Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզի հետ քույր դարձած Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար վիրաբուժական դիմակներ են ուղարկել։ Այն Շիրակի մարզ կհասնի 10 օրից։ Նշենք, որ Հայնանը կղզի նահանգ է, Չինաստանի միակ արեւադարձային նահանգն է։ Այն Չինաստանի հատուկ ու ամենամեծ տնտեսական գոտին է։
«Անցած տարվա դեկտեմբերին իմ՝ Չինաստանի Հայնան նահանգ կատարած պաշտոնական այցի շրջանակում համագործակցության հուշագիր կնքեցինք, այս ընթացքում նաև նամակագրական կապի մեջ էինք նահանգապետի հետ։
Պոտենցիալ համագործակցության շրջանակը, որը նշում էինք Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ՝ առևտրային տների ձևավորում, կարևոր բաղադրիչները սառեցվեցին՝ պարզ, հասկանալի պատճառով։
Մի պահ, երբ Չինաստանում վիճակը կայունացավ, էլի մեր շփումները շարունակեցինք, այս ընթացքում մենք աջակցող նամակ ստացանք մեր լավ գործընկերոջ՝ «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ի ներկայացուցիչների կողմից։ Այս հիմնադրամը միջանկյալ բանակցող կառույցն էր, օգնում էր մեզ այս հարաբերությունները ձևավորելու և զարգացնելու։
Կարդացեք նաև

Այս փուլում ոչ միայն կարևոր գույքային աջակցություն է, այլ նաև բարոյական իմաստով ենք մենք շատ կարևորում։
Այս ամենից հետո այն համագործակցությունը, այն լավ հիմքերը, որոնք կարող են դրվել Հայաստանի Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև, կապը պահպանվում է, կզարգացնենք, որովհետև իրապես զարգացման շատ լավ ոլորտներ, նախադրյալներ, տեմպեր ունենք, և պարզ է, որ այս վիրուսի անցումից հետո նոր տնտեսական իրականության մեջ մեզ ավելի շատ են պետք գալու, և մենք ավելի մեծ ջանքերով ենք դրանք ամրապնդելու»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից


















































