Հյուրանոցի սպասասրահում հատուկ արտահագուստով մարդիկ սարսափ ֆիլմից տեսարան էին հիշեցնում:

Կարդացեք նաև
Փողոցներում երթեւեկությունը մարտի 31-ին լավ էլ ակտիվ էր, փողոցներում մարդիկ իրար շատ մոտ կանգնած զրուցում էին, ձեռքով բարեւում, մեկն էլ ֆլեյտա էր նվագում, այդպես է գումար աշխատում: Դրսում նույնիսկ շատ տարեցներ կային:

Բայց արդեն երեկվանից պարետի նոր ցուցումով խստացվել են տեղաշարժման սահմանափակումները, արգելվել է հանրային տրանսպորտի ու նույնիսկ մետրոպոլիտենի աշխատանքը:

Հիմա նույնիսկ ձեւաթղթով հեշտ չի լինի տանից դուրս գալն ու զբոսնելը: Բայց դե շատ բակերում, զրուցարաններում, կարելի է ասել՝ էլի «մարդաշատ է», հավաքվում՝ կորոնավիրուսն են քննարկում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2020


















































