Aravot.am-ն ահազանգ է ստացել Մարալիկի բնակիչներից, որ չնայած իրենց քաղաքում արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսով վարակի դեպք՝ 68-ամյա տղամարդը մահացավ, կան մեկուսացածներ, անգամ Մարալիկի հիվանդանոցի բուժաշխատողներից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածներ կան, այդուհանդերձ Անի խոշորացված համայնքի համայնքապետ Արտակ Գևորգյանը համայնքում ախտահանման նորմալ աշխատանքներ չի իրականացնում։ Ըստ մեզ ահազանգողների, Արտակ Գևորգյանը լուսանկարներ է գցում, որ համայնքը ախտահանում է, մինչդեռ բազմաբնակարան շենքերի մուտքերում բացարձակապես աշխատանքներ չեն տարվում։ Ավելին, ահազանգողները կասկածներ ունեն, որ փողոցներում էլ քլոր չի լցվում ջրի հետ։

Մենք հայտնվել ենք ռիսկային գոտում, կորոնավիրուսից մահացած տղամարդը միգուցե խանութ մտած լինի կամ այլ տեղ, նրա հետ շփվածների շրջանակը կհաջողվի՞ հայտնաբերել, դա շատ մեծ հարցական է: Իհարկե, հնարավոր չէ այդ շրջանակը հայտնաբերել ամբողջությամբ, բայց և այնպես, կանխարգելիչ գործողություններ պարտավոր են անել։ Մարալիկի հիվանդանոցի բուժաշխատողներից էլ կան մարդիկ, որոնց ինֆեկցիոն են տարել, մեկուսացրել են․․․

Կարդացեք նաև

«Վարորդին ասացի՝ ավտոն գցել եք ձեր դիմաց, հետևից գնում եք, ինչո՞ւ շենքերի շքամուտքերը չեք ախտահանում, պուլվերիզատորի կողքը նկարվում են, իբր գործ են անում։ Կան շենքեր, որտեղից կան մեկուսացածներ, կան նաև կասկածելի մարդիկ, որոնց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տարել, թեստավորել են, բա չախտահանե՞ք։ Համայնքապետը իր փիառով է զբաղվում, աչք է խաբում։ Բնակիչներն իրենց միջոցներով ժավելով ախտահանում են շենքերի մուտքերը։ ԱԻՆ-ի աշխատակիցներն են ախտահանել, առաջին անգամ տեսել եմ, որ հենց ԱԻՆ-ի աշխատակիցներն են անում, բայց դա վերագրել համայնքապետին չի կարելի։
Առաջարկել եմ ներարկման սարք գնեն, մենք որպես կամավոր ինքներս կանենք։ Փիառ, փիառ, գոնե օգուտ տան գործին։ Հորդորում եմ դուրս գալ քաղաքական խամաճիկությունից, թիմ- թիմ խաղալու ժամանակ չէ, իրականում քաղաքն ունի ախտահանման կարիք, թող բարի լինեն պատշաճ իրականացնելու։

Համայնքապետ Արտակ Գևորգյանը սակայն վստահեցնում է, աշխատանքները նորմալ կատարում են՝ լուսանկարներ ու տեսանյութեր ցույց տալով։ Լուսանկարներ տեղադրվել են նաև Անիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Վաղն էլ կախտահանենք Սառնաղբյուրը, Ձորակապը, Քարաբերդը։ Անի համայնքը միայն Մարալիկը չէ, ի տարբերություն որոշ տեսակների, որոնք չեն հասկանում, Մարալիկի քաղաքապետարան հասկացությունը վաղուց գոյություն չունի»,-ասաց Արտակ Գևորգյանը։
Նա նաև հավաստիացրեց, որ ախտահանել են նաև կորոնավիրուսից մահացած մարդու շենքի մուտքերը։ Արտակ Գևորգյանը նշեց, որ ախտահանում չեն իրականացրել միայն թաց եղանակներին՝ ձյան ու անձրևի ժամանակ, թեև երեկ՝ անձրևային եղանակին, տեսնելով բնակիչների մոտ առկա խուճապը՝ ախտահանել են փողոցները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Անի համայնքապետարանի


















































